HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Վերաբնակեցումը համայն հայության խնդիրն է

Հարցազրույց ԼՂՀ կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչության պետ Սերժ Ամիրխանյանի հետ

- ԼՂՀ կառավարության կողմից հաստատված վերաբնակեցման ծրագիր կա՞: Եթե այո, ապա ինչպե՞ս կարող ենք ծանոթանալ դրան: Այս տարվա ընթացքում որ շրջաններում վերաբնակեցման ինչպիսի աշխատանքներ են կատարվել եւ կատարվելու:

- ԼՂՀ-ում Ադրբեջանի սանձազերծած պատերազի հետեւանքով փախստականների վերաբնակեցումը ԼՂՀ տարածքում սկսվել է 1992 թվականից` Շուշիի ազատագրումից անմիջապես հետո: Վերաբնակեցման բնագավառը ԼՂՀ կառավարության կողմից կարգավորվել է կառավարության` մեկ տասնյակի հասնող որոշումներով եւ նորմատիվ ակտերով:

ԼՂՀ կառավարությունը 2001 թվականին մշակել եւ հաստատել է վերաբնակեցման ռազմավարության հիմունքները եւ 10-ամյա ծրագիր, որտեղ հստակեցվում են վերաբնակեցման նպատակները եւ աշխարհագրական դիրքերը: Վերաբնակեցման 10-ամյա ծրագիրը նպատակ ուներ 2001-2010 թվականների ընթացքում հայրենիք վերադարձնել շուրջ 36 հազար փախստական հայորդիներին: Ծրագրով պիտի կառուցվեր 10 հազար բնակարան, 200 դպրոց, բուժհիմնարկներ, ջրագծեր, ճանապարհներ եւ այլն, որի տնտեսական բյուջեն կազմում էր շուրջ 120 մլն ԱՄՆ դոլար:

Այս ծրագիրը հովանավորելու համար առաջարկվեց ամենքին` Հայաստան, սփյուռք եւ այլն, որովհետեւ փախստականներին բնակարանով ապահովելու եւ վերաբնակեցման հարցերը համայն հայության հարցն են:

Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հնարավորության սահմաններում իրականացրել եւ իրականացնում են այդ ծրագիրը` վերջին տարիներին տարեկան 1.75 մլդ դրամ հատկացնելով վերաբնակեցման աշխատանքներին, այդ թվում 750 մլն դրամ միայն Քաշաթաղին: Վերաբնակեցման 10-ամյա ռազմավարական ծրագրին կարող եք ծանոթանալ վարչության գրասենյակում: 2007 թվականի ծրագիրն իր բնույթով եւ տարողությամբ նման է 2006 թվականի ծրագրին, փորձ է կատարվում տարեկան մեկ-երկու ավերված նոր բնակավայր սկսել եւ շարունակել հզորացնել ցանկում եղած 40-ից ավելի բնակավայրերը` (բացի Քաշաթաղի շրջանից) տարեկան կառուցելով 3-5 բնակարան:

- Լրատվամիջոցներին ներկայացված հաշվետվության մեջ Քաշաթաղի շրջանը ներառված չէր: Դա նշանակու՞մ է, որ 2006 թ. այդ շրջանում վերաբնակեցման ծրագրեր չեն իրականացվել:

- Քաշաթաղի շրջանի կապիտալ եւ բնակարանային շինարարությունն իրականացնում են ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունը եւ շրջանի վարչակազմը: 2006 թվականին Քաշաթաղի շրջանի կապիտալ շինարարության եւ կապիտալ նորոգությունների բյուջեն կազմել է 723.5 մլն դրամ, իսկ վերաբնակիչների սոցիալական վճարները 36.1 մլն դրամի չափով իրականացրել է ԼՂՀ կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչությունը:

- Ձեր հաշվետվության մեջ նշված բնակարանների վերանորոգումը, տների կառուցումն ամբողջությամբ կատարվել են ԼՂՀ բյուջե՞ի միջոցներով, թե բարեգործական կազմակերպությունների: Եթե այլ կազմակերպությունների միջոցներով են եղել, խնդրում եմ նշել դրանց անունները :

- Հաշվետվության մեջ նշված բնակարանների կառուցումը եւ վերանորոգումը կատարվել է միայն պետական բյուջեի միջոցների հաշվին:

- Խնդրում եմ տեղեկացնել, թե քանի տուն է կառուցվել 2005-ին եւ որ բնակավայրերում:

- 2005 թվականին կառուցվել է 142 բնակարան բոլոր շրջաններում, Քաշաթաղը աշխատել է առանձին, ուստի վարչությունը չունի այդ տվյալները:

- Ըստ Ձեր հաշվետվության` 2006 թ. ՀՀ-ից եւ այլ երկրներից ԼՂՀ-ում վերաբնակեցվել է 241 ընտանիք: Այդ նույն ժամանակահատվածում կառուցվել է 105 եւ վերանորոգվել` 38 բնակարան, ընդհանուր առմամբ` 143 բնակարան: Որտե՞ղ են ապրում մնացած 98 ընտանիքները:

- Ձեր հաշվարկում նկատի չեք առել 24 պատրաստի տների գնման պարագան: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր բնակավայրերում կարելի է վերաբնակվել եւ ստանալ որոշակի արտոնություններ, ճանապարհածախս, գույքի տեղափոխում, միանվագ օգնություն եւ այլն, սակայն բնակարան, վարելահող եւ արտոնյալ վարկ տրամադրվում է միայն այն բնակավայրերի վերաբնակիչներին, որոնց ցանկը հաստատել է կառավարությունը: 74 ընտանիքներ վերադարձել եւ բնակվել են իրենց պապենական բնակարաններում, 2005 թվականին կառուցված եւ չբնակեցված բնակարաններում կամ բնակարանի հարցը լուծել են յուրովի:

- Վերաբնակների ինտեգրման համար կա՞ն մշակված ծրագրեր, որքա՞ն անասնավարկ է տրվում, կամ այլ վարկեր տրամադրվու՞մ են: Ի՞նչ արտոնություններ են նախատեսված վերաբնակների համար:

- Վերաբնակիչներին տրամադրվող արտոնությունների եւ ԼՂՀ-ում ինտեգրման հարցերը կարգավորվում են 2003 թվականի ապրիլի 15-ի «ԼՂՀ տարածքում վերաբնակվող ընտանիքներին տրամադրվող արտոնությունների մասին» ԼՂՀ կառավարության 121 որոշումով:

- Վերաբնակները բողոքում են տների որակից, ինչու՞ են կառուցվող տներն այդքան անորակ: Որքա՞ն է արժենում մեկ նորակառույց տունը կառավարության համար:

- Մեր միջոցով կառուցված եւ վերանորոգված բնակարանները փորձում ենք բողոքարկելու առիթ չունենան, շինարարության ընթացքի եւ որակի նկատմամբ վերահսկողություն են իրականացնում քաղաքաշինության նախարարության եւ ինքնակառավարման մարմինների ամբողջ համակարգը, եւ ավարտված շինարարությունների ավարտական ակտերը հաստատվում են հանձնաժողովի կողմից, որտեղ ընդգրկված են շրջանի ճարտարապետը, գյուղապետը եւ այլն, մեկ տարվա ընթացքում բացահայտված թերությունները սրբագրվում են շինարարի կողմից: Կիսակառույց բնակարանների նորոգությունների գինը կազմում է 3-ից 6, իսկ նորակառույցները` 7-10մլն դրամ (տես` տների լուսանկարները):

- Շահումյանի շրջանի վերաբերյալ ի՞նչ քաղաքականություն կա: Այս եւ հաջորդ տարվա համար ի՞նչ աշխատանքներ են նախատեսված:

- Շահումյանցիները եւ Հյուսիսային Արցախի բռնի տեղահանվածները բնակվում են Նոր Շահումյանի շրջանում, մշակում եւ շենացնում են իրենց հայրենիքը, կառավարությունը օժանդակում է նրանց, որպեսզի հաստատվեն հայրենի հողում: Քաղաքականությունը նույնն է: 2007-ին Նոր Շահումյանի շրջանում կկառուցվի 37 բնակարան:

- Ձեր հաշվետվության համաձայն` Հադրութի շրջանում որեւէ բան չի արվել, ինչու՞ այդ շրջանում աշխատանք չի տարվում, դա հատու՞կ քաղաքականություն է:

- 2006 թվականին Հադրութ քաղաքում կառուցվել է 2, եւ Ազոխ գյուղում` մեկ բնակելի տուն փախստականների համար: Հադրութում վերաբնակեցման գործին օժանդակում են բարեգործական կազմակերպություններ Թուֆենկյան հիմնադրամը, որն Առաջամուղ գյուղում կառուցել եւ ավարտին է հասցրել 6 բնակարան, Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը Բարեշեն գյուղում` 3 բնակարան, æրակն գյուղում` 10 կիսակառույց բնակարան, եւ «Երկիր» հասարակական կազմակերպությունը Իջեւանատուն բնակավայրում` 7 կիսակառույց տներ եւ կիսակառույց դպրոց, որոնք պիտի ավարտին հասցնեն 2007-2008 թվականներին: Ընդամենը` Հադրութի շրջանում 12 ավարտած եւ 17 կիսակառույց բնակարաններ: Այլ հասարակական եւ բարեգործական կազմակերպություն Արցախում բնակարանաշինությամբ չի զբաղվում:

- Քաշաթաղի շրջանում քանի՞ գյուղ կա այսօր, որտեղ էլեկտրաէներգիա չկա, եւ ե՞րբ է նախատեսվում դրանք էլեկտրաֆիկացնել: Այս տարվա ընթացքում որեւէ գյուղ էլեկտրաֆիկացվելու՞ է: Կա՞ն, արդյոք, հաշվարկներ, թե Քաշաթաղի շրջանի գյուղերն էլեկտրաֆիկացնելու համար որքան գումար է անհրաժեշտ: Մենք ունենք փաստեր, թե ինչպես է Քաշաթաղի վարչակազմի նախկին ղեկավարը յուրացրել շրջանին հատկացված բյուջետային գումարները:

- Քաշաթաղի շրջանը 1994-2006 թվականներին բոլոր առումներով աշխատել է առանձին: ԼՂՀ ԿԱ միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչությունը չի ծրագրել եւ չի իրականացրել այն քաղաքականությունը, որը տարածված է մյուս շրջաններում:

Այլ հարցերի մասին, եթե ունեք ապացույցներ, Ձեր լրագրողական եւ քաղաքացիական պարտքն է, որպեսզի դրանք ներկայացնեք գլխավոր դատախազություն եւ ստանաք համոզիչ պատասխաններ:

- Քաշաթաղի եւ Շահումյանի շրջաններում տարբեր կազմակերպություններ իրականացնում են զանազան ծրագրեր: Ինչպե՞ս եք կոորդինացնում այդ ծրագրերը, ԼՂՀ կառավարության ո՞ր օղակն է համակարգում այդ աշխատանքները:

- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Բարեգործության մասին» օրենքը չի թույլատրում միջամտել բարեգործ անհատների եւ կազմակերպությունների գործունեությանը:

Մենք ընդամենը քաջալերում ենք, որ իրենք նախօրոք պայմանավորվածություն ձեռք բերեն կառավարության համապատասխան կառույցների հետ, օգտվեն կառավարության արտաբյուջետային հնարավորություններից, ազատվեն ավելացված արժեքի հարկից եւ ապահովելն իրենց գործունեության թափանցիկությունը, որոշ կազմակերպությունների հետ մեր գործակցությունը սերտ է եւ համադրված, որոշները գործում են ինքնուրույն, առանց տեղեկացնելու, համաձայնեցնելու եւ հաշվետվության:

- Քաշաթաղի շրջանում այս տարվա սկզբին վերականգնվել են մի շարք արտոնություններ: Փաստ է, որ այդ արտոնությունները վերացվել էին: Ինչու՞ եւ ու՞մ հրահանգով էին վերացվել նախկինում գործող արտոնությունները:

- Վերը նշված հարցերում, արդեն բացատրեցի, որ Քաշաթաղը 1994-2006 թվականներին աշխատել է իֆքնուրույն, եւ վերաբնակիչներն օգտվել են շատ արտոնություններից, ինչից երբեք չի օգտվել վերաբնակեցման ոչ մի բնակավայր, ինչպիսին է Շահումյանը եւ այլ ծայրամասային ու բարձր գոտում գտնվող բազմաթիվ բնակավայրեր:

Դրանք եղել են աշխատավարձի երկու կատարողական, հոսանքի անսահմանափակ ձրիություն եւ այլն: Արտոնությունները պետք են, ինչքան շատ, այդքան լավ, բայց երբ ծախսային մասով գերազանցում ես քո բյուջեն եւ հնարավորություն չես ունենում լրացնել այն, պարտավոր ես գնալ կրճատումների: Այսպես` 2004 թվականի դրությամբ Քաշաթաղի շրջանի վարչակազմի` Հայէներգոյին կուտակած պարտքերը լսելով կազմում էին 350 մլն դրամ եւ այլն:

Կամ` արտոնությունները վերաբնակիչներին տրվում են 10 տարվա համար, այդպիսի արտոնություններից պիտի օգտվեն միայն նորեկները: Նման արտոնություններից պիտի օգտվեն ոչ միայն Քաշաթաղի, այլ բոլոր վերաբնակիչները: Այսօր արտոնությունների աղյուսակը համալրվում է այդ սկզբունքով` պահպանելով արդարության սկզբունքը:

- Ինչու՞ ԼՂՀ կառավարությունն այսքան տարիներ վերաբնակեցումը չի համարել առաջնային խնդիր եւ միայն վերջերս է սկսել խոսել դրա կարեւորության մասին:

- Վերաբնակեցումը ԼՂՀ կառավարության համար միշտ էլ եղել է սահմանների անձեռնմխելիության եւ պաշտպանունակության հզորացման ամենից առանցքային հարցերից: Այս ասպարեզում շատերն են խոսում, իսկ կառավարությունն իրականացնում է այն:

1988-1992 թվականներին Արցախի ժողովրդի ազգային ազատագրական-ինքնորոշման շարժման եւ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում անկախության զոհասեղանին նվիրեցինք ավելի քան 7 հազար երիտասարդների կյանք, ունենք շուրջ յոթ հարյուր հազար փախստականներ, որոնք ապրում են Հայաստանում, ԱՊՀ եւ այլ երկրներում, այդ հայորդիներին հայրենիք վերադարձնելու, տուն-տեղ-աշխատանքով ապահովելու եւ հայրենիքը շենացնելու ու հզորացնելու պարտականությունը ամեն մի հայի պարտքն է հայրենիքի նկատմամբ:

Մենք ակնկալում ենք համահայկական կամք եւ աջակցություն, ամեն մեկը` իր կարողացածի չափ: ԼՂՀ ԿԱ միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչությունը պատրաստ է տեղեկություններ տրամադրել եւ աջակցել ինչպես վերաբնակիչներին, այնպես էլ նրանց, ովքեր պատրաստ են իրենց մասնակցությունը բերել այս գործին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter