HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Չեչենական «Գրոզնի Ավիան» հրաժարվել է Երեւան թռչելուց

Չեչենական «Գրոզնի Ավիա» ավիաընկերությունը հրաժարվել է դեպի Երեւան կատարվելիք միջազգային չվերթներից:

Հիշեցնենք, որ ընկերությունը 2014-ի նոյեմբերից սկսեց թռիչքներ իրականացնել Կազանի ու Երեւանի, ինչպես նաեւ Անապայի ու Երեւանի միջեւ: Մեծ աղմուկի տեղիք էր տվել այն, որ Ղրիմի տրանսպորտի նախարարը հայտարարել էր, թե Երեւան-Սիմֆերոպոլ ուղիղ չվերթներ են լինելու: Ուկրաինայից անջատված Ղրիմի մայրաքաղաք ուղիղ չվերթներ կազմակերպելը Հայաստանին ոչ մի լավ բան չէր խոստանում (Եվրակոնտրոլը, որի անդամ է նաեւ Հայաստանը, Ղրիմի հայտնի իրադարձություններից հետո տեխնիկական պատճառներով փակ էր հայտարարել Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանը): «Հետքի» աղբյուրը նույնիսկ հայտնել էր, որ ամերիկացիները սպառնացել են այդ դեպքում պատժամիջոցներ կիրառել ՀՀ-ի դեմ: Արագորեն լուծում գտնվեց. Երեւանից դեպի հայաշատ Ղրիմ թռիչքները «Գրոզնի Ավիան» կազմակերպեց Անապայի միջոցով: Այսինքն՝ միջազգային էր համարվում միայն Երեւան-Անապա չվերթը, իսկ Անապա-Սիմֆերոպոլ հատվածն արդեն ռուսական կողմի ամբողջական պատասխանատվության ներքո էր իբրեւ ներքին չվերթ:

Չեչենական ավիաընկերությունն իր թռիչքները կազմակերպում էր այսպես՝ Անապա-Երեւան-Կազան-Երեւան-Անապա: Սակայն հիմա խոսքն այս ուղղությունների մասին չէ:  

Իր պաշտոնական կայքում «Գրոզնի Ավիան» դեռ անցյալ տարի հայտարարել էր, որ 2016-ի մարտի 17-ից մեկնարկելու են Վորոնեժ-Երեւան եւ Կուրսկ-Երեւան չվերթները: Չվացուցակն այսպիսին էր՝ Վորոնեժ-Երեւան-Կուրսկ-Երեւան-Վորոնեժ: Թռիչքները նախատեսված էր շարունակել մինչեւ հոկտեմբերի 28-ը՝ ամառային աերոնավիգացիոն սեզոնի ավարտը: Սակայն բանից պարզվում է՝ ապրիլի 14-ին «Գրոզնի Ավիան» դիմել է պատկան մարմնին՝ «Ռոսավիացիային», որն էլ այսօր՝ ապրիլի 19-ին, փոփոխություն է մտցրել ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականի մեջ՝ սահմանափակելով նրա կողմից միջազգային չվերթների իրականացումը: Հատկանշական է, որ ընկերության միակ միջազգային ուղղությունը հենց Երեւանն էր:

Թե որն է չեչենական ընկերության այս քայլի պատճառը, առայժմ դժվար է ասել:     

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter