HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տղաները հեռանում են, իսկ աղջիկները մնում են տանը

Իջեւանի շրջանի Ռեւազլու գյուղը ժամանակին վերանվանել են Դիտավան՝ նկատի ունենալով բարձրադիր դիրքը։

Այստեղից երեւում են հարակից բոլոր բնակավայրերը։ Շատ պարզ երեւում է նաեւ հայ-ադրբեջանական սահմանը, որտեղից պատերազմի տարիներին պարբերաբար հրետակոծվել է գյուղը։

Դիտավանը մեկն է սահմանամերձ այն գյուղերից, որոնք ներառված են գյուղական աղքատության հաղթահարման ծրագրում։ Երբեմնի հարուստ ու շեն գյուղն այսօր ծայրահեղ աղքատության մեջ է։ Պատճառները տարբեր են։ 60-70-ական թվականներին Դիտավանի հողատարածքները վերցրել են եւ դրանց վրա կառուցել արտադրական ձեռնարկություններ։

«Էն վախտը ի՞նչ գիտեինք, մտածում էինք` լավ ա,- ասում են դիտավանցիները։- Գնում էինք էդ գործարաններում աշխատում, ռոճիկ ստանում, ապրում էինք»։

Դիտավանի գյուղապետ Սեյրան Սարգսյանը հաստատում է նրանց ասածը. «Մեզ մոտ արտադրությունից ու հողի մշակումից ստացված եկամուտները միշտ լրացրել են իրար»։

Անկախությունից հետո ձեռնարկությունները փակվել են, իսկ բնակիչներին բաժանել են գյուղին մնացած հողատարածքները։ Գյուղացին դարձել է իր հողի տերը, բայց այն մշակելու եւ ստացվելիք եկամտով ապրելու փոխարեն ստիպված է եղել հեռանալ։ Այդպիսով բնակչությունը պակասել է՝ 600-ից դառնալով 400։

«Երիտասարդությունը հիմնականում դուս ա գալի, գնում ա, կեսը հետ են գալիս, կեսն էլ մնում են ընդեղ։ Կամ գալիս են ընտանիքները վերցնում, ընտանիքով են գնում»,- ասում է գյուղապետ Սեյրան Սարգսյանը՝ արտագաղթը պատճառաբանելով գործազրկությամբ։ «Հիմնականն աշխատանքի տեղ չլինելու պատճառով են գնում»։

Գյուղապետի ասած «աշխատանքի տեղը» տարողունակ է։ Նա նկատի ունի եւ՛ չաշխատող գործարանները, եւ՛ գյուղատնտեսության անարդյունավետությունը, եւ՛ շուկայի հեռավորությունը։ «Մարդիկ միջոց չունեն, որ նորմալ մշակեն հողը, որպեսզի բերք ստանան։ Պետք ա երկու-երեք անգամ վարես, կուլտիվացիա անես, նոր ցանես։ Մի անգամ վարում են, ցանում են։ Իրանց ծախսածն ու ստացածը համարյա հավասար ա ըլնում։ Եկամուտ չեն ստանում»,- ասում է Սեյրան Սարգսյանը։

Գյուղացիները հողագործության մեջ ներդնելու միջոցներ չունեն, բայց ունենալու դեպքում էլ դժվար թե լավ արդյունք ստանային, քանի որ եղած տեխնիկան շատ հին է։ «30-40 տարեկան տրակտորներ են, որոնց վարն արդյունավետ չի։ Նորմալ վար չեն անում»,- ավելացնում է գյուղապետը։ Ըստ նրա` մարդիկ իմանալով, որ արդյունք չեն ստանալու, այնուամենայնիվ, վարում ու ցանում են, որովհետեւ ափսոսում են հողը։

Դիտավանում «ապրանք-փող» շրջանառություն չի կատարվում։ Եղած բերք ու բարիքը փոխանակում են մարզկենտրոնից կամ մոտակա քաղաքներից բերած ապրանքի հետ։ «Մարդկանց ձեռը փող չի ընկնում, որ կարենան իրենց խնդիրները լուծեն։ Չեն կարում երեխեքին սովորելու տան, կյանքից հետ են մնում»,- ասում է գյուղապետն ու մեզ ուղեկցում Դիտավանի բնակիչ Սերգո Գրիգորյանի տուն։ Ինչու՞ է ծանոթացնում հատկապես այս մարդու հետ, որովհետեւ նրա տղան եւ երկու աղջիկները բարձրագույն կրթություն են ստացել, ինչի պատճառով Սերգոն ստիպված է եղել վաճառել իր 1.5 հեկտար բերքատու այգին։

«Հիմա էն տեսակ ժամանակներ են, որ չունեւորի երեխաները կրթություն չպիտի ստանան,- ասում է Սերգո Գրիգորյանը։- Բայց որ ընդունակ են, սովորող են ու ձգտում ունեն, ո՞նց չստանան»։

Սերգոյի կարծիքով` միայն հողագործությամբ հնարավոր չէ ապրել։ Պետք է մտածել արտադրություն ստեղծելու մասին։ «Մեր գյուղում, օրինակ, հատապտուղը՝ հոնն ու մոշը, շատ է, վերամշակման մի փոքրիկ արտադրամաս որ սարքեն, համ մարդիկ կաշխատեն, համ էլ գյուղացին ջրի գնով իր ապրանքը չի տա վերավաճառողներին»։

Շուկայից հեռու լինելու պատճառով, օրինակ, մեկ կիլոգրամ հոնը տեղում վաճառում են հիսուն դրամով, իսկ քաղաքում վաճառվում է 150-200 դրամով։ Սերգո Գրիգորյանն ասում է, որ նույն պատճառով եկամուտ չէր ստանում մեկուկես հեկտար բերքատու այգուց։ «Արքայախնձորը ես ծախել եմ վաթսուն դրամով ընդամենը, որովհետեւ Սադախլոյից բերում էին շատ էժան, մեր ապրանքը մնում էր»։

Սերգո Գրիգորյանը գյուղից հեռացողներին չի մեղադրում. «Որ մնան, ի՞նչ պիտի անեն, ինչո՞վ պիտի զբաղվեն, ո՞նց պիտի ընտանիք կազմեն ու պահեն իրենց ընտանիքը»։ Նրա տղան էլ շատերի նման գնացել է Ռուսաստան՝ բախտ որոնելու։

«Գյուղը ծերանում ա։ Պայմաններ ա պետքը, որ երիտասարդը մնա գյուղում։ Չենք կարում ամուսնացնենք տղաներին։ Աղջիկները տանն են մնում,- ասում է Սերգո Գրիգորյանն ու, 360 աստիճան շրջվելով, ձեռքով ցույց տալիս հարեւան տները։- Իմ տանը ներկա պահին դպրոցական երեխա չկա, ա՛յ, էս հարեւան տներում էլ չկա, վաղը մյուս օրը դպրոցը կփակվի ու վերջ»։

Ժամանակին Դիտավանի դպրոցը 150-160 աշակերտ է ունեցել։ Հիմա միհարկանի նեղլիկ շենքում եւ դրա բակում տեղադրված տնակներում սովորում է 50-60 երեխա, իսկ նրանց հերթափոխը մոտ երեք անգամ պակաս է։ Դիտավանում մինչեւ վեց տարեկան 17 երեխա կա։

Զրուցակիցներս լսել են գյուղական աղքատության հաղթահարման ծրագրի մասին, բայց դեռ լավ տեղյակ չեն մանրամասներին։ «Չգիտեմ` ի՞նչ են անելու, բայց որ գյուղացուն աշխատելու հնարավորություն տան, ամեն ինչ տեղն ա ընկնելու»,- ասում է Սերգո Գրիգորյանն ու թվարկում այդ հնարավորության բաղադրիչները՝ ոռոգման ջուր, ճանապարհներ եւ գյուղատնտեսական տեխնիկա։ «Էս ամեն ինչը որ ըլնի, ես իմ տղուն հետ եմ կանչելու, ի՞նչ ա կորցրել ռուսաստաններում»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter