Ոսկեգործություն և ադամանդագործություն. սպասվող աճի և ներկա վիճակի մասին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն օրեր առաջ «Մերիդիան» ազատ տնտեսական գոտի այցելության ժամանակ հայտարարեց, որ այս տարի Հայաստանի ոսկեգործության և ադամանդագործության ոլորտում սպասվում է առնվազն 30% աճ։ Նշված ազատ տնտեսական գոտում տարվա ավարտին ակնկալվում է ապահովել 300 աշխատատեղ:
Ըստ նախարարի՝ ոսկեգործությունն ու ադամանդագործությունը Հայաստանի տնտեսության կարևոր ոլորտներից է , որի ներուժը հարկավոր է ճիշտ օգտագործել։ Ա. Մինասյանի խոսքով՝ աճն ապահովելու կարևոր քայլերից են ոլորտում գնային արդյունավետ քաղաքականության հաստատումը, որն ավելի մրցունակ կդարձնի հայկական ապրանքը միջազգային շուկայում, մասնագիտական կազմի համալրումները և բորսայի ստեղծումը։
Փորձենք հասկանալ, թե ինչ ունենք այս պահին։ Որքա՞ն ոսկերչական իրեր ու ադամանդ է արտադրվում, և ո՞ր երկրների հետ է աշխատում Հայաստանը։ Ըստ այդմ էլ, պարզ կլինի՝ 30%-ը մե՞ծ ցուցանիշ է ոլորտի համար, թե՞ ոչ։
2015-ին աճել են և ոսկերչական իրերի արտադրության ծավալները, և՝ ադամանդի մշակման
Հայաստանը խորհրդային ժամանակաշրջանում համարվել է ադամանդի վերամշակման կենտրոններից մեկը: Երկրի ադամանդագործության զարգացման գագաթնակետը 2002-2003թթ. են, որը հիմնականում պայմանավորված էր «Շողակն» ընկերության գործարկմամբ: 2003 թվականին մշակվել է ավելի քան 120 մլրդ դրամի հումք: Գործել է ադամանդի մշակման մինչև 25 ընկերություն՝ մոտ 4 հազար աշխատողների թվով:
2000-ականներին գրանցված «բումը» ցույց տվեց, որ այս ոլորտում Հայաստանի ներուժը մեծ է։ Իսկ այսօր այդ ներուժի փոքր մասն է միայն օգտագործվում։ Փաստացի, «բումի» տարիների համեմատ այսօրվա արտադրության ծավալները մոտ 10 անգամ փոքր են։ 2015 թվականին Հայաստանում ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը, համադրելի գներով, կազմել է մոտ 18 մլրդ դրամ (990,1 կգ), իսկ ադամանդի մշակմանը՝ 14,2 մլրդ դրամ (81,346 հազ. կարատ)։
Ինչպես վկայում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները (ՀՀ ԱՎԾ), մեկ տարում ոսկերչական իրերի արտադրությունը գրանցել է 61% աճ, իսկ ադամանդի արտադրության ծավալներն ավելի քան կրկնակի աճել են։ Եթե զուտ ֆիզիկական ծավալներով ենք համեմատում, ապա՝ ոսկերչական իրերի արտադրությունը պակասել է 246,5 կգ-ով, իսկ ադամանդինը՝ 21,634 հազ. կարատով ավելացել։ Թեև գրանցված 61% և կրկնակի աճը առաջին հայացքից տպավորիչ է թվում, սակայն պետք է նկատի ունենալ, որ խոսքը փոքր ծավալի բազաների մասին է։ Հետևաբար, գումարային տեսանկյունից աճն այդքան մեծ չէ։
Սրանք պաշտոնական ցուցանիշներն են։ Բայց Հայաստանի ոսկերգործության ոլորտում առկա է նաև ստվերային գործունեություն։ Այսինքն՝ արտադրության ծավալների ցուցանիշներն իրականում ավելի մեծ են։ Թե որքանով՝ պարզ չէ։
Վերջին հինգ տարում Հայաստանում ադամանդի վերամշակման և ոսկերչական իրերի արտադրության ամենաբարձր ծավալները գրանցվել են 2013-ին։ Ներկայիս ցուցանիշներն, ի դեպ, ավելի բարձր են, քան նախաճգնաժամային տարիներին էին։ Օրինակ՝ 2007 թվականին ոսկերչական իրերի արտադրությունը կազմել է մոտ 10 մլրդ դրամ, հաջորդ տարին՝ 14 մլրդ դրամ։
Տվյալները՝ ՀՀ ԱՎԾ-ի
Թե ադամանդի վերամշակման, և թե ոսկերչական իրերի արտադրության այսօրվա ծավալների համար 30% աճը մեծ թիվ չի կազմի, բայց եթե այն շարունակական լինի, ոլորտում լուրջ տեղաշարժեր կգրանցվեն։ Ի՞նչ կարվի խոստացված աճն ապահովելու համար և ի՞նչ արդյունք կստացվի, հայտնի կլինի տարվա վերջում։
Ադամանդի վերամշակմամբ, 2015 թվականի տարեվերջյան տվյալներով, Հայաստանում զբաղվում է 9 ընկերություն, որտեղ աշխատում է 400 մարդ, իսկ ոսկերչական իրերի արտադրությամբ՝ 38 ընկերություն, 765 աշխատակից: Ենթադրվում է, որ եթե ոլորտում աճ գրանցվի, կավելանա նաև աշխատատեղերի քանակը։
Ինչպես տնտեսության մնացած ոլորտների, այնպես էլ՝ ադամանդագործության և ոսկեգործության վրա մեծ ազդեցություն են ունենում արտաքին շուկաների գործոնները և գլոբալ միտումները, երկրում գնողունակության և աղքատության մակարդակը, արտարժույթային տատանումները և այլն։ Ոլորտում առկա հիմնական խնդիրներից են օտարերկրյա ներդրումների պակասը, ստվերը, արտահանման աշխարհագրության սահմանափակ լինելը։ Ներդրումների աճը կնպաստի արտահանման աճին։ Ոլորտում զարգացման համար կարևոր նախադրյալներ են հարուստ փորձը, միջազգային շուկայում որոշակի ճանաչումը, որակյալ մասնագետների առկայությունը՝ չնայած, որ նրանց թիվը մեծ չէ, և այլն։
Ոսկերչական իրերի և ադամանդի արտահանումը դասվում են Հայաստանից արտահանված առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների շարքում։
Որ երկրների հետ է աշխատում Հայաստանը
Ըստ ՀՀ մաքսային ծառայության՝ 2015-ին Հայաստանից արտահանվել է 95,5 հազ. կարատ ադամանդ, որի մաքսային արժեքը կազմել է 67,4 մլն դոլար։ Մեկ տարում ադամանդի արտահանման մաքսային արժեքը 42,8%-ով նվազել է։ Հայաստանը նաև մեծ քանակի ադամանդ է ներմուծում։ Աշխատում է հետևյալ սկզբունքով՝ներմուծում է էժան հումք (ալմաստ), որի մի մասը վերամշակում է և ավելի թանկ արտահանում, մյուս մասը` սպառում տեղական շուկայում: Երբեմն ներմուծվում է արդեն վերամշակված և թանկարժեք ադամանդ, որը ևս հիմնականում սպառվում է տեղական շուկայում: Օրինակ՝ նախորդ տարի ներմուծվել է 242 հազ. կարատ ադամանդ, որի մաքսային արժեքը կազմել է 87,2 մլն դոլար։ Ի՞նչ է ստացվում։ Ներմուծված հազար կարատ ադամանդի գինը կազմել է 360 հազ. դոլար, իսկ արդեն մշակված և արտահանված ադամանդի հազար կարատը՝ 675 հազ. դոլար։ Այսինքն՝ արտահանվում է մոտ երկու անգամ ավելի թանկ գնով, քան ներմուծվում է։ Ի դեպ, նվազել են նաև ներմուծման ծավալները։ Մասնավորապես, ֆիզիկական ծավալները՝ 41,2%-ով։ Քանի որ ադամանդի մշակման հայկական շուկան հիմնականում աշխատում է դրսից ստացվող պատվերների հիման վրա, իսկ ներմուծումն ու արտահանումը կրճատվել են, ենթադրվում է, որ այդ պատվերները պակասել են։
Տվյալները՝ ՀՀ մաքսային ծառայության
Հայաստանն ադամանդ է ներմուծում մեծամասամբ Բելգիայից (նախորդ տարվա մաքսային արժեքի ընդհանուր ցուցանիշում կշիռը՝ 35%) և ԱՄԷ-ից (28%), ինչպես նաև ՝ Հնդկաստանից, Շվեյցարիայից ու Ռուսաստանից։ 2014-ին մեծ քանակությամբ ներմուծվել է նաև Թաիլանդից: Իսկ արդեն մշակված ադամանդն արտահանվում է հիմնականում Բելգիա (46,1%), Կանադա (15%), Շվեյցարիա (11,6%), Ռուսաստան (8,3%) և ԱՄՆ (7,9%)։ Ոչ մեծ քանակությամբ էլ՝ Իսրայել, ԱՄԷ, Բելառուս և այլն։ Այլ խոսքով՝ մեծ մասն արտահանվում է այն երկրներ, որտեղից ներմուծվել է հումքը։
Ի տարբերություն ադամանդի՝ ոսկերչական իրեր Հայաստան շատ չեն ներմուծվում։ Նախորդ տարի արտահանվել են 18,7 մլն դոլարի ոսկերչական իրեր, ներմուծվել՝ 2,5 մլն դոլարի։ Հայաստանում արտադրված ոսկերչական իրերի գերակշիռ մասն իրացվում է տեղական շուկայում՝ ներառյալ զբոսաշրջիկների կողմից գնումները: Մյուս մասն էլ՝ արտահանվում է։ Կան նաև ձեռնարկություններ, որոնք աշխատում են «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով և ոսկերչական արտադրության ծառայություն են մատուցում արտերկրյա պատվիրատու ընկերություններին:
Մեկ տարում ոսկերչական իրերի արտահանումը (մաքսային արժեքը) նվազել է 20,7%-ով, իսկ ներմուծումը՝ 3,4% -ով ավելացել։
Տվյալները՝ ՀՀ մաքսային ծառայության
Մինչև 2009 թվականը Հայաստանից ոսկերչական իրերի արտահանման հիմնական շուկան ԱՄՆ-ը է եղել, որը 2001-2006թթ. ապահովել է հայկական ոսկեգործական արտադրանքի ողջ արտահանման 70-85%-ը: ԱՄՆ արտահանման ծավալների կրճատման վրա էական ազդեցություն է ունեցել Սփյուռքի ներդրումներով ընկերությունների գործունեության դադարեցումը: Սա նշանակում է, որ ոլորտի աճի համար պետք է կենտրոնանալ նաև Սփյուռքի գործոնի վրա։ 2010 և 2011 թվականներին Թուրքմենստանը և Թաիլանդը համապատասխանաբար հանդիսացել են Հայաստանից արտահանման ամենամեծ շուկաները: Հայաստանից ոսկեգործական իրեր արտահանվում են նաև առանց պաշտոնապես արտահանման դասակարգման։ Օրինակ՝ երբ զբոսաշրջիկը մեկ կամ մի քանի ոսկերչական իր է գնում և իր հետ տանում այն:
Նախորդ տարի Հայաստանից ոսկերչական իրեր արտահանվել են հիմնականում Թուրքմենստան (52,3%) և ԱՄԷ (20,5%)։ Ոչ մեծ քանակությամբ ՝ Թաիլանդ, Ղազախստան, Ռուսաստան և այլն։
Իսկ ներմուծումը կատարվել է հիմնականում Թաիլանդից, Իտալիայից և ԱՄՆ-ից։
Հայաստանի համար ձեռնտու կլինի նաև Չինաստանի հետ համագործակցելը, քանի որ այս երկրում ադամանդի և ոսկերչական իրերի պահանջարկը տարեցտարի աճում է։
Այսպիսով, 2015 թվականին Հայաստանում ադամանդի մշակման և ոսկերչական իրերի արտադրության ոլորտում աճ է գրանցվել, բայց արտահանման ծավալները նվազել են։ Դա կարող է նշանակել, որ կամ դրսի շուկայից ստացվող պատվերներն են պակասել, կամ տեղական շուկայում պահանջարկն է ավելացել, կամ էլ՝ արտադրանքի մի մասը կուտակվել է, որը կարող է հաջորդ տարի արտահանվել կամ վաճառվել տեղական շուկայում։ Ամեն դեպքում, արտահանման կրճատումն իր բացասական ազդեցությունն է ունեցել Հայաստանից կատարված արտահանման ընդհանուր ցուցանիշի վրա։
Նկատենք, որ ադամանդի արտահանման ծավալների կրճատումը պայմանավորված է դեպի Ռուսաստան, Թաիլանդ և Բելգիա արտահանումների կտրուկ կրճատմամբ։ Մասնավորապես, դեպի Բելգիա արտահանված ադամանդի մաքսային արժեքը նվազել է 27,1%-ով, Թաիլանդը գրեթե ամբողջությամբ հրաժարվել է Հայաստանում մշակված ալմաստներից, իսկ դեպի Ռուսաստան՝ կրճատվել է 84,2%-ով։ Այսինքն՝ կրճատումը պայմանավորված է այս երկրներում Հայաստանում մշակված ադամանդի պահանջարկի նվազմամբ։
Իսկ ոսկերչական իրերի արտահանումը կրճատվել է դեպի ԱՄԷ արտահանման կրճատման հետևանքով (նվազումը՝ 19%), ինպես նաև՝ դեպի Թաիլանդ (57%), Ռուսաստան (51%)։ Դեպի Բելիզ նախորդ տարի չի արտահանվել, մինչդեռ 2014-ին այն կազմել է ավելի քան 1մլն դոլար։
Մեկնաբանել