Ախթալեցի մի խումբ կանայք պահանջում են իրենց ամուսինների ու տղաների աշխատավարձերը
Ախթալեցի մի խումբ կանայք նամակ են գրել «Հետքին», որը ներկայացնում ենք ամբողջությամբ:
Հարգելի խմբագրություն,
Այս նամակով ձեզ գրում են մի խումբ կանայք Ախթալա քաղաքից, որոնք արդեն մեկ անգամ ձեզ դիմել են: Առաջին հերթին մեր շնորհակալությունն ենք հայտնում ձեզ այն միջամտության համար, առանց որի մենք Ախթալայի ԼՀԿ-ից չէինք ստանա այն գումարները, որոնք մեր ամուսիններին ու որդիներին չի վճարում Մադլեն Թաշճյանը:
Այդ ժամանակ մենք շատ ուրախացանք, սակայն մեր ուրախությունը կարճ տեւեց, քանի որ մեզ վճարեցին հասանելիք գումարների միայն փոքր մասը: Սակայն թեկուզ փոքր մասն էլ վճարվեց միայն ձեր կայքում մեր ահազանգը հրապարակելուց հետո:
Ասենք ձեզ, որ մեկ վճարում կատարելուց հետո այդ գործընթացը դադարեցվեց եւ հիմա մոռացության է մատնված: Հուսով ենք, որ նամակը, որ հիմա ուղարկում ենք ձեզ, նորից արդյունք կբերի, քանի որ նախորդ անգամ էլ միայն ձեր միջամտությունից հետո հարցին մասնակի լուծում տրվեց:
Քանի որ այս իրավիճակում հարցի լուծման համար որեւէ այլ ճանապարհ չենք տեսնում, ուղղակի խնդրում ենք ձեզ որեւէ կերպ մեզ, մեր տղամարդկանց երկու ամսվա գիշեր-ցերեկ կատարած քրտնաջան աշխատանքին հասանելիք գումարները ստանալու համար:
Այդ այն երկու ամիսն էր, որոնց ընթացքում մեր ամուսիններն ու որդիները հանքերում եւ ֆաբրիկայում իրենց կաշիներից դուրս եկան՝ գերշահույթ ապահովելով տիկին Մադլենին եւ կալանքի տակ գտնվող Սերոբին: Նրանք այդ գերշահույթներն ապահովեցին՝ հույսով, որ արդյունքում էլ իրենց հասանելիք աշխատավարձից բացի կտրվի լրացուցիչ մի քանի «կոպեկ» (գրում ենք կոպեկ, քանի որ այդ գումարներն իսկապես կոպեկներ են այն հսկայական գումարների համեմատ, որոնք մտան Մադլենի գրպանը):
Սակայն Մադլենը հրաժարվեց այդ կոպեկները վճարելուց: Ձեր միջամտությունից հետո վճարեց միայն մեկ ամիսը, իսկ մյուս երկու ամսվա մասին կամ մոռացել է, կամ էլ ուղղակի չի ուզում հիշել:
Միաժամանակ նշենք նաեւ, որ աշխատողների մի մասի աշխատավարձը, որը 2010 թ.-ին իջեցվել էր Սերոբի կողմից, վերականգնվեց այս տարվա սեպտեմբերի 1-ից (որի համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ձեզ): Այդ աշխատողների աշխատավարձին վերաբերող հրամանը չեղյալ էր համարվել հուլիսի 1-ից: Կորած երկու ամիսներից մեկը վճարվեց մեր տղաներին, իսկ մյուս ամսվա հասանելիքը նույնպես անհայտացավ այն հորձանուտում, որը Ախթալայից դեպի ազգային անվտանգության մեկուսարան է տանում:
Այս պահին ստիպված նորից ձեզ ենք դիմում՝ խնդրելով աջակցել մեզ՝ ախթալեցիներիս, այդ մի քանի փոքրիկ գումարները եւս ստոր մանկապիղծին արդար պատժից փրկելու համար ծախսվող գումարներից պոկելու եւ մեր երեխաներին հասցնելու համար, քանի որ այդ մի քանի հազարական դրամները մեր ամուսինների, եղբայրների ու որդիների մի քանի տասնյակ օրերի քրտնաջան աշխատանքի վարձատրությունն է:
Կանխավ մեր շնորհակալությունն ենք հայտնում ձեզ՝ մեծ սպասումներով, որ կօգնեք այս հարցը կարգավորելու համար:
Ախթալա քաղաքի մի խումբ կանայք
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել