HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հանգուցյալը «մասնակցել» է սեմինարին և վերջում ստորագրել մասնակցության դիմաց

Գյուղատնտեսության աջակցության 10 մարզային կենտրոններում 2014 թ-ին և 2015 թ. առաջին եռամսյակում կազմակերպվել է թվով 1356 սեմինար: Վերահսկիչ պալատն ընտրանքային կարգով ստուգել է դրանցից 383-ը:

«Հաշվետվությունները հիմնականում կրում են ձևական բնույթ և ռիսկային են»,- արձանագրել է վերահսկիչ պալատն իր 2015թ. զեկույցում:

Վերահսկիչ պալատը պարզել է, որ խորհրդատուի կողմից կազմակերպված սեմինարներին միևնույն մասնակցի ստորագրությունները տարբեր ամիսների հաշվետվություններում էականորեն տարբերվել են: Ավելին` հաճախ գյուղացին տեղյակ չի եղել և չի մասնակցել սեմինարին, բայց նրա անունը լրացված և ստորագրված է եղել: Մի խոսքով` թիվ է «նկարվել», ինչի արդյունքում «անհետացել» են կլորիկ գումարներ:

Օրինակ` մեկ դեպքով արձանագրվել է, որ մարդը մահացել է դեռևս 2013թ. դեկտեմբերին, սակայն խորհրդատուի կողմից համայնքում 2015թ. մարտին կազմակերպված սեմինարին նա «մասնակցել» է և ստորագրել:

Նշենք, որ Գյուղատնտեսության նախարարի հրամանով 1999թ.-ից ՀՀ բոլոր մարզերում ստեղծվել են գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններ, իսկ Երևանում` մեկ հանրապետական կենտրոն:

Վերահսկիչ պալատն արձանագրել է, որ վերահսկողությունն ընդրգրկող ժամանակաշրջանում ֆինանսավորումը կազմել է մոտ 500 մլն 144 հազար դրամ, որից պետական բյուջեի միջոցներով՝ 415 մլն 36 հազար դրամ: Ստացվում է, որ այս գումարների զգալի մասը փոշիացվել է, քանի որ սեմինարներին «մասնակցել» են «հանգուցյալները», կամ ընդհանրապես սեմինարներ չեն կազմակերպվել, իսկ կազմակերպվածների որոշ մասն էլ` ոչ մասնագետի կողմից:

Այնինչ ստեղծված աջակցության կենտրոնների նպատակը եղել է մարզերի ագրոպարենային համալիրի ձեռնարկություններին, գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, տնտեսավարող սուբյեկտներին խորհրդատվական, տեղեկատվական, մարքեթինգային ծառայությունների մատուցումը և արտադրության արդյունավետ կազմակերպման գիտական նորույթների, նոր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ գործնական աջակցության ցուցաբերումը:

Տնօրենների հրամանով 15 խորհրդատու (Արմավիրի մարզում՝ 6, Գեղարքունիքում՝ 2, Շիրակում՝ 2, Արագածոտնում՝ 5) գտնվել են արձակուրդում, սակայն այդ ընթացքում, ըստ իրենց կողմից ներկայացված հաշվետվությունների, անցկացրել են սեմինարներ:

Վերահսկիչ պալատը փաստում է, որ 2014-2015 թթ. աշխատանքային ծրագրերում ընտրվել են անհասկանալի, հաճախ ոչ տրամաբանական, կրկնվող թեմաներ: Համայնքներում ամեն տարի նույն թեմայով, գրեթե նույն մասնակիցներով անցկացվել են սեմինարներ: Իսկ որոշ խորհրդատուների մասնագիտական որակավորումը չի համապատասխանել գյուղական խորհրդատվական ծառայությունների ծրագրով նախատեսված պահանջներին:

Օրինակ` 5-րդ կուրսից հեռացված ուսանողը կամ` մանկավարժի, ինժեների, դեղագործի, տնտեսագետի, երկրաբանի որակավորում ունեցող անձը խորհրդատվական ծառայություններ է մատուցել ագրոնոմիական, անասնաբուծության կամ անասնաբուժության թեմաներով:

Վերահսկիչ պալատը բացահայտել է, որ Շիրակի մարզը սպասարկող թվով 10 խորհրդատուից 6-ի տարիքն անցնում է 65-ը: Նրանցից մեկը 78 տարեկան է, իսկ մյուսը` 79: Լոռու մարզում 3 խորհրդատուի տարիքն անցնում է 65-ը, նրանցից մեկը 71 տարեկան է: Նրանք սպասարկում են յուրաքանչյուրը 7-10 համայնք: Սա անհավանական է:

Մեկնաբանություններ (1)

Մարգար
// Ստացվում է, որ այս գումարների զգալի մասը փոշիացվել է, քանի որ սեմինարներին «մասնակցել» են «հանգուցյալները» // - ,,փոշիացվել է,, փոխաբերությունը տեղին չէ այս համատեքստի մեջ, ավելի տրամաբանական կլիներ ,,հափշտակվել է,, արտահայտությունը գործածել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter