HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փողերի լվացման գործով շարունակվում են «Հայբիզնեսբանկի» աշխատակիցների հարցաքննությունները

«Հայբիզնեսբանկի» նախկին կառավարիչ Արա Կիրակոսյանի  գործով այսօր  Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընհանուր իրավասության դատարանում հարցաքննվեցին բանկի աշխատակիցները:

Հաշվապահության աշխատակից Անահիտ Միրզոյանը պատմեց, որ «Քիշ ինթերնեյշնլ բանկ»-ից DHL փոստային համակարգով ստացված հանձնարարականի մասին ինքը տեղեկացել է մամուլի հրապարակումներից, և անգլերեն բովանդակությամբ գրությունն իրեն ցույց են տվել ԱԱԾ-ում, երբ հրավիրել են հարցաքննության:

Հիշեցնենք` «Քիշ ինթերնեյշնլ բանկ»-ից ստացված հանձնարարականի հիման վրա է կատարվել մեկ մլն եվրոյի փոխանցումը «Կոսմոս թրեյդինգ» ընկերությանը:

Վկան պատմեց, որ DHL  համակարգով ստացված առաքանին թեև ընդհանուր նամակների գրանցամատյանում գրանցվել է, սակայն այն ինքը չի ստացել և չի ստորագրել դրա դիմացը: Տեղյակ չի եղել, թե ում է մակագրվել կամ ինչ ընթացք է ստացել: Ըստ վկայի, այդ օրերին գլխավոր հաշվապահն արձակուրդում է եղել, և ինքը պետք է ստանար նմանատիպ գրությունները, սակայն չի ստացել: «Ընդհանուր գրանցամատյանում գրանցում կար, բայց իմ կողմից չի ստորագրվել »,-ասաց Անահիտ Միրզոյանը: 

Հարցաքննվեց նաև գործով մեղադրվող բանկի վարչության նախագահի նախկին տեղակալ Մելիք Եսայանի գործավարուհի Երանուհի Գրիգորյանը: Երանուհի Գրիգորյանից մեղադրողը հետաքրքրվեց, թե Իրանի քաղաքացիներ եղել են Եսայանի մոտ:Վերջինս հաստատեց, որ Եսայանի մոտ Իրանից այցելուներ եղել են: Ըստ վկայի` Մելիք Եսայանը նաև Սուրեն անունով ընկեր է ունեցել, ով նույնպես այցելել է նրան:  

Արա Կիրակոսյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը դիրքորոշում արտահայտեց, որ այս վկաներին դատակոչելու անհրաժեշտություն չկար, քանի որ նրանց ցուցմունքից երևում է, որ ոչնչից տեղյակ չեն, ոչինչ չգիտեն: Հետևաբար, դատական նիստերը ձգձգել նմանատիպ հարցաքննություններով, ըստ փաստաբանի, չարժե, քանի որ իր պաշտպանյալի մեղադրանքի վերաբերյալ և նրա մեղքերն ապացուցող որևէ ցուցմունք վկաները չեն տալիս:

Հարցաքննվեց նաև բանկի Ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ Ռուզաննա Գյուրջյանը, ով անձամբ է զբաղվում բանկ մուտք ու ելք արվող ողջ փաստաթղթաշրջանառությամբ: Առաջատար մասնագետը պատմեց, որ DHL  ծառայության միջոցով ստացված նամակները սովորաբար ստանում է վարչության պետը: 2012 թվականի սեպտեմբերի առաքանին ինքն է ստացել, քանի որ վարչության պետը տեղում չի եղել, փակ ծրարը դրել է պետի սեղանին: Չի բացել և չի ստուգել դրա պարունակությունն ու բովանդակությունը: Հետագա ընթացիքից որևէ տեղեկություն չունի:  Այն, որ դրանք կեղծ փաստաթղթեր են եղել, Ռուզաննա Գյուրջյանը  հետագայում տեղեկացել է մամուլից:

«Հայբիզնեսբանկի» գանձապետ Վահան Մելքոնյանը հարցաքննված վերջին վկան էր: Բանկում գանձապետ է աշխատում 2006 թվականից: Ենթարկվում է իր անմիջական ղեկավարներ` բանկի նախագահին և տեղակալին: Որպես խոշոր հաճախորդ` նշված կազմակերպությունների ներկայացուցիչները (խոսքը` «Դավ տրանս ստրոյ» և «Կոսմոս թրեյդինգ»ընկերությունների մասին է-հեղ.) երբ եկել են սպասարկվելու, նախագահից ստացել է հերթական հանձնարարականը, որ զգույշ լինեն, ուշադիր լինեն, խոշոր հաճախորդներ են, հանկարծ դժգոհություններ չլինեն, նորմալ սպասարկվեն:

«Ես գործ ունեմ միայն ծավալի և փոխարժեքի հետ, այսինքն` կոնկրետ հաճախորդն ով է, գործարքն ինչի համար է, ինչ նպատակներով, ես չեմ միջամտում»,- ասաց գանձապետը:

Գործառնական բաժնից ստանալով փոխարժեքի փոխանակման հրահանգը` գանձապետը ներկայացրել է առաջին տեղակալի հաստատմանը և կատարել մեկ մլն եվրոյի փոխարկումը:

Դատախազ Արմեն Փանոսյանի դիտարկմանը, թե փոխարժեքներով փոխարկումներ կատարելու արդյունքում երկու ընկերությունները` «Դավ տրանս ստրոյը» և «Կոսմոս թրեյդինգը», միլիոնավոր դրամների օգուտներ են ստացել, ինչով էր պայմանավորված փոխարժեքների սահմանումը, գանձապետը պատասխանեց, որ եղել է  ընդհանուր փոխարժեք, և փոխարկումն իրականացրել է` ստանալով ազդակ  բանկի առաջին տեղակալ Վահե Հարությունյանից և Մելիք Եսայանից:

Թե փոխարկումների արդյունքում ով որքան եկամուտ է ստացել, գանձապետի խոսքով, իր իրավասություններից դուրս է, և բանկում այլ ստորաբաժանումներ են զբաղվում նման երևույթներով, օրինակ, փողերի լվացման, գործառնական վարչությունները: Թե ինչ բնույթի գործարքներ են եղել դրանք, գանձապետի խոսքով, ինքը հասանելիություն էլ չունի, որ տեսներ կամ հետևեր:

Հաշվի առնելով այն փաստը, որ այսօր դատակոչված վկաների հարցաքննությունն ավարտվեց, դատավոր Մնացական Մարտիրոսյանը հաջորդ դատական նիստը նշանակեց ապրիլի 26-ին:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter