HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռոբերտ Բաբայան. ««ВТБ» բանկի Ստեփանակերտի մասնաճյուղում յուրացումներ կատարելուց հետո Շարմաղ Գրիգորյանի ախորժակն էլ ավելի բացվեց»

«Որոշել ենք մի շատ ցավոտ հարցի մասին թերթի միջոցով իրազեկ դարձնել մեր հասարակությանը, մարդկանց, որպեսզի նրանց օգնությամբ, խորհուրդներով դուրս գանք մեզ համար անմխիթար ու անելանելի վիճակից»,-ասում է գործազուրկ Ռոբերտ Բաբայանը։

Ռոբերտ Բաբայանը պատմում է, որ « «ВТБ» բանկի Ստեփանակերտի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ Շարմաղ Գրիգորյանի ախորժակն էլ ավելի է բացվել յուրացումներ ու մսխումներ կատարելուց հետո: «Նա որոշեց մարդկանց խաբելու միջոցով՝ դրամաշորթությամբ դառնալ մեծահարուստ»,- ասում է Ռոբերտ Բաբայանը:

Ըստ նրա` Շարմաղ Գրիգորյանը, իրեն ներկայացնելով որպես գործարար մարդ, կեղծ խոստումներով մարդկանց մոտ վստահություն ձեռք բերելով, խարդախությամբ նրանցից կարողացավ կորզել տասնյակ հազարավոր դոլարներ:«Նրա տխրահռչակ գործունեության պատճառով շատ մարդիկ հայտնվեցին աղքատության ճիրաններում, նրանց ընտանիքները կանգնեցին կործանման եզրին»,-ասում է Շ.Գրիգորյանը:

Ռոբերտ Բաբայանը, Համեստ Իշխանյանը, Հրանտ Սաֆարյանը և Աշխեն Սահակյանը իրենց գումարները հետ ստանալու համար դիմել են իրավապահ մարմիններին՝ ոստիկանությանն ու գլխավոր դատախազին: Տեղի ունեցածի մասին իրազեկ են պահել մի քանի դեպուտատների, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատողներին: Ռոբերտ Բաբայանն ու Գրետա Ղազարյանը նամակներով դիմել են ԼՂՀ նախագահին:

Ռ. Բաբայանն իր նամակում մասնավորապես գրել էր. «Պրն նախագահ, եղբայրս 1980-ական թթ. լեգենդար «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմի ավագ, լեգենդար պաշտպան Վարուժան Բաբայանը հայրենի հողը պաշտպանելիս անհայտ կորավ (1992 թ. օգոստոսի 6): Մեր տանը ինձ հետ միասին այժմ ապրում են նաև երկու եղբայրներս, որոնք 2-րդ կարգի հաշմանդամ են,անգործունակ, իսկ ես էլ նրանց խնամակալն եմ...Ամիսներ շարունակ չեմ կարողանում Շարմաղ Գրիգորյանից ետ վերցնել մեր ընտանիքին պատկանող գումարը և, կապված դրա հետ, մեր ընտանիքը հայտնվել է անելանելի դրության մեջ: Խրվել ենք պարտքերի մեջ ու չենք կարողանում այն մարել, խանութներն էլ պարտքով սննդամթերք չեն տալիս: Ընտանիքի անդամներս այժմ հայտնվել ենք սովի ճիրաններում: Շ. Գրիգորյանը, չվերադարձնելով դրամական-նյութական այդ ամբողջ կարողությունը, դրանով իսկ մեզ զրկել է ապրելու ու գոյատևելու իրավունքից»,- գրել է Ռ. Բաբայանը:

Ոստիկանության քննիչներ Նարեկ Գրիգորյանն ու Իգոր Օհանյանը խոստացան Շարմաղ Գրիգորյանից հետ վերցնել խլած գումարները: Նույնպիսի խոստումներ տվեց ԼՂՀ դատախազության բաժնի պետը: Շատ անգամ են նշված անձիք եղել իրավապահների մոտ, սակայն անարդյունք:

«Երկու տարվա քաշքշուկից հետո մենք մնացինք ձեռնունայն: Մեզ համար միայն մի բան պարզ դարձավ, որ ոստիկանության քննիչներն ու պրն Վանյանն ավելի շատ մտահոգված էին Շ. Ա. Գրիգորյան-Ներսիսյանի ճակատագրով, քան մեր կորցրածի վերադարձմամբ, արդարության վերականգմամբ: Այս պարոնների եղբայրական-հայրական հոգատարությունը «հերոսուհու» նկատմամբ ուներ միայն մի նպատակ՝ հանցագործին ազատել պատասխան տալուց, փրկել նրան: Եվ նրանց ու նմանների մեղքով հանցագործը բանտախցում լինելու փոխարեն գտնվում է ազատության մեջ, չի վերադարձնում զավթած փողերն ու, դեռ ավելին, սպառնում է մեզ՝ պահանջատերերիս հետ հաշվեհարդար տեսնել՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աշխատակիցներին»,- բացատրում է տուժածը:

Ռ.Բաբայանն ասում է նաեւ, որ իրավապահ մարմինների արդեն հայտնի աշխատակիցները մշտապես հորդորում էին չդիմել դատարան՝ Շարմաղի գործը չբարդացնելու համար:Բաբայանի ասածի համաձայն, այլևս գոյություն չունեցող «ВТБ» բանկի Ստեփանակերտի մասնաճյուղի աշխատողները խաբել են նաև իրենց ավանդատուներին: Այսպես, Վարդան Երամիշյանին չի վերադարձվել գոնե նախնական գումարը (առանց տոկոսների 10 միլիոն դրամ), Արմեն Դանիելյանին պատկանող 5 միլիոն դրամը:

Շ. Գրիգորյանն արդեն հանգուցյալ Ժյուլա Սարգսյանի հարազատներին պետք է վերադարձնի 300.000 դրամ, Ռոբերտ Բաբայանին` 4,3 միլիոն դրամ, Հրանտիկ Սաֆարյանին՝ 2 միլիոն, Գրետա Ղազարյանին՝ 2 միլիոն, 85-ամյա Աշխեն տատիկին, որի թոռը նահատակվել է Արցախյան պատերազմում՝ 1 600 ԱՄՆ դոլար, Համեստ Իշխանյանին՝ 22 000 դոլար գումար, Նելսոն Սարգսյանին` 1 540 000 դրամ…

«Նման վիճակում հայտնված հուսահատ, նաև չարացած մարդիկ կարող են դառնալ հանցագործներ, դիմել ինքնադատաստանի մեթոդին՝ խաբեբային պատժելու համար: Մարդկանց մի մասն էլ ստորացված զգալով` հուսահատությունից որոշել է լքել իր հայրենիքը, որովհետև այստեղ նրանց պատիվն ու արժանապատվությունը կոխկրտված են... Արդյո՞ք մենակ էր գործում ուրիշների անվամբ ձևակերպած անշարժ ու շարժական գույքերի տեր, մեր փողերը պտտեցնող և շահույթներ ստացող մեծահարուստ Շարմաղ խանումը: Չենք կարծում։ Առայսօր Շարմաղն ու նրա գործակիցները դեռևս խուսափում են պատասխանատվությունից։ Բայց մինչև ե՞րբ…»,-հարցնում է Ռոբերտ Բաբայանը:  

Հայկազ Ղազարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter