HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է Սերգեյ Լավրովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:

Ինչպես տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը, հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին և ս.թ. ապրիլի 2-5-ը ԼՂ հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր:

Ողջունելով ՌԴ արտաքին գործերի նախարարին Երևանում՝ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը բավականին հարուստ է, և տարբեր, այդ թվում՝ բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ անդրադարձ է կատարվում ամենաարդիական հարցերին: «Այնպես է ստացվել, որ ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցը կայացել է և Ձեր այցն էլ կայանում է մեր տարածաշրջանում լարված իրավիճակում: Եվ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ իրավիճակը պայմանավորված է Ադրբեջանի անպատասխանատու գործողություններով: Սկսելով լայնամասշտաբ ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի դեմ՝ Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի հետ ոչ մի ընդհանուր բան չի կարող ունենալ: Կիրառելով ամբողջ զինանոցը՝ Ադրբեջանը, իհարկե, արժանի հակահարված ստացավ: Բայց Ադրբեջանի այդ գործողությունները, իմ կարծիքով, բանակցային գործընթացը մղեցին բավականին հեռու մի կողմ: Մենք մշտապես այդ գործընթացում կառուցողական ենք եղել, մշտապես վստահ ենք եղել, որ Մինսկի խմբի համանախագահները, վերջիվերջո, կներկայացնեն հարցի լուծման իրենց մոտեցումը, հասցեական կասեն այն կողմի անունը, որը հրաժարվում է այդ առաջարկություններից: Բայց, ցավոք, ադրբեջանցիները համարեցին, որ իրենք կարող են անպատիժ խախտել դեռևս 1994-1995թթ. ստորագրված համաձայնագիրը և այն պայմանավորվածությունները, որոնք մենք ձեռք ենք բերել այս երկարատև բանակցությունների ընթացքում: Մենք այս փուլը սկսել ենք 2007 թվականին: Ինը տարվա ընթացքում մենք այդ գործընթացի ակտիվ վկան ու մասնակիցն ենք եղել, փորձել ենք գտնել փոխընդունելի որոշումներ, լինել կառուցողական: Մենք համոզված ենք եղել, որ իսկապես այդ հարցը կարող է լուծվել բացառապես փոխզիջումների հիման վրա, խաղաղ ճանապարհով, բայց այսօր մենք ունենք այն, ինչ ունենք: Դրա համար էլ ինձ համար չափազանց կարևոր է Ձեր տեսակետը՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, դա պատահեց: Իհարկե, մենք մեր պատկերացումն ունենք, բայց Դուք շատ ավելի եք տեղեկացված, այդ իսկ պատճառով շնորհակալ կլինենք, եթե Դուք ներկայացնեք Ձեր պատկերացումը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին հանդիպման հնարավորության համար, ներկայացրել մինչ Հանրապետության նախագահի հետ հանդիպումն իր այցի շրջանակներում ունեցած բանակցությունների արդյունքները. «Մենք արդեն լավ բանակցություններ ենք անցկացրել, դիտարկել ենք երկկողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, որոնք Դուք Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի հետ ձեռք եք բերել: Որոշ տեղերում մեզ մոտ ձգձգումներ կան, սակայն, այնուամենայնիվ, հավատարմությունը բոլոր սկզբունքային պայմանավորվածություններին պահպանվում է: Դա մեր գլխավոր նպատակն է՝ աշխատել նախագահների հանձնարարությունների ուղղությամբ: Մենք քննարկել ենք նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման իրավիճակը և խորապես անհանգստացած ենք կատարվածով: Ինչպես գիտեք, առաջին իսկ րոպեներից ռուսական կողմը՝ անձամբ Նախագահը, ձգտել ենք կասեցնել այն համաձայնագրերի խախտումները, որոնք ստորագրվել են 94-95թթ. և ունեն անժամկետ բնույթ: Մենք դա այսօր հստակ հաստատեցինք և կոչ արեցինք ոչ մի ձևով կասկածի տակ չդնել այդ կարևորագույն փաստաթղթերը: Եվ հաջողվեց դադարեցնել արյունահեղությունը: Այնուամենայնիվ, ինչպես հասկանում ենք, իրավիճակը դեռևս մինչև վերջ չի կայունացել, և մենք ելնում ենք նրանից, որ տվյալ փուլում շատ կարևոր է կյանքի կոչել այն, ինչի մասին Դուք պայմանավորվել եք Ադրբեջանի նախագահի հետ դեռևս 5 տարի առաջ Ռուսաստանի միջնորդությամբ՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմների, միջադեպերի կանխման և վստահության միջոցների մասին, որպեսզի առավելագույնս նվազեցվի, նույնիսկ պարզապես տեխնիկական քայլերի միջոցով, առճակատման բռնկման հնարավոր որևէ վտանգ:

Համապատասխան հանձնարարություններ տրվել էին ԵԱՀԿ-ին, և մենք այժմ ցանկանում ենք, որ գերմանական նախագահությունը դրանով ակտիվ մտահոգվի: Ես հասկանում եմ, ինչ էիք Դուք ասում, Սե՛րժ Ազատի, իհարկե, այն մասին, որ հիմա դժվար է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Իրավիճակը պետք է փոքր-ինչ հանդարտվի, և մարդիկ պետք է մի փոքր հանգստանան: Մենք մեկ անգամ ևս մեր ցավակցությունն ենք հայտնում այս հակամարտության պատճառով զոհերի կապակցությամբ, բայց, այնուամենայնիվ, ես Ձեզ հետ համաձայն եմ, որ հակամարտությանը ռազմական լուծում չկա, ինչը նշանակում է՝ պետք է շարունակել ջանքեր ներդնել քաղաքական կարգավորման ուղղությամբ:

Ինչո՞ւ իրավիճակը հայտնվեց նման ճգնաժամային կետում, ես չեմ կարող որոշել Հայաստանի, Ադրբեջանի կամ ղարաբաղցիների փոխարեն, բայց ես կարծում եմ, որ եթե մեզ հաջողվեր քաղաքական գործընթացում առաջ շարժվել, թեկուզ մի փոքր, եթե մենք թեկուզ նախանշեինք ընդհանուր սկզբունքներ, որոնք կողմերը գոնե հիմք կընդունեին արդեն իրավականորեն պարտավորեցնող փաստաթղթերի մշակման, նախապատրաստման համար, իհարկե, դա ոչ միայն կարևոր դեր կխաղար բանակցությունների վերսկսման համար, այլ նաև զսպող գործոն կհանդիսանար բռնության բռնկումներ թույլ չտալու համար: Բայց, կրկնում եմ, լուծման կարող են հասնել միայն իրենք՝ կողմերը: Մենք փորձել ենք, փորձում ենք և կփորձենք օգնել համանախագահների՝ ամերիկացիների, ֆրանսիացիների հետ միասին: Մենք ունենք միասնական դիրքորոշում, և ինչպես հասկանում եմ, Հայաստանը սատարում է այդ դիրքորոշմանը, որ համանախագահների եռյակը` ԵԱՀԿ-ի հետ միասին պետք է շարունակի իրականացնել հիմնական համակարգողի գործառույթը՝ համապատասխան այն մանդատի, որը կողմերը համաձայնել են տրամադրել այդ մեխանիզմին: Եվ մենք չենք ողջունում զուգահեռ ինչ-որ ուղիներ փնտրելու, մեխանիզմներ ստեղծելու փորձերը, որոնք չեն վայելում բոլոր կողմերի վստահությունը: Դա միայն կշեղի հիմնական խնդրից՝ ապահովել անվտանգություն, թույլ չտալ նոր զոհեր և, այնուամենայնիվ, ստեղծել քաղաքական գործընթացի վերսկսման համար պայմաններ»,-ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Մեկնաբանություններ (6)

HAY
Ախր Լավրովը կամ պուտինը ու ընդհանուր Ռուսաստանը ինչ կապ ունի որ Հաըաստանում ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է․ ո քանի տարիա ժողովրդին ստրկացրաց պահում են թս վիճակա երկրում, ուղղակի ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԱ ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄ․․ Հիմա դրած ում ենք մեղադրում?, կարողա ռուսը Սերժիկին ու իրա նմաններին ասելա ՀԱՅ ԱԶԳԻՆ ԷՍ ՕՐԸ ԳՑԵՔ?
Հայկ
Այո Ռուսաստանը պաշտպանելով անօրինական ռեժիմներին հետխորհրդային երկրներում , արգելակում է վերջիններիս սոցիալ֊տնտեսական, հոգևոր֊ քաքղաքական զարգացումը։ Այդ ձևով Ռուսաստանը կարողանում է իր ազդեցության ոլորդում պահել տվյալ երկրներին, որը և միանգամայն ձեռնտու է տեղական քրեա֊օլիգարխիկ իշխանություններին։ Իսկ եթե երկրները ունենան լեգիտիմ իշխանություն, անխուսափելիորեն կնթանան ժողովրդավարական զարգացման ուղիով , ինչը որևէ կապ չի ունենա ֆեոդալական Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը երբեք չի կարող հրաժարվել կայսրությունը վերականգնելու իր պլանից, սակայն ինչպես ասում են շաբաթը ուրբաթից շուտ կգա և մեր սերունդը ականատես կլինի կայսրության վերջին՝ թաթար֊մոնղոլական մնացորդի փլուզմանը ։ Տարբեր ազգերի ու ժողովուրդների դժբախտության վրա հիմնված կայսրությունը չի կարող հարատևել։
Հայկ
Ինչ՞ կարելի է սպասել մի մարդուց, ով մոռացել կամ ուրացել է էր գենը, փոխելով անգամ ծննդավայրը։ Նմնա մարդիք ինքնակամ վեր են ածվում մամլյուկների կամ յենիչերիների և դառնում են խիստ վտանգավոր հատկապես այն ժողովրդի համար, որից սերվել են՝ տվյալ դեպքում՝ հայերի համար։ Այս պատճառով մենք պետք է նրանից ավել շատ զգուշանանք, քան այլազգի որևե մեկից։ Նա պետք է ինքը զգա, որ Հայաստանում անելիք չունի և իզուր է քիթը խոթում իրեն չվերաբերվող գործերի մեջ։
HAY
Այս ամենի մեղավորը անցած գնացած տարիներնեն որ ամենքը իր գրպանն էր լցնում , վաղվա օրվա մասին չէին մտածում․․ Արդյունքը էսա իրականությունից չես կարող փաղչել․․
HAY
Բայց կարողա Ռուսաստանն է ասել գնացեք ընտրակեղծիքներ արեք՞ ընդամենը մի քանի ժամ թր անցել իրենց վարած քաղաքականության արդյունքից ու էլի սկսեցին ընտրությունները կեղծել․․․ ուղղակի աբսուրչդա ինչվոր մեկին մեղադրել․․ ՄԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ ԵՆՔ ՄԵՂԱՎՈՐ․․
Հայկ
Ս․ Լավրովի ընդունելությունը ՀՀ նախագահի կողմից ոչ միայն վայել չէ նախագահին , այլև խիստ ստորացուցիչ է և վիրավորական է ՀՀ քաղաքացիների համար, քանի֊որ իրեն հարգող երկրում նրան կնդուներ ոչ ավել քան իր պաշտոնակիցը։ Որևե մեկը կարող է պատկերացնել, որ Մոսկվայում Է․ Նալբանդյանին ընդունի և նրա հետ բանակցի Վ․Պուտինը։ Այսինքն ի սկզբանե մենք ճանաչում ենք մեր ստորադասությունը իր բոլոր հնարավոր հետևանքներով։ Ստորաքարշություն ենք անում մի այնպիսի մարդու, որն ի սկզբանե հայտնի է իր ոչ հայանպաստ և անբարյացկամ դիրքորոշումով։ Գոյություն ունի կարծրատիպ, որ Ռուսաստանը մեծ տերություն է և նման վերաբերմունքը բնական է։ Սակայն մեծ տերության չափանիշը մարդկանց գլխաքանակով չի որոշվում, եթե շարժվենք այդ սկզբունքով ապա ՀՀ նախագահը պետք է ընդունի և բանակցի Չինաստանից ժամանած ցանկացած կոլխոզի նախագահի կամ ԺԷԿ֊ի պետի հետ։ Իմ պատկերացումներով մեծ է այն պետությունը, որը վճռական դերակատարություն ունի միջազգային բոլոր հիմնախնդիրներում՝ տնտեսական, քաղաքական, հումանիտար, էկոլոգիկան և այլն։ Այց բոլոր հարցերում Ռուսաստանի դերը չնչին է։ Նրա «հեղինակությունը» միայն արտահայտվում է միջուկային գերտերության ԽՍՀՄ իներցիայով, որը գնալով մարում է։ԽՍՀՄ արտադրության միջուկային զենքերը վաղուց ժանգոտված են և պիտանի չեն գործածութըան համար։ Դա լավ գիտեն բոլոր երկրները , անգամ Թուրքիան,․․․։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter