HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վնասներ են գրանցվել Արմավիրի և Արարատի մարզերում. տուժել է ծիրանենու բերքը

Գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ հանրապետությունում մարտ ամսվա առանձին օրերի ընթացքում արձանագրված բացասական ջերմաստիճանների արդյունքում հիմնականում վնասներ  են գրանցվել Արմավիրի և Արարատի մարզերում, որտեղ տուժել է ծիրանենու բերքը: Առավել մեծ չափով տուժել են Արմավիրի մարզի համայնքների գյուղացիական տնտեսությունները: Մարզի Արմավիրի և Էջմիածնի տարածաշրջաններում, Բաղրամյանի տարածաշրջանի առանձին համայնքներում բերքի կորուստը կազմել է 50-80, իսկ որոշ համայնքներում` նույնիսկ ավելին:

Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում ծիրանի բերքի կորուստը  գնահատվում է 20-40%, Արտաշատի տարածաշրջանում` 40-70%, Մասիսի տարածաշրջանում` 40-50%, իսկ «Զվարթնոց» օդանավակայանին հարակից (այդ թվում նաև Էջմիածնի տարածաշրջանի) առանձին համայնքներում, որտեղ ծիրանենին հիմնականում մշակվում է տնամերձ հողամասերում` 60-90%: Բերքի որոշակի կորուստներ կան նաև Վայոց ձորի մարզի 2-3 համայնքներում:

Ընդհանրացնելով տուժած համայնքներում մասնագետների կողմից ծիրանի բերքի կորուստների վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների  արդյունքներն ու հաշվարկները, ինչպես նաև համադրելով մնացած տարածաշրջաններում սպասվող բերքի վերաբերյալ տվյալները` հանրապետությունում 2016 թվականին կանխատեսվում է 45-55 հազար տոննա ծիրանի բերք: Նշված ծավալները կարող են որոշ փոփոխությունների ենթարկվել` պայմանավորված մայիս ամսվա կեսերին երբեմն դիտվող  բնական պտղաթափով: Կա ևս մեկ կարևոր գործոն, որը կարող է արդյունքների վրա դրական ազդեցություն ունենալ. ծառերի թույլ ծանրաբեռնվածության դեպքում ձևավորվում են անհամեմատ ավելի խոշոր և բարձրորակ պտուղներ, որի շնորհիվ բարձրանում է ապրանքայնության մակարդակը, և զգալիորեն մեղմվում են կորուստները:

Ծիրանի ընթացիկ տարվա սպասվող բերքի վերաբերյալ առավել հստակ տեղեկություններ կտրվեն մայիսի երկրորդ տասնօրյակին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter