HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոբուսի պայթյունից տուժածների առողջական վիճակը գնահատվում է կայուն

Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի ուշ երեկոյան տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի հետևանքով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում ներկա պահին բուժում է ստանում յոթ  քաղաքացի, որոնցից մեկը այսօր առավոտյան ժամը 4-ի դրությամբ է տեղափոխվել բուժհաստատություն:  62-ամյա կնոջ պնդմամբ`  նա ևս ավտոբուսի պայթյունից է տուժել: Կինը նշել է, որ  ինքնուրույն հեռացել է պատահարի վայրից, սակայն ինքնազգացողության  վատացման  պատճառով դիմել է շտապօգնության ծառայություն և տեղափոխվել  բժշկական հաստատություն: Նրա ինքնության  մանրամասները ճշտվում են իրավապահ մարմինների կողմից: 

Առավոտյան ժամը 10-ի դրությամբ բոլոր տուժածների առողջական վիճակը  գնահատվում է կայուն: Հայտնում է Առողջապահության նախարարությունը։ Տուժածների բուժօգնությունը համակարգում է անմիջապես ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Հանրապետության  գլխավոր և առաջատար  մասնագետների ներգրավվածությամբ  նախարարը տուժածների առողջական վիճակը գնահատելու նպատակով պարբերաբար հրավիրել է բժշկական կոնսիլիումներ:

Վիրահատված 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակում դիտվում է դրական տեղաշարժ: Վիրահատական բարդ միջամտության արդյունքում բժիշկներին հաջողվել է պահպանել պատանիներից մեկի վերջույթը: Առավոտյան տղաները կրկին անցել են բոլոր անհրաժեշտ հետվիրահատական հետազոտությունները, նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր: Երկուսն էլ եկել են գիտակցութան, սակայն մեկը  դեռևս շնչում է արհեստական սարքի օգնությամբ: Բժշկական անձնակազմի խոսքով` երիտասարդներին հետագայում սպասում է վերականգնողական  և պլաստիկ  կրկնակի վիրահատություններ: 

Մյուս տուժածների մոտ առկա են սալջարդեր և բեկորային վնասվածքներ: Բոլորի վիճակը բավարար է, կատարվել են անհրաժեշտ հետազոտությունները և  բժշկական միջամտությունները, նրանք գտնվում են մասնագետների մշտական հսկողության ներքո:  Տուժածներից մեկը` 37-ամյա հղի կին է, որի կյանքին և պտղին  վտանգ չի սպառնում: Նրան հսկում է ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը:

Հիվանդներն ապահովված են բոլոր անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter