Բարձրագույն կրթությամբ գործազուրկը պատրաստ է աշխատել 40 000 դրամ աշխատավարձով
«Ընկերությունը նոր աշխատակիցների կարիք ունի: Անհրաժեշտ պայմաններն են` բարձրագույն կրթությունը, գերազանց տիրապետումը հայերենին, ռուսերենին և անգլերենին, MS Office փաթեթի հիմնական ծրագրերի իմացությունը…»:
Մի քանի օր առաջ այս հայտարարությունը տեղադրեցի աշխատանք փնտրողների համար նախատեսված հայաստանյան կայքերից մեկում: Նպատակս էր պարզել, թե ինչ գումարով են գործազուրկները պատրաստ բավարարել գործատուների մեծ մասին բավարարող վերոնշյալ պահանջները: Հայտարարության մեջ աշխատավարձի չափը նշել էի 60000 դրամ: Եվ քանի որ Հայաստանում 2011թ. սեպտեմբեր ամսվա դրությամբ միջին աշխատավարձը 115000 դրամն է, անսպասելի էր ստացածս ինքանկենսագրականների առատությունը:
Երեսունմեկամյա Հայկ Գասպարյանը (հերոսների անունները փոխված են) կրթություն է ստացել ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, համապատասխանում է հայտարարության բոլոր պահանջներին, ավելին, գիտի ոչ միայն MSOffice-ի ծրագրերը, այլև MS Access, HTML:
Մարիաննա Եսայանը նշել է, որ գերազանց գիտի ոչ միայն հայերեն , անգլերեն, ռուսերեն, այլև իսպաներեն:
Վարդուհի Առաքելյանը նաև աշխատանքային փորձ ունի. անգլերենի ուսուցչուհի` դպրոցում, խորհրդատու-վաճառողուհի` բրենդային խանութում, ընդունարանի աշխատող` Հայաստանում օտարերկրյա դեսպանատներից մեկում. ավարտել է Հայաստանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը, տիրապետում է ոչ միայն անգլերենին և ռուսերենին, այլև գերմաներենին:
Սիրանուշ Հովհաննիսյանը ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի «Տնտեսագիտություն և կառավարում ֆակուլտետը»: Այս աշխատանքի հայտարարությունը նրա համար գրավիչ է նաև այն դեպքում, երբ ինքը աշխատանքի մեջ է: Պատրաստ է տեղափոխվել նախկին աշխատավայրից` ապահովագրական հայտնի մի ընկերությունից: Ի դեպ, ուսումնասիրելով այդ ապահովագրական ընկերության կայքը, նկատեցի, որ այն թափուր աշխատատեղ ունի` աշխատանքի ընդունման գրեթե նույն պայմաններով, ինչ իմ կեղծ կազմակերպությունը: Նշված չէր աշխատավարձի չափը:
Լուսինե Գրիգորյանը քսանհինգ տարեկան է: Սովորել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում: Աշխատել է լրատվական գործակալություններից մեկում որպես հանրային կապերի մասնագետ, միջազգային հասարակական կազմակերպությունում` որպես սոցիալական աշխատող, երկու հետազոտական հիմնարկություններում` որպես հարցազրուցավար:
Կարելի է կարծել, որ վերոնշյալ աշխատավայրերում վարձատրության չափը ևս չի հասնում 115000-ին կամ գոնե չի գերազանցում 60000-ը:
Անի Աբրահամյանը ստացել է կրկնակի բարձրագույն կրթություն. ավարտել է ոչ միայն Երևանի պետական համալսարանի ռուսական բանասիրության ֆակուլտետը, այլև հեռակա ուսուցմամբ սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «բանկային գործ» բաժնում:
Հայտարարության պահանջները գերազանցող դիմորդները հաշվի չէին առել, որ կազմակերպության անունն ու գործունեության տեսակը հայտարարության մեջ նշված չեն. աշխատանք գտնելու ցանկությունը բազմապատկել է նրանց վստահությունը գործատուի նկատմամբ. գրեթե բոլոր ռեզյումեներին կցված են լուսանկարներ:
Իսկ այդ անվստահելի գործատուն հաջորդ օրը նույն կայքում տեղադրեց աշխատանքի մեկ ուրիշ հայտարարություն` արդեն ոչ թե 60, այլ 40000 ամսական աշխատավարձով` ստուգելու համար, թե արդյոք կգտնվեն նույն պայմանները բավարարող թեկնածուներ, ովքեր պատրաստ են աշխատել գրեթե նվազագույն աշխատավարձի դիմաց:
Ստացել եմ տասնհինգ ինքնակենսագրական: Եվ եթե ստացածս ռեզյումեների բովանդակությունը նույնքան կեղծ չէ, որքան իմ հայտարարությունը, ուրեմն ցանկացած գործատու այսօր կարող է գտնել բարձրագույն կրթություն ունեցող, երկուսից ավելի օտար լեզուների և համակարգչին տիրապետող, աշխատանքային հարուստ փորձ ունեցող գործազուրկի, ով կաշխատի նվազագույն աշխատավարձից շատ քիչ տարբերվող 40000-ով:
Մարինե Մադաթյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել