HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տուժածների հարազատները տեսակցության են սպասում

Թիվ 63 երթուղին սպասարկող ավտոբուսում երեկ տեղի ունեցած պայթյունից տուժածների հարազատները երեկվանից վերակենդանացման բաժանմունքի առջեւ նստած տեսակցության ու նոր լուրերի են սպասում։ Նրանցից շատերը միայն գիտեն, որ տուժածների առողջական վիճակը կայուն է, բայց թե հստակ ի՞նչ խնդիրներ ունեն, տեղեկացված չեն։

Հարություն Թերզյանի հայրը՝ Նազար Թերզյանը, նշում է, որ դեռ չեն տեսակցել տուժածին։ Միայն տեղյակ են՝ տղան ականջի թաղանթների խնդիր ունի եւ որ քիչ անց տեղափոխելու են ականջաբանության բաժանմունք։

14-ամյա Անահիտ Միքայելյանի բուժող բժիշկը` Լիլիա Հակոբջանյանը, նշում է, որ աղջկա կյանքին վտանգ չի սպառնում, վիրահատական միջամտության կարիք չկա, միայն մի փոքր լսողական խնդիր ունի, որն էլ ժամանակի ընթացքում կանցնի։ Բժշիկը կարծում է, որ վաղն Անահիտին դուրս կգրեն, քանի որ տուժածներից ամենաքիչ վնասվածքները նա ունի, այդ իսկ պատճառով պալատային բուժում է ստանում։

«Թումոյի դիմացի կանգառից նստեցի, որ տուն գնամ։ Մի կանգառ էինք անցել, լուսացույցի կարմիր լույսի տակ կանգնած էինք ու պայթեց։ Պատահական, առանց սպասելի խուճապի, որ կարող է պայթել։ Ուշագնաց եմ եղել, հետո գիտակցության եկա, տեսա ավտոբուսը պայթած ա, գրեթե ոչինչ չէր մնացել ավտոբուսից։ Ընկած էի, ու ապակու կտորներ էին վրաս։ Դիմացս մոտ 25 տարեկան մի տղա էր ընկած, երկու կտորների էր բաժանված՝ ոտքերն ու վերեւի մասը առանձնացված էին։ Դրանից հետո մեկ էլ հիշում եմ, որ դուրս են հանել ավտոբուսից»,- նշում է Անահիտը։

Հղի տուժած Անուշ Եղիկյանի մայրը` Մարգո Եղիկյանը, ասում է, որ դեռ երեկ նախարարն իրեն անձամբ է ուղեկցել աղջկա մոտ։ Աղջկա առողջական վիճակը կայուն է եղել. «Ասեց՝ մամ ինչի՞ ես եկել։ Ամեն ինչ լավ ա»:

Քիչ առաջ նրան տեղափոխեցին ծննդատուն՝ լրացուցիչ ստուգումների։ Տեղափոխելիս Անուշի քույրը հղի քրոջը ուրախ լուր հայտնեց՝ լույս աշխարհ է բերելու արու զավակ։ Հարազատները դեռ հստակ չգիտեն վնասվածքների բնույթը, կարծում են՝ մի քանի օրից դուրս կգրեն։ Մայրն ասում է՝ հղի աղջկա եւ պտղի կյանքին վտանգ չի սպառնում։ Անուշը ատամնաբուժարանից վերադառնալիս է եղել, մայրը դեպքից 10 րոոպե առաջ աղջկա հետ զրուցելիս է եղել։ Րոպեներ անց տիկին Մարգոն հեռուսացույցով լսել է պայթյունի մասին եւ կանխազգացել՝ հղին Անուշն է եղել:

Դիանա Ղազարյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter