
«Եթե տեսնում են, որ հնարավորություն ունես էս ծանրությունը բարձրացնելու` բարի կամքի տեր մարդիկ կողքից կտեսնեն եւ քեզ շատ կօգնեն»
Սառա Պետրոսյան
Բասենը Շիրակի մարզի ամենափոքր գյուղերից չէ, բայց ավելի լայն ճանաչում ունի, քան այն համայնքները, որոնց բնակչության թիվը մի քանի հազարներով է հաշվարկվում: Ավելին, բասենցիների առօրյա կյանք ու կենցաղ մտած շատ նորարարություններ դեռեւս ֆանտաստիկայի ոլորտից են անգամ քիչ թե շատ լավ համայնքի համարում ունեցողների համար: Մոտ 2000 բնակչություն ունեցող համայնքում առաջինն են ներդրել հանրապետությունում նախադեպը չունեցող վերականգնվող էներգիայի կիրառման եւ գյուղատնտեսության վարման նոր տեխնոլոգիաները: Կառուցել են արեւային ջրատաքացուցիչ, արեւային օդատաքացուցիչ, համայնքային ջերմատուն, մրգերի եւ բույսերի արեւային չորանոց, կալիֆոռնիական որդերի մինի ֆերմա եւ այլն: Այս օրերին Բասենում սպասում են եվրոպայից գնված նոր սարքավորումներին՝ վառելահատիկների պատրաստման հոսքագծին՝ կենսաբանական թափոններից վառելահատիկներ (պելետներ) արտադրելու համար:
Բասեն համայնքի ղեկավար Համլետ Պետրոսյանն ասում է, որ կենսաբանական թափոններից վառելահատիկներ արտադրելու տեխնոլոգիան Հայաստանում կիրառելու առաջին փորձն են կատարելու: «Բասենը գազիֆիկացված չէ, այդ թանկ վառելիքի դիմաց մենք ունենք ռեսուրսներ` դա ծղոտն է: Այն համապատասխան սարքերով վերամշակվելուց հետո խտացվում է, վերածվում գնդիկների, լցվում է հատուկ վառարանների մեջ ու այրվում: Այն 1,8 անգամ խիտ է փայտից: Այդ վառարանով մանկապարտեզը կջեռուցենք, բնակիչները կտեսնեն արդյունավետությունը, կտեղափոխենք տուն»,- փորձարարական կենտրոնի համարում ունեցող Բասենի վերջին նորարարությունն է ներկայացնում համայնքի ղեկավարը:
Համայնքում նաեւ երկրորդ ջերմոցն են կառուցում, որի ջեռուցումը նույնպես ապահովելու են այս տեխնոլոգիայով:
Փոքրաթիվ բնակչություն ունեցող համայնքի համար մեծ համարձակություն է փորձարարական ծրագրերում ընդգրկվելը, այն էլ համայնքային ներդրում ապահովելու պայմանով: «Նյութական սուղ միջոցներ ունեցող փոքր համայնք լինելով, ինչպե՞ս են կարողացել դոնորների վստահությունը շահել, այն էլ այդքան պատասխանատու ծրագրեր իրագործելու հարցում»,- հարցնում եմ համայնքի ղեկավարին:
«Քանի որ պաշտոնավարման առաջին երկու տարիներին հարկերի հավաքագրման տոկոսը բարձրացրել էինք եւ բավականին գումար էինք հավաքել, ֆոնդային բյուջեում էլ 8 մլն դրամ գումար ունեինք, որոշեցի մի խորամանակ քայլի դիմել· գործընկերոջս վստահությունը շահելու համար 30%-ի փոխարեն 50% ներդրեցի»,- պատասխանում է համայնքի ղեկավարը: Առաջին համագործակցությունը «Հայկական Կարիտաս» կազմակերպության հետ է եղել: Ծրագրեր իրականացնելու նրանց պայմանն այն էր, որ համայնքը 30% համաֆինանսավորում ապահովեր: «Կարիտասը» առաջնայնությունը տվել է այն համայնքներին, որոնք համաֆինանսավորման տոկոսը բարձր են նշել:
Առաջին հաջողությունից հետո համաֆինանսավորման բարձր տոկոս է ապահովել նաեւ հաջորդ ծրագրերի ժամանակ: ՄԱԶԾ Գլոբալ էկոլոգիական հիմադրամի եւ «Բիոսոֆիա» առողջապահության, բնապահպանության եւ գյուղատնտեսության զարգացման կենտրոն» հ/կ-ից ջերմոցի եւ արեւային ջրատաքացուցիչներ տեղադրելու առաջարկ է արվել համայնքին: Նրանց աջակցությամբ նաեւ կալիֆոռնիական որդերի մինի ֆերմա են ստեղծել: «2011թ.-ից, երբ սկսեց գործել Բասենի համայնքային մանկապարտեզը, հաստատությունը ջեռուցելու խնդիր կար, ինչը շատ մեծ բեռ էր համայնքային բյուջեի համար, քանի որ բնակավայրը գազիֆիկացված չէ եւ ջեռուցումն իրականացվում է էլեկտրաէներգիայի միջոցով: Ձմռանը գործելու դեպքում լրացուցիչ 1 մլն դրամ կծախսվեր մանկապարտեզը ջեռուցելու համար: Այդ պատճառով ձմեռային ամիսներին մանկապարտեզը չի գործել»,- ասում է համայնքի ղեկավարը:
Հաշվարկել են, որ համայնքում վերականգնվող էներգետիկայի եւ գյուղատնտեական նոր տեխնոլոգիաների կիրառումը կնպաստի համայնքային կենտրոնի եւ մանկապարտեզի ծախսերի կրճատմանը, եկամուտների աճին, իսկ խնայված ռեսուրսները կուղղորդվեն համայնքի այլ կարիքները լուծելուն: Ջերմոցի արեւային ջրատաքացուցիչը կառուցել են զուտ մանկապարտեզի ծախսերը նվազեցնելու համար, մինչ այդ էլեկտրաէներգիայով էին տաքացնում: Երեխաներին էկոլոգիապես մաքուր, թարմ բանջարեղենով ու կանաչեղենով ապահովելու համար կառուցել են 50 քմ ջերմոց, որից ստացած 500 կգ պոմիդորն ու վարունգը լիովին ապահովել է մանկապարտեզ հաճախող 56 երեխաների կարիքները: Ավելացած բերքը վաճառել են աշխատողներին:
Միայն ջրատաքացուցիչները գործադրելուց 500 000 դրամ են տնտեսել համայնքային բյուջեում, եւս 200 000 դրամ խնայվել է ծնողների վարձավճարներից, որով մանկապարտեզի համար գույք են ձեռք բերել: Համայնքային բյուջեից խնայված գումարից վճարում են 170 աշակերտների դասագրքերի համար: 2014 թ.-ին ստեղծել են «Բասենի զարգացման հիմնադրամը», եւ տնտեսված գումարները փոխանցել են հիմնադրամ՝ համայնքում նոր աշխատանքներ կատարելու համար:
«Նախագիծն ապացուցեց, որ Հայաստանի հյուսիսում, կլիմայական համեմատաբար անբարենպաստ պայմաններ ունեցող համայնքներում շատ արդյունավետ է վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաների կիրառումը` սոցիալ-տնտեսական եւ գյուղատնտեսական խնդիրները լուծելու, ջերմոցային տնտեսությունը զարգացնելու, համայնքներում բնապահպանական խնդիրները մեղմելու տեսակետից»,- համոզմունք է հայտնում Հ· Պետրոսյանը: Ասում է, թե համայնքի բնակիչները չէին պատկերացնում, որ արեւը կարող է ջուրը եռացնել: Ձեռքները պահեցին տակը եւ տեսան, որ գազի տաքացրած ջրից էլ տաք է, մտածեցին, որ Աստված հրաշագործ է, եւ այդ հրաշքն էլ կարող են կիրառել:
Բասենի 20 տների կտուրներին այսօր տեղադրված են արեւային ջրատաքացուցիչներ: Գյուղում մի ընտանիք, համայնքային ջերմատան օրինակով, 240 քմ մակերսով ջերմատուն է կառուցել եւ զբաղվում է բանջարեղենի արտադրությամբ: Կենսաբանական թափոններից ստացված խտացված վառելանյութը փորձարկելուց հետո կտրամադրեն նաեւ բնակիչներին՝ տները ջեռուցելու համար: Արտադրված էլեկտրաէներգիայի ավելուցուկը էլեկտրացանցին վաճառելու հնարավորություն ունեն:
Համլետ Պետրոսյանի ոչ միայն գործունեությունը, այլեւ մտածողությունը լուրջ մարտահրավեր է բոլոր համայնքների ղեկավարներին: Նա իր աշխատաոճով կոտրում է հարյուրավոր համայնքապետերի մոտ ձեւավորված այն կարծրատիպը, որ հաջողություններ կարող են ունենալ մայրաքաղաքին մոտ գտնվող համայնքները, զարգանալ կարող են միայն բնական ռեսուրսներով հարուստ, բնակլիմայական բարենպաստ պայմաններ ունեցող համայնքները: Այն համայնքները, որոնց ղեկավարները բարիդրացիական հարաբերություններ ունեն մարզպետների ու պետական պաշտոնյաների հետ, որպեսզի պետական բյուջեից գումարներ ստանան:
«Եթե տեսնում են, որ հնարավորություն ունես էս ծանրությունը բարձրացնելու` բարի կամքի տեր մարդիկ կողքից կտեսնեն եւ քեզ շատ կօգնեն: Մարդուն միայն ցանկություն է պետք գործ անելու, մնացածը կլինի»,- Բասեն համայնքի հաջողությունների գաղտնիքն այսպես է մեկնաբանում համայնքի ղեկավարը:
Այդուհանդերձ, բոլորը չէ, որ նորարարությունները կիրառելու համարձակություն կունենային, եթե պատկերացում չունենային այդ ամենի մասին:
«Դպրոցական տարիներից սեր ունեի տեխնիկայի նկատմամբ: 1992թ.-ին 9-րդ դասարան էի, երբ քամին օգտագործեցի որպես էներգիայի աղբյուր: Այն ժամանակ լույս չկար, ինտերնետ չկար ինֆորմացիայի այլ աղբյուրներ չկային, բացի ֆիզիկայի գրքից, որը կարող էր ինձ ոգեշնչել: Մեկ էլ մեր քամին էր, որն օգնեց ինձ միտքս հղացնել եւ ներկա պահին այդ կառույցը մեր բակում կա: Դրանով ես առաջինն իմ ընտանիքին ապացուցեցի, որ կարող եմ լույս ունենալ, երկրորդ օրը ողջ գյուղին ապացուցեցի, որ քամուց լույսը կվառվեր»,- փայլատակող աչքերով պատմում է Համլետ Պետրոսյանը:
«Դաշտում քանդված, թալանված էքսկավատոր կար եւ տեսա, որ քամին թեւերը կֆռցներ: Մեջս միտք հղացավ, որ կարելի է բարձր աշտարակի վրա մեծացնել, հզորացնել, տրակտորի գեներատորի վրա դնել ու լույս ստանալ: Էդ փոքր մտահղացումը բնությունն ինձ հուշեց, կարողացա նպատակին հասցնել: Երկրորդ օրն էլ ապացուցեցի ողջ համայնքին, որ քամուց լույսը կվառվեր: Դրանից հետո էդ կրակը իմ մեջ սկսեց բոցերի վերածվել»,- պատմում է Բասեն համայնքի ղեկավարը:
Սովորել է Պետական ճարտարապետական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում: Պատմում է, որ ուսումը շարունակելու հնարավորություն չի ունեցել, բայց արարելու ձիրքը մեջը չմեռավ: «Համալսարանում կարողացա ավելի խորացնել գիտելիքներս, զգացի, որ մարդու մեջ անսահմանափակ կարողություն կա, կարելի է անընդհատ պրպտել, փնտրել եւ գտնել, ինստիտուտը ինձ շատ օգնեց այդ առումով: Պատանեկան տարիների երազանքներս արդեն կարելի է կիրառել որպես համայնքի ղեկավար»,- ասում է նա:
Համլետ Պետրոսյանը 8 տարի է Բասեն համայնքի ղեկավարն է: Մինչ այդ, առաջադրվել է երկու անգամ, սակայն հաջողություն չի ունեցել, ինչպես ինքն է ասում՝ քանի որ ընդամենը 15 հոգի ազգական ուներ գյուղում: Երրորդ անգամ, երբ առաջադրվել է, 7 մրցակից ուներ, բայց ողջ համայնքը նրան է վստահել ղեկավարումը:
«Ի՞նչ էր փոխվել բնակիչների մեջ, երբ երկու անգամ մերժելուց հետո, երրորդ անգամ նախապատվությունը Ձեզ տվեցին»,- հարցնում եմ պրն Պետրոսյանին: Պատասխանում է, որ 2008 թ.-ին, երբ ընտրվեց համայնքի ղեկավար, առաջին խնդիրը եղել է բնակչության մեջ հոգեւոր տեղաշարժ մտցնելը, քանի որ մարդկանց հետաքրքրությունները նվազել էին բոլոր առումներով: «Առաջին գործս այն եղավ, որ մանուկ երեխեքի հետ գյուղի եկեղեցու տարածքի աղբը ձեռքով մաքրեցինք: Երիտասարդների մեջ հույս ու հավատ արթնացավ: Նրանցից ակտիվ խումբ ստեծվեց, որը բնակչության մեջ շրջայց կատարելով վեր հանեց համայնքային խնդիրները»,- պատմում է նա:
Ասում է, որ այդ հարցերից շատերի լուծումը ֆինանսական մեծ ներդրումներ էր պահանջում, բայց բնակչության առաջին ցանկությունը եկեղեցի ունենալն էր: Եկեղեցին վերականգնելու համար մեկնում է Ռուսատանի Դաշնություն՝ այնտեղ գտնվող բասենցիներից 10 օրում 14 հազար դոլար է հավաքում, ֆինանսական ներդրում է կատարում նաեւ համայնքային բյուջեից, եւ գյուղի երիտասարդների կամավոր աշխատանքի շնորհիվ վերականգնում են եկեղեցին:
«Դա մեծ նշանակություն ունեցավ իմ եւ իմ համայնքի այսօրվա զարգացման համար: Ես նկատում էի, որ մարդիկ պատրաստակամ էին ցանկացած աշխատանք կամավոր կատարելու եւ մի մասը կվճարեին, մի մասը վճար կուզեին, բայց եկեղեցու հարցում բոլորն անխտիր անվճար էին կատարում: Հենց այդտեղից զգացի, որ իմ ամուր տեղն այդ է, եւ հաղթանակ ունեցա»,- պատմում է համայնքի ղեկավարը:
Եկեղեցին վերականգնելուց հետո փողոցային լուսավորություն են անցկացրել, գյուղի սելավատարներն են մաքրել, հուշարձանային համալիրն են բարեկարգել, կանգառներ տեղադրել, գյուղի մի հատվածում 2 կմ ջրային ցանց է կառուցվել, ես 1600 մ մեկ այլ հատվածում, որտեղ ընդհանրապես խմելու ջուր չունեին: «Գյուղացիների 50%-ն ամառվա շրջանում խմելու ջուր չուներ: Այդ հարցն արդեն ավարտել ենք: Բնակիչները թերահավատ էին, ասում էին, թե սովետի ժամանակ չկարողացան, դու ինչպե՞ս սարքեցիր: Ես տարա ցույց տվեցի կապտաժները, որ միացվել էին աղբյուրներին: Այդտեղ ապացուցվեց, որ գեղովի կանգնենք, գերանը կկոտրենք, եւ այդ գերանը կոտրեցինք»,- Բասենի հաջողություններն է ներկայացնում Հ· Պետրոսյանը:
«Ներդրումներ կատարելու համար գումար է պետք, իսկ բոլոր համայնքների ղեկավարների համար դժվարությունը հարկերը հավաքագրելն է»,- նկատում եմ ես: Համայնքի ղեկավարն ասում է, որ ընտրվելուց հետո 1,5 տարի միայն աշխատակազմի հետ ունեցած ներքին պայքարը լուծելուն է տրամադրել: Հին կարծրատիպով աշխատողներ կային, որոնք չէին համակերպվում նոր պահանջների՝ աշխատաժամին աշխատավայրում լինելու, մարդկանց հետ վարվեցողության կարգ ունենալու եւ այլնի հետ: Բազմաթիվ հարցեր էին կուտակվել, համայնքի բյուջեն ընդհանրապես չէր կատարվել` հավաքագրումը 5% էր, 9 մլն դրամ դոտացիան միայն աշխատավարձ էին բաժանել: Գյուղապետարանի դուռը չէր բացվում, մարդիկ տեղեկանք անգամ չէին կարողանում վերցնել, հույսներն իրենց վրա դնելով համայնքային խնդիրներ էին լուծում թե՛ համայնքի ներսում, թե՛ դրսում:
«Նախկինում պայմանն այս էր· հարկերդ տուր` պարարտանյութ կտանք: Ես հակառակն արեցի` տվեցի նրանց անսահմանափակ վառելիք, պարարտանյութ, ինչ հարցով կգային` մեր սուղ բյուջեից գումար տվեցինք: Մարդիկ են եղել, որոնց հորդորել եմ` տանեն, ցանեն, որ չբողոքեն իրենցից, իրենց Աստծուց: Տվեցինք ու զգացինք, որ գործը հաջողվեց: Առաջին տարին 80% հողի հարկի հավաքագրում ունեցա, հաջորդ տարվանից 120-150%: Շատ ժամանակ բնակիչներն ասում էին, թե փող հավաքենք այսինչ բանն անենք: Ասում էի՝ դու փող մի՛ հավաքիր, հարկդ տուր` մենք կանենք: Եթե կուզես համայնքիդ օգնես` կգաս մեկ օր անվճար կաշխատես: Հետո տարուց-տարի դոտացիան 9 մլն դրամից հասավ 28 մլն-ի: Իմ առաջին խնդիրն էր ստեղծել մի տեղ, որտեղ բոլորը կարող էին գալ եւ ներկայացնել իրենց խնդիրը, ուսումնասիրեինք եւ համատեղ լուծումներ փնտրեինք»,- նշում է համայնքապետը:
Մարզպետարաններում նորարարությունները չեն ողջունում: Համլետ Պետրոսյանը համամիտ է ինձ հետ եւ ավելացնում է· «Քանի որ այլընտրանքային ոլորտը մի քիչ էլ ֆանտաստիկա է, դրա համար ոչ բոլորն էին լրջորեն մոտենում»: Ասում է, որ միջազգային կազմակերպությունների հետ ավելի հեշտ է աշխատելը, գյուղում այսքան շատ աշխատանք է կատարվել նրանց աջակցությամբ եւ Բասեն զարգացման հիմնադրամի միջոցներով: Նրանք ամեն անգամ գոհ ու հրճվանքով են հեռացել գյուղից, որ հայկական գյուղերում, որտեղ ամեն ինչը գաղջ ու մութ է ներկայացված, կարողանում են նաեւ այսպիսի կյանք ստեղծել: «Մարզպետարաններում մի քիչ ուրիշ է: Եթե նոր համայնքապետ է, ռոմանտիկ մտքերով, երիտասարդ է, ասում են`«ըսիգ եսիմ ով է, ինչ պդի էնե»,- պատմում է նա:
Որքանո՞վ է Բասենի փորձը վարակիչ եղել շրջակա համայնքների համար,- հարցնում եմ համայնքապետին: Նա ասում է, որ որոշ նորարարություններ ներմուծել են Բասենից, օրինակ, փողոցային լուսավորությունը: «Մեր գյուղի միջով կանցնեին-կդառնային, կըսեին` «Ինչխո՞ր Քյափանակը կդնե-կենե, ըդոնց փողն ուրդի՞ց, որ ···»: Ստիպեցին իրենց գյուղապետերին՝ էրեցին»,- հարեւան համայնքների բնակիչների նախաձեռնողականությունն է ներկայացնում համայնքի ղեկավարը: Ապա վերհիշում է հուշարձանային համալիրի վերականգնման ժամանակ նրանց դրսեւորած «խանդոտ» վերաբերմունքը · «Հիմի նայեք ինճըխ խառնե գը սաղին իրար»:
«Մյուս համայնքներին հորդորում եմ, որ փորձեն, ինձ ոչ ոք չի օգնել, բայց ես պատրաստ եմ իրենց օգնելու: Ասում են` մենք փող չունենք, ամբողջը թող ներդրողներն անեն: Ես համաձայն չեմ, եթե ես գրպանիս փողը չծախսեցի, ձրի տված ոչ մի բանը այնպես չեմ օգտագործի, ինչպես պետք է: Համայնքի ղեկավարը բնակչությանը հաշվետվություն ներկայացնելիս պետք է ասի` սա ձեր տված հարկն է, կուզեք` ջարդեք, փշրեք: Ու էս հիմնական միտքը, որ երիտասարդների մոտ կա, հին կարծրատիպերից լիովին ձերբազատվել են: Անընդհատ պետությունից պահանջելով չի լինի, եկեք տեսնենք մենք մեր գյուղը, բակը որքանո՞վ ենք մաքուր պահում, որ այսօր պետությունից պահանջում ենք հսկայական բաներ: Ձեր գյուղապետին հարկադրեք, աշխատացրեք, վերահսկեք, տեսեք չի՞ աշխատում, հետո դիմեք վերեւներին»,- համայնքը վերափոխելու իր բանաձեւն է ներկայացնում համայնքապետը:
«Խթանելու, կյանք տալու համար շատ մեծ բան պետք չէ, մե քիչըմ սիրեսգը երգիրդ: Մեր համայնքն էլ մեր մեծ ընտանիքն է եւ լավ եմ զգում, որ նախկինում Բասենի մասին չգիտեին կամ միայն բացասական իմաստով էին հիշում, իսկ հիմա միայն գովեստով են խոսում: Ուկրաինայի էի գնացել մեր փորձը ներկայացնելու համար, ես խոսում եմ 2000 հոգու անունից»,- հպարտությամբ ներկայացնում է Բասեն համայնքի ղեկավարը:
Վերջին ընտրության ժամանակ որոշել է, որ եթե մրցակցից 100 ձայնի առավելություն ունենա` հաջորդ անգամ չի առաջադրվի: Ասում է այնքան շատ ձայն տվեցին, որ դա իրեն ստիպում է նորից աշխատելու, նորից փնտրելու, գտնելու, նորից ցույց տալու, որ այս երկիրը լուրջ հնարավորություններ ունի: «Այս համայնքում ես կոտրեցի մի կարծրատիպ, որ մեծ ազգություն ունեցողը, եթե գործունյա չէ, համայնքի ղեկավար չի ընտրվի»,- ասում է Համլետ Պետրոսյանը:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել