Սահմանը հսկող եզակի սենսորներ. գյուտը կա, արտադրության համար ներդրում` ոչ
Հայ գիտնականների եզակի գյուտը, որն այսօր առաջնագիծը պաշտպանելու հնարավորություն ունեցող նորագույն տեխնոլոգիա է, գրավում է միայն արտերկրի շուկան: Միջազգային փորձարկումների արդյունքում պարզվել է, որ հայկական սենսորներն իրենց չափանիշներով գերազանցում են մրցակից բոլոր սարքավորումները: Չնայած դրան` Հայատանի կառավարությունը չի պատրաստվում ներդրում կատարել այդ սարքերի արտադրության համար:
Որևէ քայլ չի ձեռնարկվել նաև ապրիլյան դեպքերից հետո: Գյուտի հեղինակն ու այն առևտրայնացնող ընկերության աշխատակիցներն ասում են, որ արդեն հոգնել են ու անօգուտ են համարում այս մասին խոսելը: Նրանք տարիներ շարունակ դիմել են պետական կառույցներին, բարձրաձայնել դրանց անհրաժեշտության մասին, սակայն առևտրայնացելու և արտադրության ոլորտում ներդրում կատարելու հարցում գերատեսչությունները քայլեր չեն ձեռնարկում: Գիտնականներն այնքան են հիասթափվել, որ չեն ուզում հարցն այդ համատեքստում այլևս երբևէ լուսաբանվի: Մնում է երկրորդ՝ ոչ պակաս կարևոր համատեքստը` հայկական գիտական նվաճման հաջողությունն արտերկրում, որը, հակառակ զրուցակիցներիս ցանկության, ավելի է շեշտում առաջինը` կառավարության անգործությունը:
Սարքը 20 տարվա գիտական աշխատանքի արդյունք է
Տեղեկատվական տեխնոլոգիաների և պաշտպանության ոլորտի համագործակցության անհրաժեշտությունն իրեն զգալ տվեց հատկապես ապրիլյան դեպքերից հետո: Հրադադարի հաստատումից ի վեր բազմաթիվ են արձանագրված դիվերսիոն ներթափանցման փորձերը, որոնք կանխել հնարավոր չի եղել: Առաջնագծում տեղադրված մետաղյա տարաները դիվերսիան հեռահար կանխատեսելու և վաղ կանխելու տեխնիկական արդյունավետ միջոց չեն: Դրանք հատկապես անկարող և հին են թվում գերզգայուն սենսորների ֆոնին:
«Փի էս Այ» ընկերության գլխավոր տեխնոլոգ, գյուտի հեղինակ, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի պինդ մարմնի ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի լաբորատորիայի գիտաշխատող Սամվել Գևորգյանը հրաժարվեց հարցազրույց տալ: Իսկ որպես պատճառ նշեց, որ այլևս համակարգին չի վստահում՝ ո՞ւմ համար խոսի, պատասխանատու պետական կառույցներն այդ սարքերի տեղը շատ լավ գիտեն:
Նշենք, որ Սամվել Գևորգյանի հետ մեր զրույցի նախորդ օրը հրավիրված մամուլի ասուլիսին լրագրողների հարցերին պատասխանել էր Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը, որի խոսքը հատկապես զայրացրել էր գիտնականին: Անդրադառնալով սահմանում զոհերի թիվը նվազեցնելու պոտենցիալ ունեցող սարքավորումների արտադրության ֆինանսավորմանը` Վարդան Այվազյանը անորոշ պատասխան էր տվել` ակնարկելով, թե սարքերի արդյունավետությունը փաստող տվյալներ են պետք: «Պատկերացրեք՝ օրական քանի հոգի տենց առաջարկով կարող ա գա»,- ասել էր Վարդան Այվազյանը:
Վարդան Այվազյանի և նույն «մտահոգությունը» ունեցող պաշտոնյաների համար նշենք, որ սենսորային սարքերի նոր սերնդի գիտական ծրագիրը համաֆինանսավորել է նաև պետությունը: Պետական բյուջեի 2013թ. օրենքով` Գիտության պետական կոմիտեի միջոցով «Փի էս Այ» ընկերությանը փոխանցվել է մոտ 6 միլիոն դրամ: Ծրագիրը կոչվում էր. «Երեք առանցքներով տատանումներ գրանցող սեյսմիկ դետեկտոր, որը գործելու է աննախադեպ լայն հնարավորություններ ընձեռնող SFCO նոր տվիչի հիման վրա»:
Գիտության պետական կոմիտեի տրամադրած դրամաշնորհն ընդամենը մի մասն է այն գումարի, որը ծախսվել է այս ծրագրի վրա, սակայն ապացույց է, որ պետությունը փող է ծախսում մի բանի վրա, որը հետո իրեն պետք չի գալու, այն աստիճան, որ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նույնիսկ չի իմանալու դրա գոյության մասին:
«Փի էս Այ» ընկերության ծրագրերի ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտություների թեկնածու Վարդան Գևորգյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ սենսորային սարքերի գիտական հայտնագործությունը մոտ 20 տարվա լուրջ հետազոտությունների արդյունք է: 2008-ին, երբ արդեն որոշել են մտնել շուկա, հիմնել են «Փի Էս Այ» ընկերությունը:
Ընկերության հիմնական բաժնետերը գյուտի հեղինակ Սամվել Գևորգյանն է: Համաբաժնետերեր են «Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը» (ԳԱՏԱՀ), վերջինիս հիմնադիր-նախագահ Հարություն Կարապետյանը, ԱՄՆ-ի քաղաքացիներ Լևոն Փոլ Թորոսն ու Ռանդալ Էդվարդ Քնարը: Լևոն Թորոսը նաև ընկերության տնօրենն է, ում հետ չկարողացանք զրուցել արտերկրում լինելու պատճառով:
«Առևտրայնացումն այն փուլում է, որ ընկերությունն ունի պատրաստի մոդելներ, որոնք տարվում և ցուցադրվում են տարբեր դեմոնստրացիաների: Դա ինչ-որ թղթի վրա գրված բան չէ, մեզ պետք է գործընկեր, որի հետ համատեղ ֆինանսավորմամբ արդեն մեծաքանակ արտադրություն լինի»,- ասում է Վարդան Գևորգյանը:
Ընկերության ծրագրերի ղեկավարը նշում է, որ Հայաստանում այդ սենսորները կարող են կիրառվել երկու` սեյսմիկ և առաջնագծի վերահսկողության ոլորտներում, որոնց համապատասխան գերատեսչություններին էլ համագործակցության առաջարկ է արվել: Թե՛ սեյսմիկ անվտանգության ազգային ծառայության, թե՛ պաշտպանության նախարարության հետ համագործակցությունն այդպես էլ չի ստացվել: «Պաշտոնապես քնննարկվել է այդ ամենը 2008թ.-ից, ինչ հիմնադրվել է ընկերությունը: Մեր հիմանական շեշտն այն էր, որ Հայաստանում առաջինը կիրառություն գտնի ու Հայաստանում արտադրվի ամբողջը, դուրս չհանենք: Բայց քանի որ Հայաստանում չստացվեց, հիմա դրսի շուկայի հետ ենք աշխատում»,- ասաց Վարդան Գևորգյանը:
Սենսորային սարքը տարբեր սերունդներ է ունեցել: Վերջին՝ նորացված տարբերակի ծրագիրն իրականացվել է 2013-2014թթ., որը համաֆինանսավորել է ԱՄՆ-ի գործընկեր ԱՄՆ Global Innovations Inc./GII ընկերությունը: Արտերկրի գործընկերների հետ համագործակցության առանցքը հիմնականում համատեղ փորձարկումներն են` սենսորային սարքերը կատարելագործելու նպատակով: Ապագայի մոդելի ծրագրում նախատեսված է, որ սենսորը տարբերակելու է մոտեցող մարդուն կենդանուց:
Վարդան Գևորգյանը նշում է, որ սարքավորումներով հետաքրքրված են ոչ միայն ԱՄՆ-ի, այլև եվրոպական երկրների իրենց գործընկերները: Հատկապես ո՞ր երկրների մասին է խոսքը, նա չի մանրամասնում. «Դա հիմա ընկերության կոնֆիդենցիալ ինֆորմացիան է, բայց, օրինակ, Իտալիայի հետ այժմ հաստատ կա համագործակցություն, հիմա սարքը համատեղ կատարելագործվում է, որպեսզի հետո որևէ ծրագրի շրջանակներում արդեն ուղարկվի արտադրության»:
Հարցին, թե որքան ներդրում է անհրաժեշտ Հայաստանում համապատասխան գործարան հիմնելու և արտադրություն սկսելու համար, Վարդան Գևորգյանը մոտավոր արժեք է նշում` 5-10 միլիոն ԱՄՆ դոլար: «Նայած` ինչ քանակի արտադրություն պետք է լինի, կամ ամբողջը էստե՞ղ է արտադրվելու, թե՞ ոչ: Օրինակ` ազդանշանն ընդունող սարքը էստե՞ղ պետք է արտադրվի, թե՞ դրսում. եթե դա էլ է էստեղ արտադրվելու, մոտ 10 միլիոն դոլար է անհրաժեշտ»,- ասում է Վարդան Գևորգյանը:
Սարքավորումները մի քանի անգամ փորձարկվել են պաշտպանության նախարարության ներկայացուցիչների ներկայությամբ: Վարդան Գևորգյանի խոսքով` ՊՆ տարբեր ներկայացուցիչներ տարբեր կարծիքներ են արտահայտել: «Մարդիկ են եղել, որ դրական եզրակացություն են տվել և ասել են, որ դա շատ օգտակար է ու պետք է բանակին, բայց եղել են նաև մարդիկ, որ չեն ուզել, այսինքն` երկու կարծիքն էլ եղել է»,- ասում է Վարդան Գևորգյանը: Արդյունքները, ըստ Վ. Գևորգյանի, արձանագրվել են և փորձակումների հիման վրա նախարարությունում պաշտոնական փաստաթղթեր են կազմվել:
Սարքի` դրսում փորձարկման արդյունքը միանշանակ դրական է: «ԱՄՆ-ում մեկուկես տարի առաջ լուրջ փորձարկումներ է անցել էս սարքը, որոնք փաստաթուղթ են տվել` իրենց ստորագրությամբ հաստատված, որ այս սենսորները այս պահին շուկայում եղած այս ոլորտի սենսորներին գերազանցում են կարգերով»,- ասաց Վարդան Գևորգյանը:
Որո՞նք են գերազանցող չափանիշները, եթե համառոտ թվարկելու լինենք, Վարդան Գևորգյանը պատասխանում է. «Եթե ոչ գիտական լեզվով ասենք, որ ընթերցողին մատչելի լինի, օրինակ` երբ հողի մեջ թաղում ես սարքը ու մարդ է հեռվից քայլում, մարդու քայլերը շատ հեռվից է զգում` մոտ 250 մետրից: Դա, իհարկե, կախված է տեղանքից` աղմո՞ւկ է, թե՞ ոչ, բայց բաց դաշտերում, որտեղ աղմուկ չկա, կողքով մեքենա չի գնում, էնպիսի տեղեր, ինչպիսին մեր սահմանն է, էդտեղ մոտ 250 մետրից քայլերը գրանցում է, ասում է` մարդ է գալիս: Իսկ էսօր շուկայում ամենալավ սենսորները մոտ 20 մետրից ավել չեն զգում»:
Հ.Գ. 2008թ.՝ հիմնադրման տարում, ընկերությունը Սինգապուրում մասնակցել է ՏՏ ոլորտի միջազգային մրցույթի և շահել առաջին մրցանակը` որպես լավագույն հեռանկար ունեցող տեխնոլոգիա առաջարկող ընկերություն: Նույն տարում Լոնդոնում կայացած միջազգային մրցույթում ընկերության արտադրանքն ընդգրկվել է աշխարհի 6 լավագույն տեխնոլոգիաների շարքում:
Սարքավորման լուսանկարները` ընկերության պաշտոնական կայքից
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել