HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոչ Եվրոպային և միջազգային հանրային կարծիքին, արաբական աշխարհին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարածաշրջանային հարցերում դատավորի դեր ստանձնելու իր հավակնություններում ամեն օր ավելի է ծավալվում: Էրդողանն իր այդ ընթացքը գագաթնակետին հասցրեց, երբ Սիրիայի վարչակարգին կոչ արեց «ժողովուրդ չկոտորել», հավելելով, որ «այլապես պատմությունը նրան հիշելու է որպես արյունարբու»:

Հայ ազգի դիակի վրա պետություն կառուցողների ժառանգորդներ՝ պարոն Էրդողանն ու թուրք պետական մյուս գործիչները ինչպես են համարձակվում այլոց գլխին բարոյական խրատներ կարդալ, երբ ողջամիտ աշխարհին հակադրվելով և նույնիսկ մերժելով թուրք առաջադեմ մտավորականության առաջարկները, իրենց նախնիների կողմից մարդկության դեմ կատարված հրեշային հանցագործությունը՝ Հայոց Ցեղասպանությունը և հայ ազգին իր բնօրրանից բռնագաղթի ենթարկելու իրողությունը ընդունելու և ներողություն խնդրելու փոխարեն, Հայոց ցեղասպանության եղելությունը հարցականի տակ դնելով, շարունակում են ցեղասպանության քաղաքականությունը:

Թուրքիան նույնպես ընդիմանում է սրբագրելու երկրի քաղաքացիական խտրական օրենսդրությունը, որ արդեն երեք տասնամյակ է ինչ եվրոպական կառույցները հորդորում են նրանում փոփոխություն մտցնել, և առաջին հերթին Թուրքիայի սահմանադրությունից ջնջել 301-րդ տխրահռչակ միջնադարյան հոդվածը, որի վերջին զոհն է՝ բոլոր ազգային փոքրամասնությունների տառապանքների մասին խոսող հրատարակիչ Զարաքոլուն: Ուստի նախքան եվրոպական երկրների առաջնորդների առողջ հորդորներին անսալու և դեմ հանդիման գալու սեփական պատմության մութ էջերի հետ, որից հետո միայն Թուրքիան կարող է ընդունվել որպես քաղաքակիրթ աշխարհի ընտանիքի անդամ, Պարոն Էրդողանը իրավունք չունի ուրիշներին բարոյական խրատներ տալ:

Թուրքիան «Զերո կոնֆլիկտ հարևանների հետ» երկդիմի իր քաղաքականությունն այսօր փաստորեն վերածվել է «Հարևանների հետ Զերո բարեկամության», գրեթե բոլոր հարևանների դեմ ամենօրյա գրգռություններ հրահրելով և հակադրվելով միջազգային հանրության հորդորներին, համառորեն շարունակելով Կիպրոսի հյուսիսային հատվածի 37-ամյա բռնագրավումը:

Ո՞ր միամիտը կարող է հավատալ, որ Թուրքիան Գազայի հարցում մարդասիրական և ոչ շահադիտական նպատակներ է հետապնդում, երբ ինքն արդեն 18 տարի է ինչ դաժանորեն շրջափակման է ենթարկել փոքրիկ Հայաստանին՝ չթաքցնելով իր ցեղապաշտական գաղափարները, որ այդ շրջափակումով զինակցում է իր ենթադրյալ ցեղակից Ադրբեջանին:

Կոչ ենք ուղղում Արաբ և ի մասնավորի Եգիպտոսի, Թունիսի, Լիբիայի, Սիրիայի և Իրաքի ժողովուրդներին՝ չվստահել Թուրքիային և լինել ինքնուրույն: Արաբ ժողովուրդը որ 1915-ի Հայոց Ցեղասպանությունից հետո գրկաբաց ընդունեց հայ որբերին ու փախստականներին, ինքն էլ իր հերթին Թուրքիայի մեծապետական քաղաքականության զոհն էր:

Չպետք է վստահել Թուրքիային մանավանդ այսօր, երբ  այլևս նա չի թաքցնում, տարածաշրջանի ժողովրդներին կոտորելու և ստրկացնելու հաշվին գոյատևող, Օսմանյան կայսրության վերականգնման երազանքը:

Կոչ ենք ուղղում նաև Եվրոպական ու Միջազգային կառույցներին, որ տարածաշրջանային մարդասիրական ծրագրերից ոչ մեկում չներառեն Թուրքիային, քանի դեռ նա չի ընդունել հայերի դեմ իրականացրած Ցեղասպանությունը և չի լրացրել  եվրոպական կառույցների կողմից իր դեմ դրված նախապայմանները:

Եվրոպայի հայերի համագումար

16 նուեմբերի 2011թ.

 

Մեկնաբանություններ (1)

mehmet
This is the most dillusional piece of comedy writing around. There are revolutions all around the middle east, and this piece says Arabs should not accept any help from Turkey, no humanitarian help should be given to Turkey for earthquakes, Turkey should just dissappear! Wishful thinking on a massive scale.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter