
Պլաստիկե տարաները «չմարսվող թույն են», բայց դրանից կարել է նաեւ օգուտներ ստանալ
«Սա բնության համար չմարսվող թույն է»,- «Կապանի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի բակում կուտակված պլաստիկ շշերը մատնացույց անելով ասում է ՀՈԱԿ-ի սանմաքրման ու կանչապատման ծառայության պետ Մարատ Ղազարյանը:
Կապան քաղաքում տեսակավորված աղբահանում է իրականացվում, կենցաղային աղբի համար նախատեսված արկղերի կողքին տեղադրված ցանցապատ տարաներում առանձնացվում են պլաստիկե շշերը: Կոմունալ ծառայության շենքի տարածքում արդեն 1,5 տարի պլաստիկ թափոնի մամլիչ է տեղադրվել, որով պլաստիկե շշերը սեղմում են ու պահեստավորում: Այդ գործիքը ՄԱԿ-ի Գլոբալ կոմպակտ ծրագրի նվերն է Կապան քաղաքին:
![]() |
![]() |
Ծրագիրն իրականացրել են «Ուրբան» կայուն զարգացման հիմանդրամի հետ համատեղ, որը ներդրել է 26,600 մլն դրամ, իսկ Կապան քաղաքը համայնքային բյուջեից հատկացրել է 5 մլն դրամ:
«Այդ պլաստիկը ոչ միայն աղբարկղերում էր հայտնվում, այլեւ քամու միջոցով տարածվում էր ամենուր` փողոցներում, բակերում, գետերում, կանաչապատ տարածքներում, հանգստի գոտիներում: Պլաստիկի քայքայման համար տասնյակ տարիներ է պահանջվում, հետեւանքները վտանգավոր են շրջակա միջավայրի եւ բնակչության առողջության համար: Դրանք հավաքողները քրքրում են աղբավայրը, քաղաքային աղբավայրում հրդեհի պատճառ են հանդիսանում»,- ասում է Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը:
«Ի՞նչ է փոխվել քաղաքում այս ծրագրի իրականացման արդյունքում»,- հարցնում եմ քաղաքապետին: Վերջինիս ասելով` ծրագիրն իրենց սպասելիքները մասամբ է արդարացրել, քանի որ բնակիչները միշտ չէ, որ դրանք առանձնացնում են, եւ պլաստիկ շշերի մի մասը կենցաղային աղբի հետ հայտնվում է աղբավայրում: Հույս ունեն, որ տարիների ընթացքում, մարդկանց մեջ այդ մշակույթն աստիճանաբար կձեւավորվի եւ կհասնեն արդյունքի: Բացի այդ, արկղերի պակաս ունեն, առայժմ միայն քաղաքային բնակավայրում են պլաստիկի համար արկղեր տեղադրված:
Կապանում մաքրությունն աչքի է զարնում: Քաղաքի տարածքով հոսող Վաչագան եւ Ողջի գետերը տարվա այս սեզոնին վարարած են, սակայն գետում ջրաբերուկներ չեն նկատվում:
«Մտավախությամբ եմ կամուրջով անցնում: Վաչագան գետի վրա սելավատար կառուցեցինք, որպեսզի գետի բերվածքները, նաեւ վարարման ժամանակ սելավները չողողեն մարդկանց տներն ու հողամասերը: Պաշտպանված լինելու համար գետը պետք է մաքուր պահենք»,- ասում է քաղաքապետը: Քաղաքապետարանը 2015 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Վաչագան գետի հունը, 920 մ երկարությամբ, մաքրել են: Ա. Հայրապետյանը նշեց, որ վերջին 20 տարիներին նման կապիտալ աշխատանք չէր արվել:
Կոմունալ ծառայության պետն իր հերթին նշում է, որ պլաստիկի առանձնացված հավաքումը, մաքրության առումով, քաղաքում փոփոխություն մտցրել է: «Լավ ծրագիր է, եթե ժողովուրդը պլաստիկե տարաներն առանձնացնի: Սկզբում շատ ակտիվ էին, բայց հետո աղբի հետ միասին են լցնում»,- նշեց նա:
Ծրագրի մաս կազմող պոլիէթիլենային տոպրակներից ձերբազատվել չի հաջողվել: Ծրագիրն իրականացնող «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը գնումների համար բազմակի օգտագործման 3000 պայուսակ է կարել ու տրամադրել խանութներին՝ մարդկանց բաժանելու համար: Սակայն ոչ բնակիչներն են հրաժարվել պոլիէթլենային տոպրակներից, ոչ էլ վաճառողները: Պրն Հայրապետյանի համոզմուքն այն է, որ արդյունք ունենալու համար մարդկանց գիտակցությունն է պետք վերափոխել:
Քաղաքապետարանում նշում են, որ քաղաքի կենցաղային աղբի 20%-ը կազմում են պլաստիկ շշերն ու պոլիէթիլենային տոպրակները: Հաշվարկների համաձայն` համայնքի բյուջեից աղբահանման համար ծախսվող ֆինանսական միջոցների 10%-ն ուղղվում էր նշված աղբատեսակի հեռացմանը: Աղբանահման ծախսերը տարեց-տարի ավելանում են եւ, եթե խնդիրը չկարգավորվեր` ֆինանսական ներդրումները պետք է շարունակ ավելացնեին:
Ա· Հայրապետյանն ասում է, որ աղբի հավաքման վարձավճարները վերջին տարիներին շեշտակի բարձրացել է, հիմա բնակչությունից եւ իրավաբանական անձանցից տարեկան 50 մլն դրամ վարձավճար են հավաքում: «Եթե դա միայն աղբահանմանն ուղղված լինի` լիովին կբավարարի, բայց 4 տեսակ կոմունալ ծառայություն ունենք, որի մեջ աղբահանումը մեկ քառորդն է կազմում: Միաժամանակ, կոմունալ ծառայությունը համայնքային բյուջեից սուբսիդավորում ենք տարեկան 184 մլն դրամի չափով, որպեսզի կարողանանք կոմունալ ծառայուն իրականացնել»,- հայտնեց քաղաքապետը:
Պլաստիկի տարաներն առանձնացնելու առանձնահատկությունը նաեւ այն է, որ մամլված պլաստիկը կարող են վաճառել եւ բյուջետային մուտքերն ավելացնել, բայց չեն շտապում:
Քաղաքապետարանը, «Ուրբան» կայուն զարգացման հիմադրամը, Բիզնեսի աջակցման կենտրոնը եւ Գործատուների միությունը համատեղ դիմել են Եվրոպական միությանը` համայնքում պլաստիկ աղբի վերամշակման ծրագիր ֆինանսավորելու համար: Մրցույթի առաջին փուլն անցել են եւ, եթե ծրագիրն իրականանա եւ վերամշակման հոսքագիծ ձեռք բերեն, պլաստիկը կվերամշակեն եւ կօգտագործեն սալիկներ ու տանիքի կղմինդր արտադրելու համար:
Նախատեսվում է ծրագրում ընդգրկել Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի քաղաքները՝ Մեղրի, Քաջարան, Գորիս, Կապան, Սիսիան, Վայք, Ջերմուկ, Եղեգնաձոր: Նշված քաղաքների հետ հուշագրեր են ստորագրել: Ծրագրով նախատեսվում է, այս երկու մարզերի քաղաքային համայնքներից հավաքված, մամլված պլաստիկը տեղափոխել Կապան եւ այստեղ վերամշակել:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել