
Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵՄ հանձնակատարին
Պրահայում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպեց Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանին:
ԱԳՆ լրատվական ծառայության հաղորդմամբ՝ քննարկումների առանցքը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակն էր:
Նախարար Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի համատեղ ջանքերը' ուղղված ագրեսիայի հետևանքների հաղթահարմանը, բանակցությունների վերսկսման համար բարենպաստ մթնոլորտ ձևավորելուն:
Շեշտվեց, որ հիմնահարցը չունի ռազմական լուծում: Յոհանես Հանը նշեց, որ ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:
Հայաստանի արտգործնախարարը և ԵՄ հանձնակատարն անդրադարձան Հայաստան-ԵՄ հարաբերություններին, երկուստեք գոհունակություն հայտնվեց նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների ընթացքի կապակցությամբ: Կարևորվեց առկա ձեռքբերումների հիման վրա փոխշահավետ համագործակցության զարգացումը:
Մեկնաբանել