
Հաստատվել է «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացությունը
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությանը:
Նախագիծը մշակել են Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը։ Կառավարությունում այն ներկայացրել է Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։ «Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»,- նշված է նախագծի եզրակացության մեջ:
«Ադրբեջանի Հանրապետության ռազմական հրապարակային ու այլեւս միջազգայնորեն վավերագրված ու անտեսվող վտանգին դիմակայելու, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անվտանգության ներկայիս մակարդակը բարձրացնելու շահախնդրությամբ Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության հետ մեկտեղ երաշխավորում է Արցախի Հանրապետության բնակչության ապահովությունն ու նրա տարածքային ամբողջականությունը` Արցախի Հանրապետության նկատմամբ նախահարձակ որեւէ գործողության կամ բացահայտ սպառնալիքի դեպքում»,- գրված է օրենքի նախագծի տեքստում:
Նախագծի եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվի Հայաստանի Ազգային ժողով։
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել