HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Վեց հոգանոց ընտանիքն ապրում է նպաստով ու չվաճառվող խաղողով

Երբ Արարատի Տափերական գյուղի գյուղապետարանի աշխատակցին հարցնում ենք, թե որն է համայնքի ամենակարիքավոր ընտանիքը, դժվարանում է պատասխանել, քանի որ նպաստառու է ամեն չորրորդը:

Ընտանիքը, որին աշխատակազմի քարտուղար Մուշեղ Ղազարյանը, այնուամենայնիվ, առանձնացնում է, ապրում է հիմնականում հաշմանդամության և ընտանեկան նպաստներով: 60-ամյա Ջեմիկ Հակոբյանի տղան լսողության և խոսքի խնդիր ունի մեկ տարեկանից, իսկ ամուսինը վերջին տասը տարիներին երեք անգամ կաթված է տարել:

Տղան՝ Կարենը, մի քանի տարի առաջ է ամուսնացել: Երեք տարեկան և վեց ամսական երկու երեխա ունի, որոնց պահում է իր ու կնոջ՝ Անուշի 35 հազար դրամ կազմող նպաստով: Տիկին Ջեմիկը պատմում է, որ գյուղից փոքր-ինչ հեռու խաղողի այգի ունեն, «մի քանի շարք խաղող» են մշակում: Սակայն, դեռ անցած տարվա հոկտեմբերին մթերած 9 տոննա խաղողի գումարի մի մասը չեն ստացել:

«Կեսից շատը չեմ ստացել: Գնում եմ, ասում ա` փող չկա: Էրեխուն հիմա կաթի փող չունի, որ ես կաթ առնեմ»,- ասում է տիկին Ջեմիկը, ով խաղողի մեկ կիլոգրամը գյուղում գտնվող Արարատի կոնյակի գործարանին վաճառել է 105 դրամով:

«Մի ամիս առաջ եմ վերցրել սառնարանը, ասի երեխայի կաթը չթթվի»,- ասում է 6-ամսյա երեխայի տատիկը, ով ամեն ամիս ընտանիքի անդամներից մեկի նպաստը առանձնացնում է ապառիկով վերցրած սառնարանի համար, մի պարկ էլ ալյուր է գնում:

Տափերականի բնակիչները, ինչպես Արարատի մարզի մի շարք այլ գյուղերի բնակիչներ, պարբերաբար խաղողի մթերման հետ կապված խնդիրներ են ունենում: Գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Մ. Ղազարյանն ասում է, որ սա գյուղի հիմնական խնդիրն է, ինչի մասին տափերականցիները բարձրաձայնել են նաև մեկ ամիս առաջ:

«Պարտք եմ անում, հետո թոշակից քիչ-քիչ տալիս եմ: Կեսը տալիս եմ, կեսը չեմ կարում տամ, հետո նպաստից եմ տալիս»,- պատմում է Ջեմիկ Հակոբյանը՝ հավելելով, որ խաղողի վաճառքից ստացած գումարով նաև ձմռանը վառելու փայտ են գնում:

Ընտանիքն ապրում է 1960-ականներին կառուցված տանը: Տիկին Ջեմիկն ասում է, որ այն նորոգել են երեք տարի առաջ, բայց արդեն «նստվածք է տվել»: Տնամերձ փոքր այգում լոլիկ, պղպեղ ու սմբուկ են ցանում, որը, քանի որ պարարտանյութ ու անհրաժեշտ դեղեր չեն կարողանում տալ, հազիվ ընտանիքի պահանջն է բավարարում:

Տիկին Ջեմիկի կանխատեսմամբ՝ այս տարի գոնե ութ տոննա խաղող կունենան, բայց նույն գործարանը, որն իրենց պարտք է, այս տարի հրաժարվել է պայմանագիր կնքել: «Մնացել եմ շիվար, հիմիկվանից մտածում եմ, թե խաղողը որտեղ պիտի տանեմ հանձնեմ, ոչ մի տեղ պայմանագիր չեն կապում, ասում են՝ տեղ չունենք»,- ասում է Ջեմիկ Հակոբյանը:

- Լավ ա, լավ ա, մի բողոքի,- մեր զրույցի վերջում կնոջը դիմելով՝ ասում է 64-ամյա Խաչիկ Մակարյանը:

- Չեմ բողոքում, - ժպտալով պատասխանում է տիկին Ջեման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter