HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ և ԼՂՀ խորհրդարանականները քննարկել են ռազմաքաղաքական իրադրությանը վերաբերող հարցեր

ԼՂՀ Ազգային ժողովում մայիսի 7-ին տեղի է ունեցել ՀՀ և ԼՂՀ խորհրդարանների արտաքին հարաբերությունների և պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի (օրինապահպանության) մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստը` «Ապրիլյան պատերազմի հետևանքով ստեղծված ռազմա-քաղաքական իրադրությունը և դրանից բխող գործողությունները» թեմայով: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ-ն: 

Ողջունելով համատեղ նիստի մասնակիցներին՝ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել  Հայաստանի Հանրապետության խորհրդարանի դերակատարությունը Արցախի համար նոր փորձությունների օրերին և որակել այն որպես ճիշտ ու թիրախային ազդանշան՝ համահայկական համախմբվածության համար:

Համատեղ նիստի մասնակիցներին ողջույնի խոսք են ուղղել նաև գլխադասային հանձնաժողովների նախագահներ՝ Ժաննա Գալստյանը, Կորյուն Նահապետյանը, Արտակ Զաքարյանը և Արզիկ Մխիթարյանը՝  ընդգծելով նմանատիպ ձևաչափով հանդիպումների կարևորությունը:

Նիստի ընթացքում բանախոսությամբ հանդես են եկել լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը («Ռազմական իրադրություն. մարտահրավերներ, խնդիրներ և զարգացումներ»), գլոբալիզացիայի և տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը  և արտաքին քաղաքականության ու անվտանգության  հարցերով հանրային խորհրդի ղեկավար Մասիս Մաիլյանը («ԼՂ հիմնախնդրի շուրջ առկա արտաքին քաղաքական միջավայրը. մարտահրավերներ և հնարավոր զարգացումներ):

Տեղի¬ է ունեցել մտքերի փոխանակում, որի ընթացքում փորձագետները պարզաբանումներ են տվել պատգամավորների հնչեցրած հարցերին:

Օրվա երկրորդ կեսին նիստը շարունակվել է ՀՀ և ԼՂՀ պատգամավորների ելույթներով: Խորհրդարանականները ներկայացրել են մի շարք առաջարկություններ՝ Արցախի և Հայաստանի համար արտաքին և պաշտպանական ու անվտանգային ոլորտների ռազմավարական մի շարք ուղղությունների վերաբերյալ:

Ամփոփելով նիստը՝ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը գոհունակություն է հայտնել հանձնաժողովի աշխատանքների մասին, նշելով, որ քննարկումների արդյունքում ծավալուն եւ օգտակար տեղեկատվություն է հավաքագրվել, ինչը փորձագետների և քաղաքական գործիչների համար ճիշտ եզրահանգումների և լուրջ ուսումնասիրությունների նյութ կդառնա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter