HY RU EN

Գրիշա Բալասանյան

Ներկայացվել է օրենքի նախագիծ՝ պարտադիր սոցիալական վճար կատարելու պարտականությունը մեկ տարով հետաձգելու մասին

Կառավարությունն առաջարկում է մեկ տարով հետաձգել մինչև 2014թ. դեկտեմբերի 25-ը հարկային մարմնին համապատասխան դիմում ներկայացրած անձանց պարտադիր սոցիալական վճար կատարելու պարտականությունը: Մասնավորապես՝ գործադիր մարմինը Ազգային ժողով է ներկայացրել օրենքի նախագիծ, որով անձին իրավունք է ընձեռում մինչև 2018թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար հրաժարվելու սոցիալական վճար կատարելու պարտականությունից: Նշենք, որ գործող օրենքով հիմնականում ոչ պետական համակարգում աշխատողներին իրավունք էր տրվել մինչև 2017թ. հուլիսի 1-ը չկատարել սոցիալական վճար:  

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը կառավարությունը պատճառաբանել է նրանով, որ հարկային օրենսդրության էական փոփոխությունները նախատեսվում է ավարտին հասցնել 2017թ. վերջին, որից հետո անհրաժեշտություն կառաջանա ապահովել հարկային համակարգի էլեկտրոնային ծրագրերի համատեղելիությունը կենսաթոշակային համակարգի  էլեկտրոնային ծրագրերի հետ:

Ըստ կառավարության՝ նախնական գնահատականի համաձայն` վերոնշյալ աշխատանքներն ավարտին կհասցվեն 2018թ. առաջին եռամսյակի ընթացքում, ուստի առաջարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին»  ՀՀ օրենքով նախատեսված սոցիալական վճար կատարելու պարտադիր ժամկետը երկարաձգել մինչև 2018թ. հուլիսի 1-ը:

Նշենք, որ մինչ վկայակոչված ժամկետը պահպանվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի բոլոր իրավակարգավորումները:

Կառավարության առաջարկով Ազգային ժողովը մայիսի 10-ին ժամը 12-ին գումարելու է արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Ի թիվս այլ նախագծերի, այս օրենսդրական նախաձեռնությունը ևս քննարկվելու է արտահերթ: