«Եթե մաման չի ձևում ու թխում, այդ օրը հացը լավ չի վաճառվում»
«Սոնիկս մեկ տարեկան էր: Երբ խաղում էի հետը, ձայնիս արձագանքում էր, թոթովում: Մի օր ականջները բորոբոքվել էին: Մայրը հարևաններից լսել էր, որ տաք ձեթն օգնում է: Ես ու մայրս ասացինք, որ ձեթը երեխայի ականջները չլցնի: Չլսեց,- պատմում է 56-ամյա Սոնյա Հովսեփյանի հորաքույր՝ 70-ամյա Մարջիկ Հովսեփյանն ու շարունակում,- մի քանի օր անց նկատեցինք, որ երեխան ձայներին չի արձագանքում, ձայն չի հանում: Պարզվեց՝ ձայնալարերն ու լսողությունը վնասվել է»:
Սոնյայենց տնից ամեն առավոտ նոր թխած հացի հոտ է գալիս: Հացթուխը թարմ հացով աշխատանքից տուն է եկել: «Արդեն 15 տարի նույն հացի փռում հաց եմ ձևում ու թխում: Ամեն օր գիշերը` ժամը 4-ին, աշխատանքի եմ գնում: Տնից մինչև հացի գործարան 5 րոպեի ոտքի ճանապարհ է»,- ասում է Սոնյա Հովսեփյանը (մոր խոսքը բացատրում է դուստրը՝ Ստելան):
«Մամային հանգստյան օր չունի: Մյուս աշխատողների համեմատ վճարում են ավելի, բայց հանգստյան օր չեն տալիս: Երկար տարիների փորձից համոզվել են՝ եթե մաման չի ձևում ու թխում հացը, այդ օրը լավ չի վաճառվում: Մյուսները բարակ են թխում, վառում են կամ փափուկ չի ստացվում հացը»,- պատմում է Սոնյայի դուստրը` Ստելան:
Տիկին Հովսեփյաննի խոսքերով՝ ինքն էլ երբեմն կատակում է ու չբացակայելու համար այդ պահին սրտի ուզածն է պահանջում: Ասում է` միշտ էլ մենեջերը կատարում է: «Մի օր խնդրել էի ու գործի չէի գնացել: Մի քանի օր անց մենեջերը բացատրում էր, որ առանց ինձ լավ չի: Ես էլ ասեցի՝ եթե ուզում ես չբացակայեմ, ուրեմն վաղն ինձ համար տորթ կբերես: Հաջորդ օրը բերել էր»,- ժպիտով պատմում է 56-ամյա հացթուխը:
Տիկին Սոնյան առավոտյան ժամը 11-ին տուն է վերադառնում: Տանը սպասում են դուստրը, ամուսինը և սիրելի կատուն: Ստելայի խոսքով՝ փիսիկն ամենաշատը իր մայրիկին է սիրում: Հենց Սոնյան տանն է լինում, կատուն նրա մոտից տեղ չի գնում: Կինն էլ լավ է նայում կատվին՝ միշտ թանկարժեք կեր է առնում:
«Մաման գործի գնալիս միշտ դրսի շների համար կեր է տանում: Շներն ընկերացել են նրան ու գիշերով գործի գնալիս չեն կծում»,- նշում է դուստրը: Երբեմն կողքի շենքերից նույն գործարանում աշխատողները Սոնյայի հետ են գործի գնում, որ շները չկծեն:
56-ամյա տնային տնտեսուհին պատմում է իր մանկության մասին. միաժամանակ ուտելիք պատրաստելով. «Փոքր ժամանակ շատ աշխույժ երեխա եմ եղել: Խաղում էի բակի բոլոր երեխաների հետ, երբեմն էլ ծեծում անկարգ տղաներին: Ծիծաղելի էր, որ նրանք ինձանից վախենում էին»,- պատմում է տիկին Սոնյան: Նա հաճախել է թույլ լսողների դպրոց և այնտեղ սովորել կար ու ձև: Դպրոցում էլ ծանոթացել է ամուսնու՝ Անդրանիկի հետ: Նա հիմա վատառողջ է, նաև հենաշարժողական խնդիրներ ունի:
56-ամյա կինը 14 տարեկան է եղել, երբ ծնողները մահացել են ավտովթարից: «Միշտ շատ եմ սիրել գյուղը: Հորական տատս ու պապս ապրում էին գյուղում: Միշտ ամռան մի քանի ամիսն անցկացնում էի այնտեղ: Տատիս համար հագուստ էի կարում, գառներն էի տանում արածացնելու»,- հիշում է Սոնյան:
Սխտորի ու հավի հոտը տարածվել է խոհանոցում: Կինը պատրաստում է ուտեստը: Ավելացնում է աղ, սև պղպեղ: Պետք է մի քիչ էլ սպասել եփվելուն: Նա 20 տարեկանում ամուսնացել է: Երկու դուստր ունի: Եկուսն էլ բարձրագույն կրթության են ստացել:
Փոքր աղջիկը՝ Իրինան ամուսնացել է: Սոնյան այժմ երկու թոռ ունի: Որոշել է մի քանի տարի էլ աշխատել ու անցնել հանգստի: Հացի գործարանում ասել է՝ մեկին բերեն իրենից հաց թխել սովորի, որ հետո փոխարինի: «Կուզեի արտասահման գնալ: Այնտեղ կյանքը լավ է: Թոշակները բարձր են: Մեր պետության տված թոշակով ապրել հնարավոր չէ»,- ասում է տիկին Սոնյան:
Ուտելիքն արդեն պատրաստ է: Սեղանին դրված ամեն ինչ պատրաստված է նրա ձեռքով՝ հացը, պահածոյացված լոլիկը, հավով ուտեստը, ձուկը…Սեղանի շուրջը նստած՝ մայրիկի մասին Ստելան պատմում է. «Եթե հացի գործարանում պատրաստվում են տոն նշել, մամային են տալիս, որ միսը բերի տուն, համեմի ու հաջորդ օրը տանի»:
Ամեն ինչ համեղ էր ստացվել: Տիկին Սոնյան ժպտում է ու հրաժեշտ տալիս: Պետք է քնի, հանգստանա: Գիշերվա 4-ից, ամեն օրվա պես, աշխատանքի է գնալու:
Նունե Հովսեփյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել