Զինվորի հայր. «Գոնե ինքնուրույն շարժվի, շատ բան չեմ ուզում»
Վիրավոր զինծառայողների բուժման համար բժիշկները ջանքեր չեն խնայում, բայց կան բուժման փուլեր, որ այլևս նրանց ուժերից վեր է: Սա ասում են Թալիշում ապրիլի 7-ին վիրավորված զինծառայող Արման Լազգիյանի ծնողները: Մեկ ամսից ավել է, ինչ 19-ամյա Արմանը «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է:
Այսօր առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպել է Արմանի հորը` Միքայել Լազգիյանին և խոստացել ֆինանսապես աջակցել նրան` որդուն Գերմանիայի որևէ բժշկական հաստատություն տանելու և վերականգնողական բուժումը շարունակելու համար: «Ասաց` ես կփորձեմ իմ անձնական հաշվիներից էլ, կառավարական միջոցներից էլ օգնել, տեսնենք»,- ասաց Միքայելը:
Երեկ Ֆեյսբուք սոցիալական ցանցով զինվորի հարազատները տեղեկացրել էին, որ մասնագետները խորհուրդ են տվել Արմանին տեղափոխել Գերմանիա, որտեղ հնարավոր կլինի նրա հետագա բուժումը: Բուժման ծախսերը հոգալու համար (մոտ 100-120 հազար եվրո) ծնողները դիմել էին մարդկանց օգնությանը:
Արման Լազգիյանը ծառայել է Թալիշի զորամասում և վիրավորվել է ապրիլի 7-ին. փամփուշտը կոկորդով մտել և վնասել է կերակրափողը, շնչափողը, ողնաշարն ու ողնուղեղը: Նախնական բուժումը ստացել է Մարտակերտում, որտեղ կասեցվել է կյանքին սպառնացող առաջնային վտանգը: Հետո Արմանին տեղափոխել են Ստեփանակերտ, այնուհետև` ուղղաթիռով Երևան` «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Արմանի մայրը` Գրետան, ասում է, որ Էրեբունի ԲԿ-ի բժիշկները նույնպես խորհուրդ են տվել տղային տեղափոխել Գերմանիա:
«Ասում են` լավ կլինի տանեք, որովհետև այստեղ էլ ոնց որ անելիք չկա: Ինքը ոտքերը չի զգում, գոտկատեղից ներքև ընդհանրապես չի զգում, էստեղ չկան էդ միջոցները, որ իրեն հանեն ոտքի: Էդ ապարատուրաները, զարգացվածությունը այդ աստիճանի չէ, բոլորս էլ գիտենք: Գերմանիայում, չգիտեմ, ասում են' այնքան է զարգացած, որ հնարավոր է: Հիմնականը ողնաշարն է և կերակրափողը, որ ծակ է, երեխան ընդհանարապես չի կարողնում սնվել, հիմա չի էլ կարելի վիրահատել, որովհետև հյուծված է շատ»,- ասում է Գրետան:
Արմանի վիճակն այժմ գնահատվում է կայուն ծանր: Արդեն 4 վիրահատություն է տարել` ողնաշարի, ստամոքսի հատվածներում և երկու անգամ` 12-մատնյա աղու: Նա կրծքավանդակից ներքև մարմինը չի զգում, իսկ կերակրափողի վնասվածքի պատճառով սնունդն ինքնուրույն չի կարողանում ուտել:
Նախնական ընտրել են Գերմանիայի մի քանի կլինիկաներ, ապա սկսել բանակցել Համբուրգ քաղաքի բժշկական կենտրոններից մեկի հետ: Միքայելն ասում է, որ դուստրը սովորում է Համբուրգում և այդկերպ հնարավոր է եղել հեշտ պայմանավորվածություն ձեռք բերել դարձել հիվանդանոցների հետ:
Ընտանիքին ֆինանսապես օգնելու պատրաստակամություն են հայտնել պաշտպանության և առողջապահության նախարարության ներկայացուցիչներ և մի քանի պատգամավորներ, իսկ այսօր էլ նրանց ոգևորել էր հենց առողջապահության նախարարի խոստումը: Թե որքան գումարի աջակցություն կցուցաբերվի, դեռևս հստակ չէ:
Ընտանիքի հաշվին մոտ 20 հազար եվրո պետք է լինի, որպեսզի կարողանան փաստաթղթային հարցերը լուծելուց հետո Գերմանիայում նախնական զննում իրականացնել և սկսել բուժում: Գումարը դեռևս չի հավաքվել, սակայն Միքայելն այսօր ասաց, որ վերոնշյալ պաշտոնյաները խոստացել են անպայման աջակցել գումարով: «Շատ մեծ հույս ունեմ, որ իրենց խոստումը կկատարեն, տեսնենք»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ կառավարության՝ ապրիլի 21-ի կայացած նիստում նախատեսվեց, որ Հայաստանի տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում զինծառայողի բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում զինծառայողի բուժումը կիրականացվի օտարերկրյա պետությունում` պետբյուջեի միջոցների հաշվին:
Որոշմանը հաջորդեց գերմանացի մասնագետների այցը այն բուժհաստատություններ, որտեղ բուժում էին ստանում վիրավոր զինվորները: Գերմանացի մասնագետները, ըստ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության, ասել էին, որ տեղի բժիշկները հնարավոր ամեն ինչ արել են: Մասնագետները եզրակացրել էին, թե որևէ զինծառայող այդ պահի դրությամբ արտերկրում բուժման կարիք չունի:
Թե ինչպես է գործում կառավարության սահմանած վերոնշյալ կարգը` կներկայացնենք առաջիկայում` բուժման մեջ գտնվող նաև մյուս զինծառայողների օրինակով:
Արմանին հնարավոր չեղավ տեսակցել.նա իրեն թույլ էր զգում և անընդհատ ուզում էր քնել
Մեկնաբանել