
Պատգամավորները կողմ քվեարկեցին «Հրազդան-Ցեմենտ»-ին արտոնություններ տալու օրենքի նախագծին
Այսօր Ազգային ժողովը շարունակում է իր արտահերթ նիստը: Քանի որ սովորության համաձայն պատգամավորները «բերման են ենթարկվում» առավոտյան ժամերին, ԱԺ ղեկավարությունն էլ քվեարկությունները կազմակերպում է հենց այդ ժամին, որպեսզի քաղաքական մեծամասնության համար նախընտրելի օրինագծերն ընդունվեն:
Իսկ այսօր քվեարկության դրվեց երեկ քննարկված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որին կողմ քվեարկեց 104 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ 4, ինչպես նաև «Հրազդան-Ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին օրենքի նախագիծը՝ 86 կողմ, դեմ՝ 8, ձեռնպահ՝ 9 ձայներով: Նախագծերն ընդունվեցին առաջին ընթերցմամբ:
Հիշեցնենք, որ կառավարությունն առաջարկում է մեկ տարով հետաձգել մինչև 2014 թ. դեկտեմբերի 25-ը հարկային մարմնին համապատասխան դիմում ներկայացրած անձանց պարտադիր սոցիալական վճար կատարելու պարտականությունը: Մասնավորապես՝ անձին իրավունք է ընձեռվում մինչև 2018 թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար հրաժարվելու սոցիալական վճար կատարելու պարտականությունից: Նշենք, որ գործող օրենքով հիմնականում ոչ պետական համակարգում աշխատողներին իրավունք էր տրվել մինչև 2017 թ. հուլիսի 1-ը չկատարել սոցիալական վճար:
Ինչ վերաբերում է «Հրազդան-Ցեմենտ» ընկերությանը արտոնություններ տալու օրենքի նախագծին, ապա կառավարությունը իր նախագծում չնչին փոփոխություններ է կատարել: Վերնագիրն է փոխել՝ ընկերությանը «հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալը» փոխարինելով «հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու» բառերով:
Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր ԱԺ ապրիլի 6-ի նիստում, իսկ ապրիլի 26-ին՝ 53 կողմ և 1 դեմ ձայներով օրենքի նախագիծը չընդունվեց, ինչից հետո կառավարությունը արտահերթ նիստով կրկին ներկայացրեց նախագիծը ԱԺ քննարկմանը:
Նախագծով առաջարկվում է «Հրազդան-Ցեմենտ» ՓԲԸ-ին ազատել 2016 թ. փետրվարի 1-ի դրությամբ հաշվարկված, բայց չվճարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից` 505 մլն դրամ ընդհանուր գումարի չափով:
Կառավարության ներկայացմամբ՝ ներկայումս ընկերությունն իրականացնում է արտադրության ընդլայնման աշխատանքներ և ըստ ընկերության ծրագրի` նախատեսվում է ցեմենտի արտադրության 2016 թ. տարեկան ծավալը հասցնել մինչև 200 հազար տոննայի և ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր: Վերը նշվածի արդյունքում պետական բյուջե կվճարվի ավելի քան 700 մլն դրամի հարկ: Սակայն ընկերության գույքը և հաշիվները գտնվում են արգելանքի տակ, իսկ գույքի հարկադիր վաճառքը կհանգեցնի ձեռնարկության տեխնոլոգիական ամբողջության խաթարմանն ու գործունեության դադարեցմանը, որի արդյունքում կփակվեն ընկերությունում առկա 450-ից ավելի աշխատատեղերը:
Նշենք, որ ընկերության գույքը վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ում: Վերջինիս է պատկանում ընկերության պարտավորությունների դիմաց առաջնահերթ բավարարման իրավունքը:
Մեկնաբանել