HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ես Կարոն եմ»․ աջակցության եվ պաշտպանություն՝ Կարո Փայլանին

Դիանա Ղազարյան

Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությունից ի վեր առաջին անգամ Թուրքիայի խորհրդարանում միաժամանակ երեք հայ պատգամավոր ունենք։ Կարո Փայլանը նրանցից ամենաակտիվն է։ Նա ներկայացնում է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը։

2016 ապրիլ 21-ին Թուրքիայի մեջլիսում Փայլանը պատգամավորներին և հանրությանը ներկայացրեց 1915 թ.-ին սպանված հայ պատգամավորների լուսանկարները՝ հայտարարելով, որ 101 տարի անց նրանք կրկին վերադարձան։

Նրա այս քայլը դուր չեկավ շատ թուրք պատգամավորների։ Արդյունքում Փայլանը «թիրախավորվեց» այդ պատգամավորների կողմից։ Մայիսի 3-ին սահմանադրական հանձնաժողովի նիստում Կարո Փայլանը հարձակման ենթարկվեց «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների կողմից։ Դեպքից հետո պատգամավորը հայտնել էր, որ իր հանդեպ շարունակական ագրեսիվ վերաբերունքի պատճառն իր հայ լինելն է։

Ծեծկռտուքի տեսանյութի հրապարակումից հետո սոցցանցերի շատ օգտատերեր մտավախություն հայտնեցին, որ Փայլանը կարող է արժանանալ Հրանտ Դինքի ճակատագրին՝ Հայոց ցեղասպանության և հայապահանության մասին իր հայտարարությունների պատճառով։ Որպես զորակցության նշան՝ այսօր տասնյակ քաղաքացիներ շարժվեցին դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ՝ պահանջելով սթափության կոչ անել Թուրքիային և կատարել իր կողմից ստանձնած պարտավորությունները։

«Երբ դիտեցինք Կարոյի վրա հարձակման տեսանյութը և նկատեցինք, որ Թուրքիայի հայ համայնքը բացարձակապես աջակցություն չի ցուցաբերում, որոշեցինք երթի տեսքով աջակցություն հայտնել Կարոյին, ինչպես նաև նամակ հանձնել ՄԱԿ-ին՝ պահաջելով, որպեսզի ՄԱԿ-ի անդամ հանդիսացող Թուրքիան, կատարի այն պարտավորվածությունները, որոնց տակ նա ստորագրել է։ Նամակում նաև շարադրել ենք ՄԱԿ-ի կանոնադրությամբ այն բոլոր սխալներն ու հանցավոր անտարբերությունները, որոնք դրսևորել են Թուրքիայի իշխանությունները»,- նշեց նախաձեռնության անդամներից Հայկանուշ Ալոյանը։

Ակցիային ներկա թուրքագետ Սարգիս Հացպանյան գտնում է, որ Թուրքիայի քաղաքացի հանդիսացող հայությունը, եթե ունենար քաղաքացիական կեցվածքի դրսևորման պայմաններ, ապա միգուցե այնտեղ այսօր կունենայինք 80 պատգամավոր։ Հացպանյանը փաստում է, որ մի քանի կուսակցություններում ունենք ծագումով բազմաթիվ հայեր, որոնք չեն բարձրաձայնում իրենց հայկական ինքության մասին։ Կարծում է՝ գալու է ժամանակները, երբ բռնի կերպով մուսուլմանացված հայերին կընկալենք որպես հայի։

Ակցայի մասնակիցները «Ես Գարոն եմ», «Stop Racism», «Stop Fascism», «I am Garo Paylan» պաստառներով շարժվեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ։

«Ակցիային մասնակցում ենք, որպեսզի սատարենք Կարոյին, քանի որ նա իր քաջությամբ օրինակ է ծառայում և պետք է ծառայի մեր բոլոր ներկա քաղաքական գործիչներին։ Իրենից պետք է անվախություն, քաջություն սովորեն։ Կարոն թուրքի սրտում այդքան ուժ ունի, որպեսզի իր կյանքի գնով մեր շահերը պաշտպանի։ Թող բոլորը իրենից օրինակ վերցնեն»,- կոչ արեց ակցիայի մասնակից Անահիտ Հարությունյանը։

ՄԱԿ-ի գրասենյակից նամակը վերցնելու համար եկավ անվտանգության աշխատակիցը, սակայն ակցիայի նախաձեռնողները, հրաժարվեցին նամակը նրան հաձնել՝ կոչ անելով հրավիրել համապատասխան աշխատակցի։ Այնուհետ գրասենյակից ժամանեց օտարազգի աշխատակից, ում հանձնեցին նամակը, նա էլ խոստացավ այն փոխանցել պաշտոնատար անձանց։ Նրա հեռանալուց րոպեներ անց պարզվեց, որ աշխատակիցը անվտանգության ղեկավար է։ Նախաձեռնող խումբը մուտքը հսկող անվտանգության աշխատակցին խնդրեց զանգահարել գրասենյակ և տեղեկացնել, որ ցանկանում են հանդիպել համապատասխան վարչության աշխատակիցներին, քանի որ նրանք տեղյակ չէին, որ նամակը հանձնել են անվտանգության աշխատակցին։

Րոպե անց Հայկանուշին զանգահարեց անվտանգության այլ աշխատակից, ով տեղեկացրեց, որ նամակը հասել է քարտուղարություն, երբ ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն վերադառնա Հայաստան, նամակը կհանձնեն նրան և մոտակա ժամանակներս կստանան նամակում բարձրաձայնված հարցրերի պատասխանները։ Նախաձեռնող խումբը հետաքրքրվեց՝ բացի անվտանգության աշխատակիցներից գրասենյակում հասարակայնության հետ վարչության աշխատակից չկա՞, որ իրենց հետ միայն կապ են հաստատում անվտանգության աշխատակիցները։ «Սա հստակ վերաբերմուքն էր մեր նկատմամբ։ Ամենավատ ձևով եմ գնահատում այս վերաբերմունքը։ Ինչպե՞ս կարող ես գնահատել արհամարհական վերաբերմունքը։ Խոսք ենք տալիս, որ ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակ ենք դիմելու և անպայման տեղեկացնելու ենք այս վերաբերմունքի մասին։ Սա շարքային խնդիր չէ, կոնկրետ մարդու կյանքին է վերաբերում։ Էնպիսի տպավորություն ստեղծվեց, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում միայն անվտանգության աշխատակիցներ են աշխատում»,- նշեց Հայկանուշը։

Նախաձեռնության անդամները մեկ շաբաթից կրկին զանգահարելու են գրասենյակ, պահանջելու՝ հանձնված նամակի պատասխանը։ Մեկ շաբաթ սպասելուց հետո, եթե հայաստանյան գրասնյակից կոնկրետ ժամկետ չնշվի, թե երբ են պատասխանելու նամակին, նախաձեռնող խումբը կդիմի ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter