
«Քոսոտ» երկիրը գիտություն չի ունենում, տնտեսություն չի ունենում…
Ամիսներ առաջ մամուլը տեղեկացրեց, որ լատվիացի միլիոնատեր Այվարս Զվիրբուլիսը ավարտին է հասցրել Ցեսիսի արվարձաններում իրականացվող իր ֆանտաստիկ նախագիծը։ Գործարարն այդտեղ գնել է 3000 հա անտառ եւ կառուցել «Արեւի քաղաք»։ «Արեւի քաղաքում» տները տաքացվում են գեոթերմալ ջերմային պոմպերով, որոնք հողի էներգիան վերածում են տաքության։ Դա բավարարում է ոչ միայն տունը տաքացնելու, այլեւ տաք ջուր ապահովելու համար։ Կամին վառվում է միայն ձմռան ամենացուրտ օրերին: ...
Զվիրբուլիսի ասելով` այդ նախագծով ցանկացել է ապացուցել, որ մարդը կարող է ապրել բնության հետ ներդաշնակության մեջ։
Ամերիկահայ գիտնական Փիթեր Գեւորկյանը, որը արդյունաբերության ոլորտի բազմաթիվ արեւային կայանների նախագծերի հեղինակ է, ինժեներ-խորհրդատու, Հայաստանում այլընտրանքյաին էներգիայով հետաքրքրվածներին փոխանցել էր, որ արեւային էներգիան ամենակայունն է եւ տնտեսապես ամենաշահավետը: «Արեւը, տեխնոլոգիաների զարգացման արդյունքում, մարդկության համար էներգիայի հիմնական աղբյուր կարող է դառնալ,- շեշտել էր նա:
Գիտնականը պնդել էր, որ արեւային էներգիայի զարգացման համար երկրագնդի ամենալավ վայրը Հայաստանն է: «Այստեղ 1 քմ վրա արեւային էներգիան շատ ավելի բարձր է, քան այլ երկրներում: Դա կապ ունի Հայաստանի տեղադիրքի հետ: Հայաստանը շատ բարձր է, եւ սա շատ կարեւոր է էներգիա արտադրելու համար»,- Հայաստանում պետական, հասարակական կառույցների ներկայացուցիչների, փորձագետների հետ հանդիպման ժամանակ ասել է դոկտոր Փիթեր Գեւորկյանը:
Այդ կարծիքին էր նաեւ աստղագետ, ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանը: Նա պատմում էր գերմանացի պրոֆեսոր Հանս Բետտենի մասին, որը հայտնաբերել էր աստղերի էներգիա արտադրելու մեխանիզմը: Այդ հայտնագործության համար պրոֆեսորին 1967-ին Նոբելյան մրցանակ է շորհվել:
«Այդ մարդը ցույց տվեց մարդկության ապագան: Հարկավոր էր մտածել այդ մեխանիզմն իրականացնել Երկրի վրա: Գիտությունը աշխատում էր այդ ուղղությամբ: Ե'վ մենք ունեինք, ե'ւ Ամերիկան. այդ հսկաները մահացան, գործը առաջ գնաց, բայց գաղափարը դեռ գաղափար էր մնում: Հարկավոր էին նոր մտքեր: Ես նույնպես զբաղվեցի եւ հանգեցի այն մտքին, որ դրա համար քարածուխ պետք չէ: Բավական է միայն սովորական ջուրը: Հարկավոր է ստեղծել հատուկ սարքեր` մագնիսական մեծ ուժի, եւ այդ ջուրը բաց թողնել ու կստեղծվի էլեկտրականություն: Չափազանցություն թող չթվա, բայց 1 տակառ ջուրը Հայաստանին կհերիքի այսօրվանից 10 անգամ ավելի էներգիա ունենալ: Էներգիան անպատկերացնելի շատ է լինելու, այնքան, որ կհալեցնենք բազալտը, եւ մեր ճանապարհները հալված բազալտով կլինեն»,- պատմում էր Գ. Գուրզադյանը մեր հանդիպումներից մեկի ժամանակ:
«Ֆանտաստիկա՞ է թվում»,- ավարտեց նա ունկնդիրներիս դեմքերին ուրվագծված զարմանքը նկատելով:
Մեծ գիտնականի նշած ֆանտաստիկան ֆրանսիացիներն արդեն իրականություն են դարձրել: Ամիսներ առաջ լրատվամիջոցները հաղորդեցին, որ ֆրանսիացիներն արեւային վահանակներից 1000 կմ-անոց ճանապարհ են կառուցելու:
«Ֆրանսիայի էկոլոգիայի, կայուն զարգացման եւ էներգետիկայի նախարար Մարի-Սեգոլեն Ռուայալը պատմել է առաջիկա 5 տարիներին արեւային վահանակներով ճանապարհ կառուցելու՝ կառավարության ծրագրի մասին: 1000 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման մրցույթի հայտարարությունն արդեն հրապարակվել է, եւ ապրիլին կսկսեն ընտրել թեկնածուներին»,- փոխանցում է news.am կայքը:
Մասնագետների հաշվարկներով, այդպիսի ճանապարհի 1 կիլոմետրից ստացված էներգիան պետք է բավարարի 5000 մարդու պահանջարկը (բացառությամբ ջեռուցման):
Այսպիսով, 1000 կմ-անոց ճանապարհը պետք է բավարարի 5 մլն մարդու կամ երկրի ընթացիկ բնակչության 8%-ին: Էներգիա ստանալու համար ճանապարհի երթեւեկելի հատվածին 7 մմ հաստությամբ ֆոտոտարրեր կամրացվեն:
Ֆրանսիայում մեկ այլ հետաքրքիր ծրագիր էլ են իրականացրել` եւս մեկ անգամ ապացուցելով հայտնի ճշմարտությունը, որ բնության մեջ ոչինչ ավելորդ չէ: Պանրի արտադրությամբ հայտնի ֆրանսիայում պանրի շիճուկն օգտագործում են շենքերը ջեռուցելու համար:
Համացանցում նման պատմություններ շատ կգտնեք, եթե հետաքրքրված եք «ֆանտաստիկայով» կամ` ճիշտ կլինի ասել` իրական գիտությամբ:
Հայաստանում 2006 թ.-ին Կառավարությունն ստեղծել է «Հայաստանի վերականգնողական էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամ»: «Հիմնադրամի առաքելությունն է խթանել Հայաստանում էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտներում ներդրումների իրականացմանը»,- ասվում է հիմնադրամի մասին: Թե որքանով է հիմնադրամի հաջողվել անցնող տասը տարիներին իրականացնել իր առաքելությունը, երեւի իրենք կպատմեն: Մենք գիտենք միայն, որ Հայաստանի Կառավարությունը շարունակում է էներգախնայողության իր նախագծերն իրականացնել միջնադարյան կանոններով: Ինչպես ցանկանում են իրականացնել «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագիրը:
Կառավարությանը եւ ծրագիրը ֆիանանսավորող Համաշխարհային բանկի մասնագետներին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն առաջարկել են էներգիայի այլընտրանքային տարբերակներ կիրառել: Օրինակ,
- կառուցել արեւային էլեկտրակայան, եւ Ազատի ջրամբարից ջուրը մղելու համար օգտագործել այդ կայանի արտադրած էներգիան: Դա կլինի շատ ավելի շահավետ եւ էկոլոգիապես անվտանգ, քանի որ ոռոգման շրջանի ավարտից հետո արտադրվող հոսանքը կվճառվի եւ լրացուցիչ օգուտներ կբերի նախաձեռնողներին:
- Փոխել 50 տարվա վաղեմության պոմպակայանները եւ դրանք արդիականացնել նոր տեխնոլոգիաներին եւ առկա ջրաքանակին համապատասխան պոմպերով, որոնք քիչ հոսանք են ծախսում:
- Կառուցել այդ տարածքում նոր ջրամբարներ (սա մասնագետների առաջարկն է), որոնք հնարավորություն կտան ամբարել Արաքս գետը լցվող ջրերը եւ դրանք օգտագործել ոռոգման համար:
Սակայն նրանք պապենական մեթոդներից հրաժարվելու ցանկություն չունեն: Տասնյակ անգամներ մերժվելուց հետո հայտարարել են, որ վաղը` մայիսի 12-ին, կրկին Գառնի են գնալու անփոփոխ օրակարգով` «բնապահպանական եւ սոցիալական հարցերի համառոտ ներկայացում»:
Այս անգամ խմբում ընդգրկել են մեծ թվով չինովնիկների` Ջրային տնտեսություն պետական կոմիտեի, «Ջային տնտեսություն» ԾԻԳ ՊՀ-ի, բնապահպանության նախարարության, Կոտայքի մարզպետարանի, մինչեւ իսկ նախագծային ինստիտուտի եւ շինարարական կազմակերպության ներկայացուցիչներ: Նպատակ ունեն եւս մեկ անգամ գառնեցիներին համոզելու, որ մեր նման «քոսոտ» երկիրը գիտություն չի ունենում, տնտեսություն չի ունենում: Ուստի, պետք է համակերպվել այն մտքի հետ, որ սահմանի անվտանգությունը պահածոների տուփերով են վերահսկելու, իսկ էներգիա խնայելու համար գետը պետք է խողովակների մեջ առնեն:
Վերջերս ավելի հաճախ եմ հիշում Մահաթմա Գանդիի խոսքերը` «Մեզ կկործանեն … մարդկայնությունից զուրկ գիտությունը եւ զոհաբերությունից զուրկ աղոթքը»:
Լուսանկարներում՝ Ազատ գետը
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել