HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Կառավարության «քաղաքական կամքի» հեքիաթը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստում հանդես է եկել հայտարարությամբ, թե քանի որ ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի և Արցախի անվտանգության սպառնալիքներն այլ են, կառավարությունը կառավարման համակարգի խորքային փոփոխություններ է սկսում՝ «ավելի արդյունավետ պետություն դառնալու» նպատակով։

Վարչապետի այս հայտարարությունն առաջին հերթին կառավարության ձախողվածության և մինչև հիմա դրսևորած՝ առկա մարտահրավերներին անհամապատասխանության ինքնախոստովանություն էր։ Խոստովանություն առ այն, որ կառավարությունը կարող էր, բայց արդյունավետ չի պայքարել կոռուպցիայի դեմ, կարող էր, բայց չի վերացրել արհեստական մենաշնորհները։ Այլ կերպ ասած՝  միտումնավոր չի արել այն անհրաժեշտ նվազագույն քայլերը, որոնք պետք է հանգեցնեին տնտեսական աճի և սոցիալական լարվածության թուլացման և կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման։

Այլ կերպ հնարավոր չէ բացատրել նրա հետևյալ հայտարարությունները․ «Երրորդ ուղղությունը, որտեղ ես տեսնում եմ հնարավորություն արագ շոշափելի արդյունքներ գրանցելու համար` կոռուպցիայի դեմ պայքարն է: …Կառավարությունն ունի բավական քաղաքական կամք՝ կյանքի կոչելու բոլոր անհրաժեշտ քայլերը»:

Հարց է առաջանում՝ եթե հնարավոր էր «արագ շոշափելի արդյունքներ գրանցել» կոռուպցիայի դեմ պայքարում, եթե դա իսկապես հեշտ իրագործելի էր, ապա ինչի՞ն կամ ո՞ւմ  էր մինչև հիմա սպասում կառավարությունը։ Ինչո՞ւ էր ժամանակն ու ռեսուրսներն անիմաստ վատնում հակակոռուպցիոն ինչ-որ հանձնաժողովներ ձևավորելու, թղթի վրա մնացող սին ծրագրեր գրելու վրա։ Ի վերջո, Աբրահամյանը՝ իբրև վարչապետ և նրա կառավարությունը նորանշանակ չեն. արդեն երկու տարվա կենսագրություն ունեն։ Իսկ ներքին ու արտաքին տնտեսական-քաղաքական մարտահրավերներն այս ընթացքում չեն փոխվել․ դրանք նույնն էին ապրիլյան պատերազմից առաջ, նույնն են հիմա։ Եթե կար այն գիտակցումը, որ նման կառավարմամբ հնարավոր չէ արդյունավետ պետություն կառուցել, հնարավոր չէ երաշխավորել 90-ականների ռազմական հաղթանակների վերջնական արդյունքը, հնարավոր չէ լիարժեքորեն ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը, ինչո՞ւ կառավարությունն ունեցած քաղաքական կամքի մասին չէր հիշում անցած ամբողջ 2 տարվա ընթացքում՝ համառորեն համոզելով, որ միայն ձեռքբերումներ ունի, իսկ կողքից բոլոր քննադատողները չարակամներ են, նախանձներ ու տգետներ։

Հանրապետության նախագահը, ի դեպ, նման վերափոխումների անհրաժեշտության մասին հայտարարել էր դեռ փետրվարին՝ չհաշված նախորդ տարիների բազմաթիվ այլ հայտարարությունները։ Բայց այն ժամանակ վարչապետը, չգիտես ինչու, կառավարության «քաղաքական կամքի» մասին չէր հիշում։ Այն ժամանակ նա նման հայտարարությամբ հանդես չեկավ։ Գուցե հանրապետության նախագահի հայտարարություններն այդքան կարևո՞ր չէին նրա համար ու ոչ մի արժեք չէի՞ն ներկայացնում…

Վարչապետի այս ելույթը նաև ինչ-որ իմաստով անպատասխանատվության խոստովանություն էր։ Որովհետև, խոսելով կարծես թե խիստ անհրաժեշտ միջոցռումների և դրանց իրականացման հարցում կառավարության քաղաքական կամքի մասին, վարչապետն այդպես էլ չպատասխանեց մի պարզ հարցի․ իսկ ո՞վ է մեղավոր, որ երկիրը հայտնվել է նման վիճակում, և որտե՞ղ են հիմա նրանք։ Ո՞վ է մեղավոր ցուցաբերված կամա թե ակամա անգործության, անփութության, անգրագիտության, թույլ տրված սխալների համար, որոնք, ի վերջո, վարչապետին համոզել են, որ նման կառավարման համակարգով այլևս հնարավոր չէ դիմակայել նոր մարտահրավերներին։ Անձամբ վարչապետը զգո՞ւմ է իր և իր թիմի պատասխանատվությունը։ Եթե զգում է, բայց այդ մասին չի խոստովանում, կարո՞ղ է հասարակությունը եզրակացնել, որ նա բավականաչափ անկեղծ չէ։

Փորձելով տպավորություն ստեղծել, թե ընդունում է իրեն ուղղված քննադատությունները, Հովիկ Աբրահամյանը հայտարարում է. «Վերջին երկու տարիներին բազմիցս բախվել եմ հանրային քննադատության, թե պետությունը չի պայքարում ձեւավորված մենաշնորհների դեմ: Միեւնույն ժամանակ ընդունում եմ, որ կառավարությունը բավարար հետեւողական չի եղել այդ խնդրի էության ամբողջական բացահայտման հարցում եւ ժամանակին չի նախաձեռնել բաց հանրային երկխոսություն: Թերությունը ուղղելու ժամանակն է»: Պարզ է, չէ՞, որն է համարվում կառավարության մեղավորությունը․ ոչ թե մենաշնորհների համար արտոնյալ պայմաններ ստեղծելը, նրանց միջոցով փոքր և միջին ձեռնարկատիրությունը խեղդելը, պետական համակարգը մենաշնորհների և օլիգոպոլիաների սպասուհին դարձնելը, այլ ընդամենը … «մենաշնորհների էությունն ամբողջապես չբացահայտելն ու բաց հանրային երկխոսություն չնախաձեռնելը»։ Փաստորեն, դեռ նոր պետք է բացահայտվի՝ ինչ է մենաշնորհը և որն է դրա էությունը։ Ու այդ բացահայտումն անելու համար ոչ միայն երեք շաբաթ է անհրաժեշտ, այլև ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, ՊԵԿ-ի ռեսուրսների մոբիլիզացումը։ Սա ոչ թե տնտեսության մենաշնորհայնացման համար պատասխանատվության ընդունման, այլ այդ պատասխանատվությունից հմտորեն խուսափելու ձև է։

Եթե կառավարությունն ունակ չէ հիմա ազնվորեն խոստովանելու իրական խնդիրների պատճառները և դրանցում իր պատասխանատվությունը, եթե իր միակ թերությունը համարում է մենաշնորհների էությունից իր անտեղյակությունը, ինչպե՞ս կարող է երաշխավորել, որ խոստացված բարեփոխումների, համակարգի արդյունավետության բարձրացման թիրախների հաղթահարման հարցում լինելու է իսկապես հետևողական և անզիջում։ Ինչպե՞ս կարող է երաշխավորել, որ դրանց ձախողման դեպքում լինելու են կոնկրետ հետևանքներ և այն չի թաքցվելու նմանատիպ նոր պատճառաբանությունների ծխածածկույթի տակ։

Որքան էլ հասարակությունը սպասում էր պատերազմական իրավիճակում իշխանության կողմից համաչափ արձագանքի՝ հուսալով, որ վերջապես իշխանությունը կվերանայի իր արժեհամակարգը, գործելաոճը, հայացքով կշրջվի դեպի երկրի պաշտպանությունը կամավոր ստանձնած շարքային քաղաքացին, նման հայտարարություններին չի հավատում։ Պատճառը միայն իշխանության նկատմամբ տարիներով կուտակված և նստվածք տված խորը անվստահությունը չէ, որը երբեք իշխանության համար խնդրահարույց չի եղել։ Պատճառն ինքնին վարչակարգի, նոմենկլատուրայի բնույթն է։

Որպեսզի հասարակությունը հավատա իրական փոփոխությունների հեռանկարին, ըստ տրամաբանության, նախ պետք է հրաժարական տային կառավարության բոլոր այն անդամները, ովքեր միաժամանակ խոշոր ձեռնարկատերեր են, ովքեր օլիգարխներ են, ովքեր հանդես են գալիս իբրև մենաշնորհների բացահայտ կամ թաքուն հովանավորներ և որոնց ներկայությունը պետական կառավարման համակարգի վերին օղակներում՝ որոշումների կայացման դաշտում, ոտքից գլուխ շահերի բախում է։ Այդ մարդիկ պետական լրջագույն լծակները ձեռք չեն բերել, որպեսզի պայքարեն իրենք իրենց դեմ, որպեսզի արմատախիլ անեն այն համակարգը, որը նրանց հարստացման, բիզնեսի բարգավաճման և ունեցած արտոնությունների պահպանման միակ երաշխիքն է. այդ մարդիկ, վերջապես, դեռ չեն խելագարվել։ 

Պետական կառավարման համակարգում նրանց և նրանց ստեղծած ստվերային ցանցի գոյությունն ինքնին բացառում է, որ կառավարությունը կարող է ունենալ համակարգային վերափոխումների քաղաքական կամք։ Նրանց ունեցած կամքն ունակ է առավելագույնը միջին և ցածր օղակների՝ ընդհանուր համակարգային սխեմաներից դուրս գտնվող ոչ յուրայիններին քավության նոխազ սարքելուն։ Եվ հենց այդ պրոցեսն էլ, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա կադրային օպտիմալացման անվան ներքո՝ մատուցվելով որպես շահերի բախման, կուռուպցիայի դեմ պայքարի դրսևորում։

Հ.Գ. Եթե իշխանությունն ունենար այդ քաղաքական կամքը, առանց առարկությունների պետք է ընդուներ Ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ քաղաքացիական հասարակության և ընդդիմության ներկայացրած բոլոր առաջարկները կամ առնվազն նրանց հետ իրական կոնսենսուսի հասներ։ Որովհետև դա է իշխանության վերարտադրության քաղաքական կոռուպցիան ապահովող մեխանիզմների վերացման ազնիվ նախադրյալը։ Իսկ վարչական, տնտեսական կոռուպցիայի, շահերի բախման բանալին քաղաքական և ընտրական կոռուպցիայի մեջ է։ Բայց վարչապետը հարկ չհամարեց դրա մասին խոսել։ Այստեղ մանևրելու տեղ ուղղակի չկա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter