Հանդիպում Արժույթի միջազգային հիմնադրամի հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրենին
Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Մեննո Սնելին:
Նա շնորհակալություն է հայտնել գործադիր տնօրեն Մեննո Սնելին՝ Հիմնադրամում պաշտոնավարման անցած հինգ տարիներին Հայաստանի շահերը հավուր պատշաճի ներկայացնելու համար: Նկատի առնելով, որ Սնելն առաջիկայում ավարտելու է իր գործունեությունը ներկայիս պաշտոնում, Սարգսյանը հաջողություններ է մաղթել նրան հետագա աշխատանքում և հույս հայտնել, որ ԱՄՀ հաջորդ գործադիր տնօրենի հետ ևս կձևավորվի նույնքան արդյունավետ և կառուցողական համագործակցություն:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական քաղաքականության իրականացման գործում ԱՄՀ-ի դերը, ընդգծելով, որ միջազգային ֆինանսական հեղինակավոր այդ կազմակերպության հետ երկարատև փոխգործակցության շնորհիվ մեր երկրում անցած տարիներին զգալի տնտեսական բարեփոխումներ են իրականացվել: Չնայած բազմաթիվ մարտահրավերներին, արտաքին բացասական ազդակներին, նախագահի խոսքով, Հիմնադրամի հետ համատեղ ջանքերի արդյունքում հնարավոր է դարձել հասնել որոշակի առաջընթացի, և Հայաստանը շահագրգիռ է շարունակել ԱՄՀ-ի հետ համագործակցությունը:
Մեննո Սնելը ևս գոհունակությամբ է խոսել Հայաստան-ԱՄՀ գործընկերային հարաբերությունների և համատեղ իրականացված ծրագրերի մասին, նշելով, որ հետագա փոխգործակցության համար ամուր հիմքեր են դրվել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել