HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Հրետանային զորամասի հրամանատար․ «Այդ օրը զորքս լավ հոգնել էր, բոլորին հերթով 4 ժամ հանգիստ եմ տվել»

«Հետքի» հարցերին պատասխանում է ԼՂՀ ՊԲ հրետանային զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Գրիգորի Սահակյանը։

-Ինչպե՞ս սկսվեց այդ օրը Ձեզ համար, որտե՞ղ էիք ապրիլի 1-ի գիշերը։

- Արդեն կրակային դիրքերում էի։ Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը մեզ սկզբից կարգադրել են սպայական կազմի հավաք կազմակերպել։ Գիշերվա ժամը 2-3-ի կողմերն էր։ Առավոտյան ժամը 5-6 արդեն բոլորը տեղերում են եղել։ Սկզբից մենք չենք իմացել, որ լուրջ մարտական գործողություններ են սպասվում։ Տեղեկություն ունեինք, որ հակառակորդը սահմանին մեծ ծավալների դիվերսիայի է դիմել։ Ապրիլի 2-ին վաղ առավոտյան բանակի հրամանատարի կողմից  բանավոր կարգադրություն ենք ստացել բոլոր դիտակետերը նախապատրաստել և հանել մարտական կիրառման շրջաններ։ Ուղիղ 15 րոպե հետո մեկ այլ  կարգադրություն եմ ստացել արդեն հրետանու պետի կողմից, որ ոչ միայն բոլոր դիտակետերը նախապատրաստենք, այլև ողջ զորամասը մարտական տագնապով պետք է հանվի մարտական կիրառման շրջաններ։ Միանգամից սկսել ենք նախապատրաստական աշխատանքները զորամասից դուրս գալու և մարտակարգերը զբաղեցնելու ուղղությամբ։

Սահմանված ժամին ստորաբաժանումներն ավագ կայաններում արդեն պատրաստ են եղել, իսկ մոտ 50 րոպե հետո արդեն շարասյուներ էին կազմել։ Այդտեղ մի առանձնահատկություն կար. չենք սպասել, որ ողջ զորամասը պատրաստություն զեկուցի, այլ այն ստորաբաժանումը, որը պատրաստություն է զեկուցել, միանգամից շարժել ենք՝ հաշվի առնելով, որ հակառակորդը կարող է օգտագործի հեռահար հրետանի, միգուցե նաև ավիացիա, եւ պետք էր զորամասը արագ հանել մարտական կիրառման շրջաններ։

Այդ նպատակով սկզբից առաջին հրետանային դիվիզիոնն եմ դուրս բերել մարտակարգեր՝ ըստ ստորաբաժանումների, հետո՝ իրար հետևից, երկրորդ դիվիզիոնը։ Մեր դիվիզիոնների մի մասը մեկ առանձնահատկություն ունեն, նրանք ռեկատիվ են և մինչև դուրս գալը պետք է լիցքավորվեն։

Դիվիզոնները դուրս ենք բերել ժամանակավոր կենտրոնական շրջան և իրականացրել լիցքավորում։ Երբ մարտկոցը պատրաստ էր լինում, իմ հրամանով միանգամից երթ էր կատարում և զբաղեցնում էր սահմանված մարտակարգերը։

- Ե՞րբ սկսեցիք խոցել հակառակորդի կրակակետերը։

Ապրիլի 2-ին առավոտյան արդեն մարտակարգերում ենք եղել որոշ ստորաբաժանումներով, զբաղեցրել ենք դիտակետերը և հետախուզություն իրականացրել։ Նշեմ, որ մարտակարգերը զբաղեցրել ենք հակառակորդի կողից արձակվող կրակի տակ։ Մեր ուղղությամբ կրակել են Դ-30, TR-107 զինատեսակներից։ Կարճ ժամանակում հետախուզությունը լրիվությամբ իրականացրել ենք, ճշտել հակառակորդի բոլոր նշանակետերը։

Առաջին կրակը մեզ վրա բացել են կրակ վարող հրետանային մարտկոցներից։ Հակառակորդի երեք մարտկոց էր տեղակայված այդ հատվածում, որի ուղղությամբ էլ կրակ բացեցինք եւ իրենց մարտկոցները խոցեցինք։ Այնուհետև պարբերաբար հայտնվող ու մեզ վրա կրակ վարող հրետանային, ռեակտիվ, ականանետային մարտկոցների վրա մինչև երեկո կրակ ենք վարել։

- Այսինքն ինքներդ որոշումներ էիք կայացնում եւ միանգամից խոցո՞ւմ։

Այո։ Բանակի հրամանատարից ճշտել էինք, թե ինչպիսին է լինելու մեր մարտավարությունը, ինչին ի պատասխան հրամանատարը ասել է, որ կրակ ենք վարելու միայն մեզ վրա կրակ վարող հակառակորդի կրակային միջոցների վրա։ Ինչպես նաեւ՝ եթե հակառակորդը որեւէ տեղից հարձակողական գործողություն սկսի՝ այդտեղ էլ խոցել։

Իմ անմիջական խնդիրն էր խոցել կամ ճնշել հակառակորդի հրետանային, հրթիռային և ականանետային մարտկոցները, որոնք կրակ էին վարում կամ ճնշում էին մեր առաջնագիծը և ստորաբաժանումները, որոնք թույլ չէին տալիս, որ մեր հիմնական ուժերը ծավալվեն։ Մեր առջև դրված խնդիրը հաջողվել է իրականացնել։ Այդ օրը մինչև երեկոյան ժամը 24-ը կրակ ենք վարել։

Ապրիլի 2-ին և 3-ին մենք վարել ենք մասնավոր կրակոցներ հակառակորդի կրակ վարող հրետանային միջոցների վրա։ Հիմնականում մեր սահմանում, որտեղ մենք մեր մարտական խնդիրն ենք իրականացրել, հակառակորդի ակտիվ հրետանային մարտկոցներ են եղել, այսինքն փողային հրետանային միջոցներ՝ սկսած 3-րդ պաշտպանական շրջանից մինչև 5-րդ պաշտպանական շրջանի հատվածներում։ Այդ տեղամասերում հայտնված բոլոր հրետանային միջոցները մեր զորամասի ստորաբաժանումների միջոցով ճնշվել են՝ օգտագործելով քիչ քանակությամբ զինամթերք, բայց գործելով բավականին արդյունավետ։

Բացի մեր հիմնական պատասխանատվության տակ գտնվող սահմանագծից՝ ակտիվ աջակցել ենք նաև 5-րդ պաշտպանականի աջակողմյան գումարտակին։ Այդ ուղղությամբ աշխատել է մեկ մարտկոց, որը կարողացել է հարձակվող հակառակորդի շարասյուները, գումարտակները, հրետանային միջոցները և անմիջապես հարձակվող ստորաբաժանումները ճնշել և խոցել։ Դա եղել է ապրիլի 2-3-ը։

Այդ օրերին աջակցել ենք նաև 3-րդ պաշտպանականի ձախակողմյան գումարտակին։ 4-րդ պաշտպանական շրջանի հատվածում հիմնականում ճնշել ենք հակառակորդի հրետանային միջոցները, որոնք փորձում էին ճնշել մեր զորքին և ակտիվություն էին ցուցաբերում։

Մեր հիմնական մարտական գործողությունները, որ զորամասը լիարժեք կատարել է, եղել են ապրիլի 4-ին։ Ժամը մոտ 16։00-ին հակառակորդը ակտիվություն է ցուցաբերել 4-րդ պաշտպանական շրջանի երկու թևերում էլ։ Բավականին լուրջ քանակությամբ ստորաբաժանումներ են եղել կենտրոնացման շրջաններում։ Այդ ժամանակ էլ սկսել են մեր ուղղությամբ կիրառել 60 մմ, 82 մմ, 120մմ ականանետեր։ Սկզբից հակառակորդը կրակ էր վարում հիմնականում ականանետային դասակների, մարտկոցների, առաջնագծի և առաջնագծում տեղակայված դիտակետերի վրա։ Այնուհետև սկսեցին ավելի խորքային կրակ վարել։ Մոտ երկու ժամ հակառակորդը ավելի ինտենսիվ կրակ էր վարում մեր ուղղությամբ։ Իսկ ժամը 18։00-ի կողմերը դիտակետից նկատել եմ հակառակորդի երկու մեծ շարասյուններ, մեկը՝ 4-րդ պաշտպանական շրջանի աջ թևի ուղղությամբ, մյուսը՝ նույն պաշտպանական շրջանի ձախ թևի ուղղությամբ։

Միանգամից որոշում եմ ընդունել դեպի մեր դիրքերը շարժվող հակառակորդի շարասյունների վրա կրակ վարել եւ ճնշել։ Հակառակորդի կողմից լուրջ կուտակումներ են եղել տարբեր ուղղություններում, եւ տարբեր շարասյուներ են եղել՝ տանկային, ավտոմոբիլային։ Չնայած մեր հիմնական խնդիրը 4-րդ պաշտպանականի շրջանում հակառակորդին ճնշելն էր, բայց պատրաստվում էինք խոցել նաև վերոնշյալ աջ ու ձախ հատվածներում հակառակորդի կուտակված շարասյուները։ Մի հատված կար, որտեղ հակառակորդը մոտ 25 տանկով էր փորձում առաջ գալ։ Մենք տարբեր դիտակետերում դիտարկումներ կատարելով կարողացել ենք պարզել, թե հակառակորդի թիկունքում ինչ է կատարվում։

-Դա ապրիլի 4-ին էր, այո՞, կարծես ամենամեծ վնասները այդ օրն եք հասցրել հակառակորդին։

- Այո, այդ օրը։ Ապրիլի 4-ին 6 ժամ ակտիվ մարտ ենք վարել։ Մեզ հաջողվել է, օգտագործելով երկու դիվիզիոնի ուժերը, ճնշել հակառակորդի շարասյուները, հարձակվող ստորաբաժանումները խոցել։ Այդ օրը, թերևս, մենք շատ ավելի լավ ենք կատարել մեր առջև դրված մարտական առաջադրանքը։ Ինչքանով տեղյակ եմ՝ լուրջ վնասներ ենք հասցրել հակառակորդին, ինչի պատճառով էլ հակառակորդը զերծ է մնացել հարձակողական հետագա գործողություններից։

- Իսկ հրամանատարական կետերը որտե՞ղ եք ոչնչացրել։

- Հակառակորդը հրամանատարական կազմի մեծ կորուստներ էլ է ունեցել։ Մեր ստորաբաժանումները անձամբ հինգ գյուղերի մոտակայքում տեղակայված հրամանատարական կետերն ենք խոցել։ Բոլոր 5 հրամանատարական կետերը խոցելուց անձամբ եմ դիտարկում իրականացրել։ Չեմ կարող ճշգրիտ ասել, բայց ամենաշատ հրետակոծությունն իրականացրել ենք Գաջիլար գյուղում տեղակայված բրիգադի հրամանատարական կետի ուղղությամբ և, ամենայն հավանականությամբ, հակառակորդի բրիգադի հրամանատարը և շտաբի պետը հենց այդտեղ են զոհվել։

- Այսինքն ելման կետերում հարվածել եք, եւ չեն հասցրել գործողություն սկսել, ղեկավարում էլ արդեն չունեին։

- Այո, այդպես էր։ Մենք իրենց լուրջ վնասներ ենք հասցրել առաջնագծից մոտ 9-10 կմ խորության վրա։ Առաջնագծի մի հատվածում ոչնչացվել և ճնշվել են հակառակորդի հրետանային միջոցներ, ինքնագնաց մարտկոցներ, ականանետային դասակ, մարտկոցներ, կենտրոնացված ստորաբաժանումներ, կենդանի ուժ, տանկեր։

- Այդ հատվածում միայն ձե՞ր հրետանին էր։

- Ոչ, կենտրոնական ուղղությամբ բավականին մեծ աջակցություն են ցուցաբերել և կրակային խոցում են իրականացրել 4-րդ պաշտպանական շրջանի հրետանային ստորաբաժանումները։ 4-րդ պաշտպանականի հրետանային ստորաբաժանումները բավականին լավ պատրաստված էին և դիպուկ կրակ էին վարում հակառակորդի շարասյուների, ստորաբաժանումների և կառավարման կետերի ուղղությամբ։

Բացի դիպուկ կրակ վարելուց, 4-րդ պաշտպանականի հրետանու շտաբը լավ բացահայտած է եղել  հակառակորդի կրակային միջոցների տեղերը, ինչը նաև մեր զորամասի համար բավակաին օգտակար տեղեկություն էր, մեծ աջակցություն։

Նրանք կրակ են վարել մինչև 4 կմ խորության վրա, իսկ մեր ստորաբաժանումներն հակառակորդի ավելի խորը տեղաբաշխված ուժերի հետ խորքային կրակ են վարել։ Մինչև 12 կմ խորությամբ և 25 կմ երկարությամբ սահմանագծում մեր բոլոր զինատեսակներից կրակ վարելուց հետո հակառակորդի կողմից առաջնագծում արդեն խուճապ էր սկսվել։

- Իսկ ինչպե՞ս էիք համագործակցում այդ ժամանակ։

- Մարտի ընթացքում երկու զորամասերի համագործակցությունը հանպատրաստի է ստացվել, բայց ասեմ՝ դա ինչի շնորհիվ էր. մեր՝ նախկինում միասին անցկացված զորավարժությունների: Մեզ հաջողվել է համախմբված ուժերով խոցել և ճնշել հակառակորդին այնպես, որ նրան չհաջողվի կազմակերպված ուժերով հասնի մինչև մեր առաջնագիծ։ Մենք մեր խնդիրն էինք կատարում, իրենք՝ իրենցը, եւ ստացվել էր հիանալի համագործակցություն։ Եւ քանի որ գործողությունը միաժամանակ էինք կատարում, ստացվել է այնպես, որ հակառակորդը թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում համատարած կրակի տակ էր, ամեն տեղամասում ինքը միաժամանակ խոցվում էր։ Չի եղել մի սոտորաբաժանում եւ տեղամաս, որը չի խոցվել։ Դրա համար իր մոտ սկսվել էր խուճապ։ 

- Դուք տեղում ինքուրո՞ւյն էիք որոշումները կայացնում։

- Այո։ Բոլոր որոշումները կայացվում էին տեղում, առանց որևէ միջամտության։ Բանակի հրամանատարի և հրետանու պետի կողմից եղել է թույտվություն տեղում որոշումներ կայացնելու։ Քանի որ ես անձամբ գտնվում էի մարտի դաշտում, կարգադրություն ունեի խոցել կամ ճնշել հակառակորդի խոցող կամ կրակ վարող բոլոր միջոցներն ու հարձակվող հակառակորդին։

- Այսինքն նման հրամա՞ն է եղել, որ կարող եք ինքնուրույն որոշումներ կայացնել։

- Կարգադրություն է եղել. եթե հակառակորդը մարտ է վարում, հարձակում է նախաձեռնել, կարող եք ինքնուրույն որոշումներ կայացնել։

- Դուք, կարծես թե, դրանից ուրախացել էիք։

Եթե այդ թույլտվությունը չլիներ, անկեղծ ասած, մի քիչ կաշկանդված կաշխատեինք, այդ իրավունքը հրամանատարներիս տրվել էր, եւ դա մեր հաջողության գրավականներից մեկն էր։ Բայց դա չի նշանակում, որ մենք ինչ ուզենանք, կարող ենք անել: Մենք կանոնավոր բանակի ստորաբաժանում ենք։

Գնդապետ Գրիգորի Սահակյանը ծնվել է 1975թ. Սումգայիթում, 1988-ին ընտանիքով տեղափոխվել է Ստեփանակերտ: Մարտական ուղին սկսել է 1993թ.-ից, սկզբում՝ կամավորական ջոկատի կազմում, այնուհետև՝ նոր կազմավորված հրետանային զորամասերից մեկում՝ որպես հրետանային հետախույզ: Նա ստացել է սպայական կոչում և նշանակվել մարտկոցի, այնուհետև՝ դիվիզիոնի հրամանատար, իսկ 1998-2002 թթ. զբաղեցրել է զորամասի շտաբի պետի պաշտոնը: 2002թ. նա սովորել է ՌԴ ռազմահրետանային ակադեմիայում։ Ավարտել է կարմիր դիպլոմով և ոսկե մեդալով: Վերադառնալով պաշտպանության բանակ՝ գնդապետը նշանակվել է միավորման հրետանու շտաբի պետ, 2007 թվին՝ միավորման հրետանու պետ, իսկ 2010թ.-ից զորամասի հրամանատար է: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար գնդապետ Գ. Սահակյանը պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի «Արիության համար» մեդալով, բազմաթիվ այլ պարգևներով:

- Ապրիլի 28-ին էլ հրետանին ստիպված է եղել պատասխանել հակառակորդին։ Ի՞նչ կատարվեց այդ օրը։ Ադրբեջանցիներն ասում են, որ այդ օրը խաղաղ բնակավայրերի վրա եք կրակել։

- Եթե անկողմնակալ ու լավ փարձագետներ գնան ու հետազոտեն մեր կողմից խոցած հակառակորդի նշանակետերը, ապա կտեսնեն, որ 99 տոկոսի դեպքում ուղիղ կպել ենք նրանց  կրակակետերին։ Միայն մեկ տոկոսն է շեղվել ու վնասել շենք-շինություններ, դա էլ այն պատճառով, որ հակառակորդի կրակային կետերը գտնվում էին այդ շինությունների անմիջական մոտակայքում, ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։ Ասեմ մի օրինակ. իրենց կրակային դիրքը դպրոցից 15 մետր հեռավորության վրա էր տեղակայված։ Չի բացառվում, որ դպրոցի մոտ արկ ընկներ, բայց մենք մեզ վրա կրակող դիրքն ենք խոցել։ Բայց նրանք նախ պետք ասեն, թե ինչպես է հնարավոր դպրոցի կողքը կրակետ դնել։ Իսկ մարտկոցները տեղաբաշխել էին տների արանքում։ Ես կրակ եմ վարում մարտկոցի վրա, ոչ թե տան։ Մենք կրակ էինք բացում այնտեղի վրա, որտեղից մեզ խփում են։ Սա է իրականությունը։

- Իսկ հաշվարկները ինչպե՞ս էիք անում։

- Ինչ վերաբերում է հաշվարկներին, ապա որոշ տվյալներ ունեինք նախապես հակառակորդի պլանային նշանակետերի վերաբերյալ։

Չնայած հակառակորդը անընդհատ խոստանում էր դադարեցնել կրակը, բայց միաժամանակ պահը բաց չէր թողնում կրակ բացել մեր ուղղությամբ։ Չնայած մենք միշտ պատրաստ ենք, պատասխան կրակ վարելու և ճնշելու նրանց ակտիվությունը։

Հրետանին լուրջ աշխատել է նաև ապրիլի 28-ին։ Երեկոյան ժամը 10։30 կողմերը սկսեցին սկզբից փոքր տրամաչափի զինատեսակներից կրակել մեր դիրքերի ուղղությամբ, իսկ արդեն ժամը 11-ից հետո կրակում էին բավականին խոշոր տրամաչափի զինատեսակներից։

Այդ մասին իսկույն զեկուցեցի ղեկավարությանը և հայտնեցի, որ լայնամասշտաբ հարձակում չեմ նկատում, մութ է, բայց հրետանային միջոցների կիրառում նկատում ենք։

Այդ նույն գիշերը հայտնաբերել եմ հակառակորդի 7 կրակող մարտկոց, այդ թվում՝ ինքնագնաց մարտկոցներ, ռեակտիվ մարտկոցներ և հեռահար մեզ վրա կրակող 4 մարտկոցներ։

Միանգամից 7 կրակող մարտկոցների վրա պատասխան կրակ եմ պատրաստել և սկսել եմ հաջորդաբար խոցել դրանք։ Այդ ժամանակ էլ 4-րդ պաշտպանականի հրետանու հետ համատեղ էինք աշխատում։ Մոտիկ կրակող ականանետային մարտկոցների վրա մոտ 4-6 կմ հեռավորության վրա կրակ էր վարում 4-րդ պաշտպանականի հրետանին։ Իսկ մենք և՛ այդ հեռավորության վրա էինք կրակ վարում, և՛ ավելի խորքում տեղակայված կրակակետերի վրա։ Ասեմ, որ այդ օրը մի քիչ ջղայնացած եմ մարտը վարել, եւ որոշեցի, որ պետք է մեկընդմիշտ դաս տալ հակառակորդին։

- Պատճառն ա՞յն էր, որ անմիջապես ձեր մարտակոցների վրա են կրակել։  

(Հրամանատարը ժպտում է) - Նրանք իմ ստորաբաժանումների վրա սկսել էին համազարկերով կրակ վարել։ Մտածեցի, որ լռեմ, իրենք իրենց ավելի լավ են զգալու։ Տեսնում էի, որ ուղիղ նշանակետերին ենք խփում, որոշեցի լրիվությամբ ճնշել հակառակորդի կրակը։ Տեսնում էի, որ «կրակը լավ է գնում», որոշեցի, որ պետք է դաս տամ։

Հակառակորդի և ոչ մի կրակակետ 4-5 արկից ավել չի հասցրել կրակել, իսկույն հայտնաբերել ու լռեցրել ենք։ Հակառակորդը դրա մասին շատ լավ գիտի, իսկապես լավ դաս եղավ այդ օրը իրենց համար։ 6 ժամից ավելի իրենց խոցել ենք ու իսկապես սսկվել են դրանից հետո։ Այդ օրը զորքս լավ հոգնել էր, բոլորին հերթով 4 ժամ հանգիստ եմ տվել։

Ուրախ էի, որ զորքը ամենայն պատասխանատվությամբ էր վերաբերվում իր գործին, հրամանատարներն ամենայն ճշտությամբ էին կատարում իրենց հաշվարկները, իմ կողմից տված ցուցումները բոլորը ժամանակին էին պատրաստում։ Հակառակորդի հրետանին չէր հասցնում կրակել, մեկուկես րոպեից հետո մենք արդեն պատասխան կրակն ենք բացել։

Հակառակորդը տեսել է, որ դիպուկ ենք կրակում, կարողանում ենք բոլոր զինատեսակները միանգամից օգտագործել, ավելին՝ մասսայական կրակ ենք կարողանում վարել։ Հասկացան նաև, որ հրամանատարությունը ամուր է, որովհետև միանգամից կիրառել մեծ քանակի մարտկոցներ, ստորաբաժանումներ՝ դա ևս կրակի կառավարման կարևորագույն սկզբունքներից մեկն է։ Երբեք հրամաններիս մեջ չի եղել, որ հակառակորդի որևէ գյուղի վրա կրակ վարենք, մտքովս էլ նման բան չի անցել։

- Գո՞հ եք ձեր հրետանավորներից։

- Չէի ասի, որ անսպասելի էր, բայց ինչ-որ մի տեղ ինձ համար հաճելի անկնկալ էր, որ մեր զորքը կարճ ժամկետում ընտելացել է իրավիճակին։ Մարտական իրավիճակը ստիպել է, որ կարճ ժամանակում ամեն մեկը իր պարտականություններին լուրջ վերաբերվի։ Կրակ վարելու գործում կատարելագործվելու տեղ, անելիքներ, իհարկե ունենք, բայց համեմատելով ապրիլի սկզբին ու վերջին վարած մեր գործողությունները՝ կարող եմ վստահությամբ ասել, որ զգալի տարբերություն եմ զգում զորքի պատրաստվածությունից, բավականին հմտացել են զինվորները։ Ընդհանուր առմամբ գոհ եմ զորքի կատարած աշխատանքից, բավարար եւ լավ պատրաստվածություն կա։

- Զոհեր ունեցե՞լ եք։

Փառք Աստծո, զոհեր չենք տվել, մենակ գիշերային ժամերին մարտ վարելուց թեթևակի վնասվածքներ են ստացել, ինչն, իհարկե, անխուսափելի էր։ Իհարկե, մեր ստորաբաժանումներին միացել էին նաև կամավորներ, բայց հիմնական գործը կատարել են մեր ժամկետային զինվորներն ու սպայական անձնակազմը։

- Իսկ Ձեր զորամասից ո՞ւմ են պարգեւատրել։

- Զորամասից պարգևատրման համար ներկայացրել եմ 140 հոգու, որից 120-ը շարքայիններ են։ Առայսօր արիության, մարտական ծառայության և տարբեր գերատեսչական մեդալներով պարգևատրել են նրանց մի մասին միայն։ Իմ կարծիքով՝ մարտական գործողություններին մասնակցած յուրաքանչյուր զինծառայող, անկախ կոչումից, արժանի է խրախուսման, առնվազն՝ գերատեսչական մեդալով։

Լուսանկարում Գրիգորի Սահակյանը աջից առաջինն է / Արմեն Երամիշյան

Տե՛ս ֆոտոպատմությունը

Մեկնաբանություններ (2)

Արմէն Նազարյան
Հարգելի Էդիկ Բաղդասարյան․ Խորին շնորհակալություն․ Հրաշալի ռեպորտաժ էր․։ Իսկ Ֆոտոպտմությունը դիտելիս ուղղակի անհնար էր զսպել հուզմունքս․․․ եւ ամենակարեւորը՝․ քանի մենք գնդապետ Գրիգոր Սահակյանի նման հրամանատարներ ունենք, իրոք իրավունք ունենք ՝ թե՛ հաղթելու , եւ թե՛ ազգային պետականություն ունենալու, ի հեճուկս բոլոր ներքին եւ արտաքին թշնամիների!!! Փառք հայ հերոսներին !!!
Արսեն
Հարգելի խմբագրություն համաձայնեցրել եք արդյոք ներկայացված նյութի բովանդակությունը համապատասխան գերատեսչության հետ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։