Խոստացված 23 մլն եվրոյի ասֆալտապատումը Գյումրիում կսկսվի աշնանը
Գյումրի քաղաքի փողոցների ասֆալտապատման եւ լուսավորման աշխատանքներին ուղղված 23 մլն եվրոյի վարկային համաձայնագիրը ստորագրվեց մայիսի 11-ին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովի շրջանակներում: Այդ նպատակով Լոնդոն էր մեկնել նաեւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Եռակողմ համաձայնագիրը կնքվել էր ՀՀ կառավարության, ՎԶԵԲ-ի եւ Գյումրու քաղաքապետարանի միջեւ:
«Վարկն ունի երկու բաղադրիչ,- հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Գյումրու քաղաքապետը,- դա վարկային մասն է, որ կազմում է 14,6 մլն եվրո, երկրորդ մասը դրամաշնորհային է եւ կազմում է 7,3 մլն եվրո, 1,6 մլն եվրոն էլ ծախսվելու է խորհրդատվական, փորձագիտական, եւ այլ ծառայությունների վրա: Վարկային մասի տոկոսները, որը մեծ չէ, ընդամենը 1 տոկոս, գումարած՝ եվրոբորնը, որը կարող է կազմել 0,3-ից 0,8 տոկոս, մարելու է քաղաքապետարանը, իսկ մայր գումարը՝ կառավարությունը: Առաջին երեք տարին արտոնյալ է՝ միայն տոկոսներն ենք տալու, մնացած գումարը պիտի մարվի 15 տարվա ընթացքում»:
Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա գումարը բուն նպատակին կսկսի ծառայել միայն աշնանը, մինչ այդ պետք է ծրագիրը ներկայացվի գործադիր եւ օրենսդիր մարմինների քննարկմանը, այնուհետեւ շինարարական կազմակերպության ընտրության նպատակով կհայտարարվի միջազգային բաց մրցույթ:
«Դե ինչքան էլ շտապենք, սրանք գործընթացներ են, որ պիտի անպայման անցնենք,- նշեց Սամվել Բալասանյան,- միայն մրցույթը կտեւի երկու ամիս ու հավանաբար միայն հոկտեմբեր ամսին հնարավոր կլինի սկսել որոշակի աշխատանքներ: Սկսելու ենք Կոմիտաս փողոցից, որը կենտրոնական չէ, սակայն կարեւոր նշանակություն ունի՝ կապված հյուսիս-հարավ մայրուղու հետ»:
Ըստ նախագծի՝ ասֆալտի շերտը նախատեսված է 22 սմ, սակայն քաղաքապետը որոշել է առաջարկ ներկայացնել եւ շեմը իջեցնել մինչեւ 15 սմ: Սամվել Բալասանյանը սա հիմնավորում է կլիմայական ոչ խիստ պայմաններով, ինչպես նաեւ խորհրդային տարիներին ընդունված նորմատիվներով:
«Փողոցները նորոգելիս, երբ հարկ է լինում քանդել 30 տարի առաջ արած ասֆալտաշերտը, տեսնում ենք, որ 15 սմ է ու լավ էլ դիմացել է: Ես առաջարկելու եմ, բայց եթե փորձագետները չհամաձայնվեն՝ ուրեմն կպահպանենք նախագծում նշվածը։- նկատեց քաղաքապետը,- Ուղղակի այդ 7 սմ-ի տնտեսումը հնարավորություն կտա ասֆալտապատվող փողոցների թիվն ավելացնել: Եթե ըստ ծրագրի՝ պիտի ասֆալտապատենք 16 կմ, ապա դա կարող է դառնալ մոտ 23 կմ»:
Այս ծրագրի առավելությունն այն է, որ հնարավորություն է տալիս լուծել ջրահեռացման համակարգի խնդիրը, ասֆալտապատվող փողոցները երիզող մայթերը եւս հիմնանորոգվելու են:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել