HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարգիս Հացպանյանը՝ «Հետքի» խմբագրությանը

Ողջույն ազատազրկված տարածքներից: Ինչպես ասում է ժողովրդական խոսքը, «բոլոր երգերը երգել էինք, մնացել էր «Սարի սմբուլը», եւ ապրիլի 5-ին այդ էլ եղավ: Միայն անունով «արդարադատության» կոչվող համակարգն ինձ, իրենց բառապաշարով՝ «անուղղելի քաղբանտարկյալիս», համազգեստ չհագնելու եւ կրծքանշան չկրելու մեղքով խիստ նկատողության՝ տույժի ենթարկեց:

Երեւի ՀՀ բանտերում գտնվող միակ (եւ անկրկնելի) բանտարկյալն եմ, ում նման անհեթեթ «պատճառաբանությամբ» տույժի են ենթարկում: 2008, 2009, 2010 եւ 2011 թթ. ՀՀ 3 տարբեր («КГБ-ի պադվալ», դատապարտյալների հիվանդանոց եւ «Վարդաշեն») ՔԿՀ-ներում պատանդ պահված լինելով հանդերձ՝ գեթ մեկ օր մեկ ժամ իսկ այդ համազգեստ կոչվող, գերմանական ռազմագերիների ճամբարի պատանդներին ստիպողաբար հագցվածների նմանությամբ հագուստը չեմ հագել:

Ես այժմ ՀՀ իշխանությունը զավթած այս ապօրինկ ռեժիմը ոչ լեգիտիմ գտնելով, դրա ոչ մի պարտադրանքին երբեք չեմ ենթարկվել, ու այդ մասին բոլորը գիտեն: Նույնիսկ այլ ՔԿՀ-ներում՝ չոռնի զոն-գաղութ կոչվածներում գտնվող «օրենքով գող» կամ «զոն նայողներից» մի քանիսի գովասանք-դրվատանքին եմ արժանացել «իմ ճիշտ պահվածքի համար»:

Իմ ձերբակալման ժամից սկսած՝ բոլոր ՔԿՀ-ների բոլոր աշխատակիցների հետ «վերեւներից» իջեցված բանավոր հրամանների պատճառով մշտապես շուն ու կատու ենք եղել, եւ երկու տարբեր «խրամատներում» գտնվողներով իրար «կրակել»: Տարօրինակն այն է, որ այս ամենը շատ ավելի անտանելի է դարձել հենց Հրայր Թովմասյանի՝ նախարար նշանակվելուց հետո, բայց ոչ իր պատճառով:

ՀՀ ԱՆ ՔԿՎ պետ Հայկ Հարությունյանի՝ դեռ 2008 թ. փետրվարի 23-ից սկսած իմ ձերբակալման տակ ստորագրած, հետո մարտի 1-ից օրեր անց էլ Ռոբերտ Քոչարյանին «ՀՀ անվտանգությանը սպառնացող անձ» ներկայացնելով՝ Հայաստանից արտաքսման հրաման տալու պատճառ հանդիսացող մարդ լինելը, իր միայն մենթական կեղտոտ խաղերով ինձ վրա «վրեժխնդրությամբ» հարձակվելը այս տարվա հունվարի 26-ին Հրայր Թովմասյանի «Վարդաշեն» այցելության ընթացքում ինձ վիրավորելու փորձերին ադեկվատ պատասխանից «ուշքի չգալով», էլ ավելի սաստկացավ:

Այդ օրվանից սկսած՝ մի ամբողջ համակարգ, հենց այդ Հայկ Արտյոմիչ կոչվողի պատճառով, իմ ետեւից է ընկել, սակայն քանի որ «Վարդաշենում» բոլոր դատապարտյալներով մի ընդհանուր եւ մեկ ճակատ ենք հիմնել, նրանց սադրիչ խաղերը ոչ մի արդյունք չեն տվել:

Ավելին, երեք ամիս շարունակ տեւած պայքարի, երբ մենք դատապարտյալների «պայմանական վաղաժամկետ ազատման», «բաց ռեժիմ տեղափոխվելու» եւ «կարճատեւ մեկնումների»՝ արձակուրդի իրավունքների համար կատարած համառ քայլերի փոքր, բայց հուսալի քայլերին հասած դրական արդյունքները չմարսող Հայկ Հարությունյանը բնականաբար այդ պայքարում իմ ունեցած դերակատարման համար ինձնից պետք է ինչ-որ կերպ վրեժխնդիր լիներ, որը եւ երեկվա տույժով իր ուզածին հասավ վերջապես:

Հարցը իմ տույժ ունենալ կամ չունենալը չէ իրականում, այլ այս համակարգի ապօրինությունները ամբողջ Հայաստանի հասարակությանը հասցնելու գործում ձեր՝ զլմ ներկայացուցիչներիդ հետ ճիշտ ժամանակին համատեղ աշխատանքները համակարգելու իմ խաղացած դերի «պատժին արժանացնելու» գնահատականին հասնելու համար նրանց փոքրոգի գործողությունները եւ մեր սիրելի ժողովրդին ի ցույց դնելու առթիվ իմ անդադար պայքարին իրենց վհատված քայլ անելու իրողությունն է:

Քանի որ ես իրենց ձեռքում պատանդ եմ, ուրեմն անպայման պիտի խփեն. սա օրինաչափ երեւույթ է: Եղածի առթիվ առավել քան վստահ եմ, որ ոչ Հրայր Թովմասյանը, ոչ էլ այլ որեւէ ատյան ձայն-ծպտուն չի հանելու: Հույսս էլի զլմ-ներն են, որոնցից ՔԿՀ աշխատակազմերը վախենում-սարսափում են: Այդ Բաբայան Արսեն կոչվածը ամեն ինչ անում է, որ ձեր, ձեզանից մեկի-երկուսի այս հիմնարկ մուտքը խոչընդոտի:

Խափանելու համար ես սպասում եմ, որ դուք եւս, ինչպես նա, համառորեն աշխատանքներ կտանեք իմ զլմ ներկայացուցիչների հետ տեսակցություն ունենալու օրենքով նախատեսված իրավունքն իրացնելու գործում ցանկալի արդյունքների հասնելու համար: Սրանց պետք է դատի տալ եւ գնալ մինչեւ ՄԻԵԴ՝ ցույց տալու համար, թե ՀՀ-ում ինչպիսի բարբարոսների համակարգում է ապրում մի ողջ ժողովուրդ:

Քաղաքական բանտարկյալներից 149 մարդ արարածից այսօր մնացել ենք միայն մի քանի հոգի (որոնցից հատկապես 3 հոգին՝ Սասունը, Նիկոլը եւ ես) սրանց կոկորդում մնացած (կամ մնալիք) ոսկոր ենք… Իրենք մեզ չեն թողնում՝ շատ լավ իմանալով, որ մենք դրսում շատ ավել ակտիվ գործողություններ կիրականացնենք՝ մոտեցնելով իրենց վախճանը, եւ այլ պատճառ ու հանգամանք չկա՝ մեզ ամեն գնով բանտում պահելու համար: Սա պետք է հասկանալի լինի բոլորին:

2008-2009 թթ. «Վարդաշենում» 15 քաղբանտարկյալ կար, բայց «մերոնք» ոչ մի օրենք կամ իրավունքի համար թեկուզ այստեղ այս համակարգից տուժած մարդկանց ազատության համար եւ ոչ մի քայլ չարեցին: Ինչքան ժամանակ որ ես մնացել եմ մեն-մենակ, իմ յուրաքանչյուր քայլով պայքարել եմ բոլորի ազատության եւ իրավունքների համար, եւ դա ստացվել ու ստացվում է:

Այստեղ գտնվող մարդիկ մեր ժողովրդի զավակներն են, չէ՞, եւ մեր ուզած փոփոխությունները եւս հենց իրենց ու իրենց ընտանիքների, երեխաների համար չե՞ն… Ուրեմն, դրսում թե ներսում պետք էր անել առավելագույնը ժողովրդի զավակների համար, եւ ես իմ բաժին պայքարը պատվով տարել եմ, տանում եմ եւ տանելու եմ: «Վարդաշենի» մոտ 200 բանտարկյալ իմ արածներով է դատնում նաեւ ընդդիմադիրի կրած որակները, որոնք, սակայն, շատ-շատերի մոտ պարզապես պակասում են:

Իշխանություն նշանակում է ժողովուրդ, եւ եթե դու այդ ժողովրդի համար զոհողությունների չես գնում, կլինի այն, ինչ կա: Որտե՞ղ են հիմա բանտարկության տառապանքն ապրած մեր այդ 149 «քաղբանտարկյալները»:

Նրանցից քանի՞սն են այսօր մեզ՝ այժմ բանտում գտնվողներիս ազատության համար պայքարում: Չգիտեմ… Ճիշտն ասած, չեմ էլ ուզում իմանալ, քանի որ պատասխանը (ճշմարտությունը) կարող է եւ ինձ շատ տխրեցնել, որն ինձ նման ծնկի չեկող մարդուն հասցվելիք հաստատ ամենադաժան հարվածը կլինի:

Ես այստեղ՝ բանտում, ճանաչել եմ այդպիսի բարոյական չափորոշիչներով ապրող, անունով «հանցագործ» հայ մարդկանց, որոնց ընդդիմադիր կազմակերպություններում չես հանդիպի… Ցավում եմ ասածներիս համար, բայց դա փաստ է:

Ինչեւէ, այս համակարգը, որ երեք տարի է, չի կարողանում ինձ գոնե մեկ ժամով պայքարելուց հետ պահել, այժմ որոշել է ինձ, փակ ռեժիմ տեղափոխելով, փորձել ձայնազուրկ դարձնել, եւ երեկվա տույժը հենց այդ իմաստն ունի: Եվս մեկ-երկու տույժ եւ հետո «հայդե Գորիսի չոռնի զոն»: Ահա թե ինչ է իրենց ուզածը: Այդ իսկ պատճառով էլ արժանապատիվ լրագրողները պետք է այս ամենի մասին հասարակությանը ճշգրիտ տեղեկություններ հաղորդեն, որպեսզի ամեն ինչ պարզ երեւա:

Քանի որ ինձ երկու շաբաթից էլ ավելի ժամանակ է, արգելում են զանգահարել, զլմ ներկայացուցիչների հետ կապվելու այլ որեւէ հնարավորություն չունեմ, քան ինչպես հիմա եմ անում, նստել ու գրելը: Նույնիսկ նամակներս դուրս հանելը շատ դժվար է, բայց գոնե ինչ-ինչ ճանապարհներով դա ինձ հաջողվում է:

Բարին ընդ ձեզ, մեզ բոլորիս:

Սիրով ու կարոտով՝ Սարգիս Հացպանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter