HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երիտասարդ լուսանկարիչների հետ հանդիպում` Ստեփանակերտի ԹՈՒՄՈ-ում

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը և HALO TRUST-ը համագործակցում են՝ կազմակերպելով պրոֆեսիոնալ լուսանկարչության դասընթաց: Դասընթացի նպատակն է զարգացնել երիտասարդ լուսանկարիչների հմտությունները և բարձրացնել HALO TRUST-ի մարդասիրական աշխատանքի իրազեկման մակարդակը: HALO TRUST ընկերությունը ականազերծման և կասետային զինամթերքի մաքրման աշխատանքներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղում:

Երկշաբաթյա աշխատարանը կանցկացվի Ստեփանակերտի Թումո կենտրոնում: Աշխատարանի մասնակից ուսանողները կծանոթանան փաստագրական լուսանկարչության հիմունքներին՝ հայտնի ֆոտոլրագրող Սկաուտ Թուֆանկջյանի ղեկավարությամբ, ով առաջին անգամ ուսուցանել է Թումո Երևանում  2013-ին:

Աշխատարանի ընթացքում ուսանողները կստեղծեն Ղարաբաղի բնության, կյանքի և մարդկանց մասին պատմող ֆոտոպատմություններ: Պատմությունները կկենտրոնանան HALO TRUST-ի կողմից ականազերծված տարածքների, դրանց բնակիչների և Ղարաբաղի կյանքի ապահովության համար պայքարող նվիրյալ անձնակազմի շուրջ:  

Դասընթացի առաջին օրվանից Սկաուտ Թուֆանկջյանի տպավորությունն էր. «Անասելի ոգևորված եմ Ղարաբաղ և Թումո վերադարձիս կապակցությամբ: Հակամարտության վերջին շրջանի սրացումը կրկին ընդգծեց HALO TRUST-ի աշխատանքի կարևորությունը Ղարաբաղի համայնքների ապահովության երաշխավորման գործում, ինչպես նաև այս հիանալի վայրը աշխարհին ներկայացնելու անհրաժեշտությունը: Ուրախ եմ այս երկու թեմաների լուսաբանման շուրջ նման հրաշալի ուսանողների հետ աշխատելու համար: Անհամբեր սպասում եմ նրանց արդյունքներին»:

Դասընթացի ավարտին ուսանողները կստեղծեն ֆոտոշարքեր Ղարաբաղի մասին, որոնցից լավագույնները կցուցադրվեն Հայաստանում և ԱՄՆ-ում:  

Դասընթացը տեղի կունենա 2016 թ. մայիսի 12 – 21-ը: Հինգշաբթի՝ մայիսի 19-ին, ժ. 20:00-ին Սկաուտը կպատմի իր «Գոյություն ունի միայն Երկիրը. լուսանկարներ «Հայկական սփյուռք» նախագծից» գրքի և իր լուսանկարչական փորձառության մասին: Դասախոսությունը տեղի կունենա Ստեփանակերտի Թումո կենտրոնում (Կնունյանցների 2): Մուտքն ազատ է հանրության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter