HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրու Ալեքսանդրովսկի՝ ներկայում Աբովյան փողոցի մի հատվածը կրելու է ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի անունը

Գյումրու ամենահայտնի եւ ամենաերկար փողոցներից մեկի՝ Աբովյան փողոցի մի հատվածը ավագանու մայիսի 6-ին կայացած նիստում ընդունված որոշման համաձայն կոչվելու է ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի անվամբ: Նախկին Ալեքսանդրովսկին (ներկայում՝ Խաչատուր Աբովյան-հեղ.) շուրջ 2,5 կմ է, անվանափոխվող հատվածը՝ 800  մետր: Խնդիրն այն է, որ անվանափոխության է ենթարկվում ոչ թե փողոցի սկզբնամասը կամ վերջնամասը, այլ մեջտեղի հատվածը:

Առաջարկի հեղինակներն՝ այս դեպքում քաղաքային իշխանությունները, անվանափոխությունը պատճառաբանում են բարերարի՝ Գյումրիին մատուցած ծառայություններով («Լինսի» հիմնադրամով էին ապահովվում Քըրք Քըրքորյանի տրամադրած դրամական միջոցները Գյումրիում իրականացված բնակարանաշինության համար: Աղետի գոտու բնակարանաշինության համար ընդհանուր առմամբ այս հիմնադրամից հատկացվել է 45 միլիոն դոլար, կառուցվել է շուրջ 3700 բնակարան, հիմնանորոգվել են ճանապարհներ, դպրոցներ ու մշակութային հաստատություններ):

Գուցե անվանափոխության այս որոշումն էլ հանրության համար աննկատ անցներ, ինչպես նախկինում էր եղել, եթե մայիսի 6-ի ավագանու նիստին մասնակցած Գյումրի քաղաքի բնակչուհի Էմմա Բաղդասարյանը չփորձեր իր կարծիքը հայտնել ավագանու որոշման կապակցությամբ եւ այդ մասին չլիներ հրապարակում տեղական մամուլում: «Ես ցանկանում էի հասկանալ, թե ինչու են ցանկանում անվանափոխել հենց այդ փողոցն ու հենց այդ հատվածը,- պարզաբանում է Էմմա Բաղդասարյանը,- նախ անվանափոխությունը կատարում են օրենքի կոպիտ խախտումով եւ հետո, եթե շատ են ցանկանում փողոց անվանակոչել բարերարի անունով՝ մենք շատ ուրիշ փողոցներ ունենք քաղաքում, որոնք հարկ է, որ վաղուց անվանափոխված լինեին»:

Էմմայի ունեցած տեղեկություններով փողոցի տվյալ հատվածի անվանափոխությունը կապ ունի Հռոմի պապի Գյումրի կատարելիք այցելության հետ, թեպետ տրամաբանություն այցի եւ ավագանու որոշման միջեւ չի տեսնում: «Քանի որ Վարդանանց հրապարակի հենց սկզբնամասում է փողոցի այդ հատվածը ու երեւի Հռոմի պապին էլ մտադիր են այնտեղ ուղեկցելու, հավանաբար մինչեւ բացատրեն, թե ով է եղել Խաչատուր Աբովյանը, ինչի է կորել, մեկից կասեն, որ փողոցը կոչվում է Քըրք Քըրքորյանի անունով՝ կանցնի կգնա: Դե ոնց էլ լինի Պապը հաստատ կճանաչի իրեն»,- զրուցակիցս ծիծաղում է:

Էմման մատնացույց է անում «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքի (ընդունված 1999 թ. նոյեմբերի 23) 4-րդ հոդվածի 3-րդ կետը, որի համաձայն նշանավոր որեւէ անհատի անվամբ կարող է անվանակոչում կատարվել նրա մահվանից առնվազն 10 տարի հետո: Իսկ ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանը մահացել է անցած տարի հունիսի 15-ին:

Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն ասում է, որ իրենք ղեկավարվել են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով(ավագանին որոշում է կայացնում համայնքային նշանակության փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, համայնքային ենթակայության կրթական, մշակութային եւ այլ հիմնարկների ու կազմակերպությունների անվանման եւ վերանվանման վերաբերյալ) եւ ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային եւ գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու եւ (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու եւ հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով:

«Եթե նկատի ունեք, որ օրենք ենք խախտել կամ շրջանցել, նկատեմ, որ նմանատիպ «խախտումներ» եղել են նաեւ շատ տարիներ առաջ՝ հենց օրենքն ընդունելուց հետո, երբ Գյումրիում անվանափոխվեցին Քութաիսյան եւ Ղուկասյան փողոցներն ու կոչվեցին Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի անուններով: Մենք ունենք Շառլ Ազնավուրի արձան եւ հրապարակ, որ անվանակոչել ենք իր կենդանության օրոք, Պուշկին փողոցի մի մասն ենք վերանվանել Սերգեյ Համբարձումյանի անունով՝ հրապարակից մինչեւ Հաղթանակի պողոտա հատվածն, Ստեփան Շահումյան փողոցի մի մասը անվանափոխեցինք Վարպետաց փողոցի եւ այլն: Եվ հետո օրենքն ասում է, որ պիտի տվյալ հատվածը խաչմերուկից խաչմերուկ լինի՝ սկիզբ ու վերջ ունենա, որ համարվի ամբողջական: Հիմա այս դեպքում մենք վերցրել ենք ամբողջական հատված եւ առաջնորդվել ենք ՏԻՄ օրենքով»:

Քաղաքի գլխավոր ճարտարապետը չի ժխտում, որ ինչ-ինչ սկզբունքներից ելնելով փողոցների մասնակի անվանափոխությունները խառնաշփոթ իրավիճակ են ստեղծել հասցեականության առումով: Օրինակ՝ ասենք մարդը քնել է Պուշկինի 15 հասցեում՝ առավոտյան արթնացել Համբարձումյան 6-ում եւ այլն: «Ուղղակի Աբովյան փողոցի էն հատվածը, որ մենք վերանվանելու ենք՝ բնակելի տներ չկան ու հասցեականության հետ շատ մեծ խնդիրներ չենք ունենա: Անվանափոխությունից հետո այն վերածելու ենք ճեմափողոցի՝ կլինի փակ փողոց, որի սկզբնամասում, ինչպես Ալեք Մանուկյան փողոցի դեպքում հուշատախտակ կկպցնենք: Իմիջայլոց, եթե չեք մոռացել, մեծ բարերար Ալեք Մանուկյանի անունով որ կոչում էինք 50-ամյակի փողոցը՝ ինքը դեռ ողջ էր»,- նկատում է Հենրիկ Գասպարյանը:

Զրուցակիցս թվարկում է Գյումրիի այն փողոցները, որոնք իրոք անվանափոխության կարիք ունեն՝ Ջամբուլի, Օլեգ Կոշեւոյի, Չապաեւի, Սարուխանյան, Մատրոսովի փողոց եւ այլն: Դիտարկմանը, թե գուցե այդ փողոցները կոչեն ապրիլյան 4-օրյա պատերազմում զոհված գյումրեցի քաջորդիների անուններով, պարզվում է նման մտադրություն կա, սակայն առաջարկն ինչ որ ընդհանրական բնույթ է կրում:

«Մենք ուզում ենք Մուշ թաղամասի փողոցներից ամենաերկարն ու կենտրոնականը կոչել «Ապրիլյան պատերազմի 7 հերոսների փողոց», չնայած սա նախնական տարբերակ է եւ դեռ քննարկումներ կլինեն»,-ասում է զրուցակիցս: Հարցին, թե գուցե հենց վերեւում թվարկած բազմաթիվ փողոցներն անհատապես նույն այդ հերոսների անուններով կոչելն առավել ընդունելի կլինի հասարակության կողմից ու դրանով մարդկանց հիշողության մեջ թարմ կմնան նրանց անունները, զրուցակիցս նկատեց, որ կքննարկեն նաեւ այդ տարբերակը, եթե առաջարկ լինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter