
Գորիսը՝ լավագույն քաղաք, Գորիսը՝ մշակութային քաղաք, Գորիսը՝ կանաչ քաղաք …
«Հայաստանի համայնքների միություն» ՀԿ-ն եւ Տարածքային կառավարման նախարարությունը 2009թ.-ին Գորիսը ճանաչեցին «Լավագույն քաղաքային համայնք»: Այն ժամանակ Գորիսն ավելի մաքուր ու բարեկարգ չէր, քան այսօր է, բայց անցնող տարիներին Կառավարության որոշ նախաձեռնություններ հույս էին ներշնչում, որ քաղաքը վերափոխելու տեսլականը հնարավոր է նաեւ իրականություն դառնա:
Կառավարությունը 2011 թ.-ի հունիսին կայացրած որոշումով Գորիս քաղաքը հայտարարեց զբոսաշրջային կենտրոն: Հայաստանի ավանդույթներով եւ մշակութային արժեքներով հարուստ բնակավայր «Հին Գորիս» պատմական կենտրոնին որոշվեց շնորհել արգելոցի կարգավիճակ: Մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ում մշակվեց «Գորիս քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծի եւ քաղաքի պատմական տարածքի, նրա առանձին հատվածների վերակառուցման եւ օգտագործման հայեցակարգը:
2014 թ.-ին քաղաքաշինության նախարարության նախաձեռնությամբ, Գորիս քաղաքում որոշվեց իրականացնել «Էկո քաղաք» պիլոտային նախագիծը: Հրատապ լուծում պահանջվող հարցերից առանձնացվեցին Գորիս քաղաքում մաքրման կայանի կառուցումը, ոչ բարեկարգ մայթերը, քաղաքի կոլորիտի մաս կազմող պատշգամբների վթարային վիճակը, թեքահարթակների բացակայությունը, հուշարձանների ոչ բավարար պահպանությունը եւ այլն:
Նշված որոշումներն ընդունելուց տեւական ժամանակ է անցել, բայց Գորիսը դեռեւս ոչ մշակութային, ոչ էլ կանաչ քաղաք դառնալու ճանապարհին չի գտնվում:
Գորիսը շարունակում է մնալ աղբի մեջ կորած քաղաք:
Անցնող տարիներին Գորիսի տարածաշրջանում, այնուամենայնիվ, նշանակալից փոփոխություներ կատարվեցին: Կառավարության նախաձեռնողականության պակասը լրացնում են անհնատները. բարերարների ներդրումների շնորհիվ կառուցվեց «Տաթեւեր» ճոպանուղին՝ հեշտացնելով մուտքը Տաթեւ վանական համալիր, կառուցվեց Խնձորեսկի ճոճվող կամուրջը, որի շնորհիվ ավելացավ Խնձորեսկի քարանձավներ այցելուների հոսքը: Քաղաքում տարեցտարի ավելացող զբոսաշրջիկների թիվը նպաստեց քաղաքում հյուրանոցների թվի ավելացմանը, բնակիչներից շատերը սեփական տունը վերածեցին հյուրատների:
Սակայն դրանից քաղաքի սանիտարական վիճակը չբարելավվեց:
![]() |
![]() |
Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը մեզ հավաստիացնում է, որ քաղաքապետարանի առաջնային խնդիրներից մեկը մաքուր քաղաք ունենալն է: «Քաղաքում կատարվում է ամենօրյա աղբահանություն, պատրաստվել եւ տեղադրվել են մեծ ու փոքր աղբարկղներ»,- մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել է քաղաքապետը:
Աղբահանություն իրականացնելու համար Գորիսը բավականաչափ գումար ունի: Քաղաքապետարանից հայտնում են, որ սպասարկման դիմաց 2015 թ.-ին հավաքագրվել է 25.980.538 դրամ՝ նախատեսված 32.278.542 դրամից: Աղբահանության համար եվս 18 մլն դրամ հատկացվել է Գորիսի քաղաքային բյուջեից: Այսինքն՝ մոտ 44 մլն դրամ, որը բավարար գումար է 500 հա տարածք եւ 18000 բնակչություն ունեցող քաղաքն այս վիճակում չտեսնելու համար:
Սակայն աղբանոցներն ամենուր են, անգամ քաղաքի կենտրոնական փողոցներում, կամուրջների տակ, Վարարակն գետի մեջ: Հատկանշական է, որ գետի մոտ տեղադրված աղբամանները դատարկ էին, իսկ ափամերձ հատվածն ամբողջությամբ աղբ էր: Աղբամանները բացակայում էին այնտեղ, որտեղ դրանք պետք է տեղադրված լինեին: Քաղաքը երկու մասի բաժանած գետի աջ եւ ձախ կողմերին բնակվողների համար գետը դարձել է աղբավայր:
![]() |
![]() |
Քաղաքի խնդիրներով մտահոգ անձինք անհրաժեշտ են համարում Վարարակն գետը կոյուղաջրերից ու կենցաղային աղբից զերծ պահելը: Հեղեղների ժամանակ գետում կուտակված մեծ քանակի աղբը խոչընդոտում է հենապատերից զուրկ գետի բնականոն հոսքին եւ մեծացնում հեղեղումների վտանգը քաղաքում:
Քաղաքը չունի կոյուղաջրի մաքրման կայան՝ կոլեկտոր: Սկսած Գորիսին հարակից Ակներ ու Վերիշեն գյուղերից, կոյուղին լցվում է քաղաքի միջով հոսող Վարարակն գետը՝ գարշահոտություն տարածելով քաղաքով մեկ, աղտոտում է գետի ջուրն ու ֆլորան: Տեղացիները եւ Գորիսին հարակից գյուղերի բնակիչներն այդ ջրով են ոռոգում այգիներն ու դաշտերը:
![]() |
![]() |
«Վարարակն գետը եղել եւ մնում է քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում: Այլ հարց է, թե որքանո՞վ է հնարավոր իրականացնել մաքրման աշխատանքներ: Գետն ամբողջությամբ մաքրելու համար անհրաժեշտ է այնքան գումար, որքան կազմում է քաղաքապետարանի 1 տարվա բյուջեն: Եվ խնդիրը միայն մաքրելով չի լուծվում: Անհրաժեշտ է լուծել քաղաքի կոյուղու գլխավոր կոլեկտորի կառուցումը, իրականացնել հեղեղատարների նորոգում, որ մաքրելուց հետո կարողանանք պահպանել այն»,- հայտնել է քաղաքապետը:
Հին Գորիսը տեսնելու ցանկություն ունեցողների թիվը մեծ է, բայց այն տեսնելու համար այցելուները պետք է անցնեն Վարարակն գետի վրա կառուցված հին ու նոր Գորիսն իրար կապող կամուրջով: Արդյոք գետի վիճակը տեսնելուց հետո բոլո՞րը կարող են մտածել գեղագիտական հաճույքի մասին, հատկապես երբ աղբի «մշակույթը» լայնորեն տարածված է նաեւ Հին Գորիսում:
![]() |
![]() |
«Հին Գորիսը նույնպես մեր ուշադրության կենտրոնում է: Մեծ շեշտադրություն դնելով պատմամշակութային տարածքների պահպանմանը՝ բազում աշխատանքներ են տարվել ու նաեւ նախատեսվում են իրականացվել Գորիս-Վիեն համագործակցության շրջանակներում»,- մեր գրությանն ի պատասխան՝ հայտնել է Վաչագան Ադունցը:
Քաղաքապետը գրությամբ տեղեկացնում է, որ Կառավարության կողմից իրականացվող տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակներում Գորիսում կիրականացվեն մեծ նախագծեր, որտեղ նախատեսված է նաեւ Վարարակն գետի մի հատվածի մաքրումը: Սակայն չի նշում, թե Կառավարությունն, ի վերջո, ե՞րբ է մտադիր ենթակառուցվածքները զարգացնել Գորիսում:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել