Հայացք Ջավախքից՝ դեպի Արցախ
Ջավախքը որպես Վրաստանի հայկական անկյուն անտարբեր չէ Արցախում տեղի ունեցող իրադարձություններին: Այսօր ամեն մի ջավախքցի ուշի ուշով հետևում է Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, ռազմական հաջողություններից ուրախանում, հրճվում, հպարտանում է, իսկ վատ լուր ստանալիս տխրում, մտահոգվում է, մտածում է՝ ինչով կարող է օգնել Արցախին որպես հայկական աշխարհի մի մասնիկ:
Այս քառօրյա պատերազմը ջավախքցու մոտ առաջացրել է հարցեր և ուզում է ստանալ պատասխան.
- ոնց պատահեց, որ Ադրբեջանը համարձակվեց հարձակվել Արցախի վրա,
- ինչու Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը չկատարեց իր 1994թ. պայմանագրով ստանձնած պարտավորությունը,
- ինչու էր Ռուսաստանը, լինելով Հայաստանի ռազմավարական դաշնակից, միջնորդ և 1994թ. զինադադարի երաշխավոր Ադրբեջանին զինում մեր դեմ,
- ՀՀ-ի իշխանությունները ինչու կեղծ փաստարկներով հայ բնակչությանը զոմբիացրել են առ այն, որ պատերազմ չի լինի, իսկ լինելու դեպքում էլ Ռուսաստանը մեզ կօգնի և այլն:
Այս քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ ՀՀ-ի որդեգրած արտաքին քաղաքականությունը ճիշտ չէր հաշվարկված: Այս քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ Ռուսաստանն իր վերաբերմունքը հայերի նկատմամբ այս վերջին 100 տարվա ընթացքում չի փոխել: Այս քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ Ռուսաստանը ՀՀ-ին օգտագործել է, օգտագործում է և ապագայում էլ օգտագործելու է իր կայսերապաշտական շահերն առաջ տանելու համար, անկախ այն բանից, թե ով է նստած Կրեմլում:
Ռուսները 1918-20թթ. Հայաստանի հողերը զոհաբերեցին հանուն համաշխարհային հեղափոխության, 1945-53թթ. հրաժարվեցին ՀՀ-ի հողերը Թուրքիայից հետ պահանջելուց՝ հանուն ջրային ուղիների: Իսկ այժմ էլ Ադրբեջանին ԵՏՄ-ի անդամ դարձնելու և իր քաղաքական դաշտ վերադարձնելու նպատակով ցանկանում է Արցախը ռազմական ճանապարհով հանձնել Ադրբեջանին: Ռուսաստանը ցանկանում է տնօրինել Արցախի ճակատագիրը, կարծես թե Արցախն իր տարածքն է: Եթե Ռուսաստանը շատ է ցանկանում Ադրբեջանին վերադարձնել իր ազդեցության ոլորտ, թող իր հողերից նվիրի նրան, այլ ոչ թե հայկական հողերը:
Այս քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ Արցախի բանակն ի զօրու է պաշտպանել իր հողերը: ՀՀ-ն, մտնելով ռուսաստակն քաղաքական ոլորտ, իրեն մեկուսացրել է մյուս ուժային կենտրոններից, իսկ Ռուսաստանը չի դարձել ՀՀ-ի բարեկամը: Ավելին, ՀՀ-ն հայտնվել է մի դաշինքում, որի անդամները մեր ռազմական հակառակորդի դաշնակիցներն են: Հետևաբար, պետք է այս քառօրյա պատերազմից հետևություններ անել և դասեր քաղել: Ամենամեծ դասն այն է, որ պարտվողական և պաշտպանվողական քաղաքականությունը Արցախին չտվեց որևէ երաշխիք՝ կապված անվտանգության հետ: ՀՀ-ն 25 տարի շարունակ միջազգային կառույցներում հանդես է եկել Ռուսաստանի շահերը սպասարկող պետություն՝ ի վնաս ՀՀ-ի: Արդյունքում Ռուսաստանը Ադրբեջանին է համարում տարածաշրջանում իր գլխավոր դաշնակիցը, ռուսասիրությունը բերել է նրան, որ Ռուսաստանի մեծ թե փոքր չինովնիկ հայտարարում է. «Ուր է գնալու Հայաստանը»:
Այս իրադրության մեջ ողջունելի է հայ երիտասարդության ակտիվությունը և Արցախին տեր կանգնելը: Այս քառօրյա պատերազմը մեր դիվանագետներին հնարավորություն է տվել ռուսներին ասելու «ոչ»: Այս քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ Մադրիդյան սկզբունքներն այլևս հնացած են: Այս քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ Կազանյան համաձայնագիրն այլևս ուշացած է, ժողովրդի լեզվով ասած՝ գնացքն արդեն գնացել է:
Հայ դիվանագիությունը միջազգային հարթակներում պարտվել է՝ հանդես գալով առաջարկներով, որը պետք է հիմնված լինի պատմական ճշմարտության վրա: Իսկ պատմական արմատներին վերադառնալու համար միջազգային հանրությանը պետք է ասել ճշմարտությունը և պահանջել վերականգնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ ըստ Լոնդոնի վեհաժողովի 1920թ. փետրվարի 24-ի զեկույց առաջարկի, որը ստեղծվել և հաստատվել էր Ազգերի լիգայի կողմից: ՄԱԿ-ն ազգերի լիգայի իրավահաջորդն է և պարտավոր է կատարել ազգերի լիգայի որոշումը՝ կապված սահմանների հետ: Լոնդոնի վեհաժողովը հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի հողային սահմանները:
Ջավախքահայերիս համար անհասկանալի է, թե ոնց 98-ամյա Ադրբեջանը հողային պահանջ է ներկայացնում հազարամյա պատմություն ունեցող Հայաստանին: Հանցագործությունն իրավունք չի ծնում: Փաստացի Ադրբեջանը ռուսների օգնությամբ արցախահայության և Նախիջևանի հայության նկատմամբ իրականացրել է հանցագործություն, հայերին զրկել իրենց պատմական հայրենիքից և այսօր էլ աշխարհը պաշտպանում և խրախուսում է հանցավոր ճանապարհով տարածքներ ձեռք բերելու Ադրբեջանի ծրագրերը:
Որպեսզի փոխվի աշխարհի վերաբերմունքը մեր նկատմամբ, մեր դիվանագիությունը պետք է ծառայի ՀՀ-ի և Արցախի շահերին և ոչ թե հակառակը՝ Ռուսաստանին:
Լյովա Կոբելյան
Ջավախք
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել