
Երևանի` կոյուղի չունեցող թաղամասերը. ինչո՞ւ այստեղ չեն հասնում միլիոնավոր դոլարների վարկերը
2016թ. տարեվերջին կավարտվի «Երևան ջուր» ընկերության` մայրաքաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարձակալության պայմանագիրը: Արդեն տասնմեկ տարի այս ընկերությունն իրականացնում է համակարգերը շահագործելու և կառավարելու իր պարտավորությունը: Ընկերությունն ու քաղաքապետարանն իրենց ձեռքբերումների մասին անընդհատ բարձրաձայնում են: Սակայն Երևանի մի շարք թաղամասերի և փողոցների բնակիչների համար այս տասնամյակը «կեղտոտ», «հոտավետ» ու ծախսատար պատմություն էր` դարձյալ առանց կոյուղագծի:
«Հետքը» գրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի կոյուղագծի բացակայության մասին: Թաղամասը թեև օրինական բնակելի տարածք է, սակայն բնակիչների ավելի քան քսան տարվա պայքարն արդյունք չի տալիս: Այստեղ չկա ջրահեռացման համակարգ, և դեռ անորոշ է, թե երբ է Երևանի քաղաքապետարանը հարցը ներառելու բյուջեի տարեկան ծրագրում: Պարզվում է, սակայն, Հաղթանակ թաղամասի այս հատվածը Երևանի` առանց կոյուղու միակ տարածքը չէ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կումունալ տնտեսության բաժինը «Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ սկզբում բանավոր փոխանցեց, թե կոյուղագիծ չունեցող թաղամասերի ցանկը մեծ է, ուստի չեն կարող տրամադրել: Այունհետև համաձայնեցին պատասխանել` խախտելով տեղեկատվության տրամադրման համար սահմանված առավելագույն ժամկետը (մեկ ամիս): Ուշացման պատճառը, ըստ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակցի, վիճակագրությանը ոչ լիարժեք տիրապետելն էր:
Ի վերջո, ստացած տվյալներից պարզվեց, որ Երևանի ամբողջական թաղամասեր և փողոցներ տարիներ շարունակ (որոշները` ստեղծման օրվանից) զրկված են ջրահեռացման համակարգից:
Կոյուղագծեր ընդհանրապես չկան Երևանի 18 թաղամասերում, 14 փողոցներում, 11 փողոցներում դրանք առկա են հատվածաբար: Այս տարածքներում, ինչպես արդեն ներկայացրել ենք Հաղթանակ թաղամասի օրինակով, ընտանիքներից ամեն մեկը տարեկան մոտ հազար դոլարի ծախս է անում` հորեր փորելու, մաքրել տալու համար, սակայն կարճ ժամանակ անց այդ գումարը «լցվում է ջուրը», իսկ կոյուղաջրերը` դարձյալ փողոց:
Քարտեզում նշված են Երևանի վարչական 11 շրջաններ` տվյալ տարածքի պայմանական կոորդինատով: Սեղմելով նշման կետի վրա՝ կարող եք տեսնել յուրաքանչյուրում կոյուղագիծ չունեցող թաղամասերի, փողոցների և փողոցների հատվածների ցանկը:
Քաղաքապետարանի կոմունալ բաժինը «սիրողական» աշխատանք էր արել, ինչի պատճառով կոյուղագիծ չունեցող թաղամասերը և փողոցները հնարավոր չէ հստակեցնել ճշգրիտ կոորդինատներով: Ներկայացրած տվյալներում հնարավոր չէ որոշ տարածքների հասցեն հստակ որոշել: Այսպես՝ քաղաքապետարանի կոմունալ տնտեսության բաժինը տեղեկացնում է, որ կոյուղագիծը բացակայում է «Գայի պողոտա` 43 շենքից վերև ընկած հատվածում» կամ «Մինսկի փողոց, Հացի փռի» դիմաց: Եթե տարածքում մի քանի հացի փուռ լինի, անհրաժեշտ է գուշակել, թե որի դիմաց է կոյուղագիծը բացակայում կամ որքա՞ն տարածք է զբաղեցնում «Գայի պողոտայի 43 շենքից վերև ընկած» հատվածը:
Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի արդիականացման համար վերջին տարիներին միլիոնավոր դոլարների վարկեր են տրամադրվել: Հետաքրքիր է, թե ինչպես են քաղաքապետարանում գնահատել կարիքներն ու կազմել ծրագրային հայտը, եթե մինչ այժմ նունիսկ չունեին հստակ վիճակագրություն, թե որ հասցեներում է բացակայում կոյուղագիծը: Քաղաքապետարանը վաղուց պետք ունենար տարածքների հասցեները' հստակ կոորդինատներով, որովհետև ըստ երկարության են հաշվարկվում կատարելվիք ծախսերը և գնահատվում կարիքները:
Հիշեցնենք, որ Հաղթանակ թաղամասի դեպքում քաղաքապետարանից փորձեցինք պարզել` կատարվե՞լ է հաշվարկ, որքա՞ն է կազմում տվյալ տարածքում կոյուղագիծ անցկացնելը: Պատասխանում գումարի չափի մասին ոչինչ նշված չէր: Կարելի է ենթադրել, որ այդ ծախսերը երբևէ չեն էլ հաշվարկվել: Հաղթանակ թաղամասի բնակիչները երկու բառով են բնութագրում քաղաքապետարանի` հաշվարկներ կատարելու մեթոդը` «օդի մեջ»:
Ինչ է փոխվել ջրահեռացման համակարգում վերջին տասը տարիներին
Երևանի ջրահեռացման համակարգը, ինչպես տեղեկացնում է «Երևան ջուր» ընկերության պաշտոնական կայքը, բաղկացած է 220 կմ արտաքաղաքային կոյուղատարներից և 950 կմ երկարությամբ ներքաղաքային կոյուղագծերից: Սակայն, այս տվյալները ոչինչ չեն ասում ընկերության կատարած աշխատանքի մասին` գործունեության տասնամյակի ընթացքում:
Ազգային վիճակագրական ծառայությունն ամեն տարի հրապարակում է տվյալներ` Երևանի կոմունալ վիճակի մասին:Կոյուղու գլխավոր կոլեկտորի երկարությունը 2005-2015թթ. Երևանում փոխվել է մոտ 30, փողոցային ցանցինը` մոտ 14 կիլոմետրով, միջթաղային և միջբակային ցանցինը` աննշան, 0.1 կիլոմետրով: Այսինքն` նշված 950 կմ երկարությամբ ներքաղաքային կոյուղագծերից միայն մոտ 45 կիլոմետրն է, որ կառուցվել է վերջին տասը տարիների ընթացքում:
Վիճծառայության տվյալները փաստում են նաև, որ անմխիթար վիճակում է արդեն գոյություն ունեցող ցանցը: Ամեն տարի աճում է նորով փոխարինման կարիք ունեցող կոյուղագծերի քանակը, նշված ժամանակահտվածում` ընդհանուր առմամբ 124կմով:
Այս տարի նշված պատկերը չի փոխվելու, իսկ կոյուղագիծ չունեցող թաղամասերում վիճակը նույնն է մնալու: «Խնդրի քննարկմանը հնարավոր կլինի անդրադառնալ նմանատիպ ծառայություններ մատուցող հաջորդ Վարձակալի (նոր Օպերատորի) մրցութային կարգով ընտրվելուց և վերջինիս կողմից ջրահեռացման գծով 2017 թվականին իրականացվելիք ծրագրերի /այդ թվում՝ ներդրումային, երկարաժամկետ/ մշակման ժամանակ»,- «Հետքին» հայտնել է քաղաքապետարանի կոմունալ բաժինը։
Միլիոնավոր դոլարների վարկեր` ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը բարելավելու համար
Կոյուղագիծ չունեցող 18 թաղամասերից մի քանիսը վաղուց են հիմնվել՝ տարիների պատմություն ու մեծ թվով բնակչություն ունեն: Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասը, ըստ քաղաքապետարանի, հիմնվել է 1969թ. և ունի շուրջ 8000 բնակչություն: Քաղաքապետարանը անցած տարի հաղորդագրություն տարածեց, թե համայնքում լուծվել են մի շարք խնդիրներ, թաղամասն ապահովվել է ջրամատակարարման համակարգով, արդեն ունի գազիֆիկացում, սակայն դեռևս լուծված չէ կոյուղու հարցը:
Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման համար` սկսած 2005թ.-ից, միլիոնավոր դոլարների վարկային միջոցներ են տրամադրվել: 2005 թվականի ապրիլի 15-ին կառավարությունը վավերացրեց «Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիր» N 4038AM վարկային համաձայնագիրը:
Ծրագիրն, ըստ համաշխարահյին բանկի հաշվետվության, ավարտվել է 2011թ., իսկ արժեքը կազմել է 22 միլիոն ԱՄՆ դոլար: Վարկային միջոցների շրջանակներում իրականացված աշխատանքների և մատուցված ծառայությունների ավարտման կապակցությամբ, ինչպես նաև ձեռք բերված ակտիվների տնօրինման ու հաշվառման նպատակով կառավարությունը համապատասխան որոշում կայացրեց:
Կառավարության որոշումից ակնհայտ է, որ վարկային ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքները մեկանարկել են բավական ուշ` 2011թ.` Համաշխարհային բանկից նշված վարկը հաստատելուց յոթ տարի անց:
Շինարարական աշխատանքների և մատուցված ծառայությունների արդյունքում ձևավորված ակտիվները, ըստ կառավարության, կազմել են 7,728,212 ԱՄՆ դոլար արժողությամբ գույք, որը սահմանված կարգով ամրացվել է տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին:
Որոշման համաձայն` վարկի միջոցներով ձեռք բերված և «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ի պահ հանձնված` չտեղակայված հիմնական միջոցներ և չօգտագործված պաշարներ են եղել` 324 387 449.76 դրամ արժողությամբ (մոտ 700 հազար դոլար): Սա նույնպես հանձնվել է Ջրային տնտեսության պետական կոմիտեին:
Այսինքն` ընդհանուր առմամբ 22 միլիոն դոլար վարկից գոյացած ակտիվները կազմել են մոտ 8,5միլիոն դոլար:
2014թ. Երևանի ջրամատակարարաման և ջրահեռացման համակարգի բարելավման համար Ֆրանսիայի կառավարությունը արտոնյալ պայմաններով նոր վարկ տրամադրեց Հայաստանին: Վարկը, ինչպես տեղեկացնում է քաղաքապետարանը, հատկացվել է Զարգացող երկրների պահուստային ֆոնդի հաշվին (ԶԵՊՖ): Ծրագրի ընդհանուր արժողությունը 27,3 միլիոն եվրո է, որից 24,9 մլն եվրոն տրամադրում է Ֆրանսիական կառավարությունը, իսկ 2,4 միլիոն եվրոն՝ համաֆինանսավորման տեսքով հատկացնում է Հայաստանի կառավարությունը:
«Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման ծրագրով» նախատեսված էր, որ 10,186 միլիոն եվրոն ուղղվելու է Երևանի «Աէրացիա» կայանի վերականգնման աշխատանքներին, իսկ մոտ 12 միլիոն եվրոն` Երևան քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի վերականգնման և բարելավման գծով աշխատանքներին:
Ծրագրի իրականացման մրցույթը, ինչպես հայտնում է քաղաքապետարանը, իրականացնում է Ֆրանսիական «Սադե» ընկերության հայաստանյան մասնաճյուղը, իսկ Երևանի քաղաքապետարանն իրականացնում է պատվիրակված լիազորություն: Տարածքային կառավարման նախարարությանը վերապահված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքներն այս վարկի մասով փոխանցվել են Երևանի քաղաքապետարանին:
Նշենք, որ մենք առանձնացրել ենք միայն այն վարկային ծրագրերը, որոնք նախատեսված են եղել հենց Երևանի համար, և որոնց ծրագրային նպատակները ներառել են ոչ միայն ջրամատակարարման, այլև ջրահեռացման բարելավումը: Միլիոնավոր դոլարների վարկերը Երևանի բազմաթիվ բնակիչների ոչ միայն չեն ազատել ինքնաշեն հորերով կոյուղու հարցը լուծելու հոգսից, այլև նրանց ուսերին են դրել վարկային միջոցների մարումը` ի դեմս կառավարության:
Լուսանկարը` Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել