HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Հերոսը» կամ արտավազցի Ալինա Վարդանյանը

Որպես լրագրող շատ եմ շփվել սոցիալապես անապահով ընտանիքների հետ: Բոլորն էլ դժգոհել են, որ վատ են ապրում, աշխատանք չունեն ու պետությունն իրենց ոչ մի աջակցություն չի ցուցաբերում:

Կոտայքի մարզի Արտավազ գյուղում ապրող Ալինա Վարդանյանը նույնպես սոցիալական վատ պայմաններում է ապրում, բայց նա չի դժգոհում, որ ամուսնու մահից հետո արդեն 14 տարի միայնակ է հոգում 3 անչափահաս երեխաների հոգսերը:

Նա չի դժգոհում, որ օրերով սոված են մնում, ու այդ մասին ոչ ոք չի իմանում:

«Երեխաներիս պահելու համար ես հիմնականում տղամարդու գործ եմ արել, անտառներում փայտ եմ կտրել: Կացինով սրա-նրա համար 20 կուբամետրով ցախ եմ ջարդել անտառներում: Կուբամետրի համար տալիս էին 1300 դրամ, բայց որ տեսնում էին ես կին եմ ու լավ եմ աշխատում' 1500 դրամ էին վարձատրում»,- պատմում է Ալինան:

Նրա ամուսինը 1996 թ. մահացել է էլեկտրահարումից, ու այդ օրվանից Ալինան ստանձնել է նաեւ ընտանիքի «տղամարդու» առաքելությունը: Նրա հագուստները, անգամ քայլվածքը փոխվել են:

Վերացել է կնոջը բնորոշ հեզությունը: Ինքն էլ զգում, որ տարիների հոգսն իրեն ամբողջովին ձեւափոխել է:

«Տղամարդու շորեր հագած' տղամարդկանց հետ հավասար գործ եմ անում: Այդ ծանր գործերն անում եմ, որ իմ երեխաները չգնան հարեւանի դուռը ու մի կտոր հաց ուզեն: Միայն դրա համար եմ վերածվել տղամարդու»,- ասում է 3 երեխաների մայրը:

Ալինան գյուղում նաեւ էլեկտրիկություն է անում: 1-2 հազար դրամով նա համագյուղացիների տներում հոսանք է քաշում, վերանորոգում է անսարք կենցաղային տեխնիկան եւ այլն: Մասնագիտությամբ էլեկտրամոնտաժող է եւ փորձում է այն կիրառելով օրվա հացը վաստակել:

«Եթե պարապ նստեմ, բա երեխեքիս ո՞վ կպահի»,- ասում է Ալինան: Նա ցանկացած աշխատանք անում է գումար վաստակելու համար: Փայտե իրեր էլ է պատրաստում:

«Այսքան տարի ապրում եմ, հարեւանի դուռը բաժակը ձեռքիս գնացած չկամ, ոչ մի բան չեմ մուրացել: Իմ թասիբով աշխատել, ապրել ենք: Մի օր սոված ենք եղել, մի օր ահավոր սոված ենք եղել ու այդպես պառկել-քնել ենք: Երեխեքս գնում, հարեւաններին բողոքում էին, թե իբր ես հացը պահում եմ, չեմ տալիս ուտեն, բայց հաց չենք ունեցել, ո՞նց կարող էի հացը պահել: Առանց իմ ուզելու հարեւաններս մի տոպրակ հաց էին բերում, որ երեխեքն ուտեն»,- վերհիշում է Ալինան:

Այս տարվա հունվարին նրանք նույնպես ուտելու հաց չեն ունեցել եւ շատ ծանր օրեր են անցկացրել, քանի որ Ալինան այդ ժամանակ աշխատանք չի ունեցել: Երբ 40-ամյա կինը հերթով թվարկում էր իր կատարած ծանր ֆիզիկական աշխատանքները, մի պահ ամաչեցի, քանի որ նույն գործը ես չէի կարող անել:
«Տղամարդկանց հետ հավասար տան ֆունդամենտ եմ քանդել: Տղամարդիկ մի երկու լապատկա խփում էին ու չէին կարողանում առաջ գնալ, ես իրանց հետ հավասար քանդել եմ: Ախր ինչե~ր եմ արել, որ ոչ մի կին չէր անի»,- հուզված պատմում է Ալինան: Նրան Արտավազ գյուղում «հերոս» անունն են տվել: Այս տարի Ալինայի առողջական վիճակը վատացել է: Փորձում է նախորդ տարիների նման աշխատել, բայց այլեւս չի կարողանում:

«14 տարի ծանրաբեռնված աշխատել եմ, աջ ոտքս արդեն շատ վատ է: Տրոմբ ունեմ, նախորդ տարի գործ անելու ժամանակ ոտքիս տրոմբը պայթեց: Կաստիլներով էի գնում աշխատանքի: Բայց հիմա բժիշկը չի թողնում, որ աշխատեմ: Ինձ ասեց' եթե ուզում ես մի քիչ էլ ապրես, ծանր աշխատանք չանես»,- ասում է Ալինան:

Նա ուշադրություն չի դարձնում իր առողջական վիճակին եւ շատ է ուզում նորից աշխատել, բայց արդեն դժվարանում է:

«Իմ տեղն արդեն գիտեն, ամեն օր մեր տուն ավտո է գալիս, որ ինձ աշխատանքի տանեն, բայց չեմ կարողանում գնալ: Գիտեմ, որ չեմ կարողանալու անել»:

Ալինան, նրա 2 երեխաներն ու սկեսուրը ապրում են կիսաքանդ մի տան մեջ: Նրա աղջիկը' 19-ամյա Արեւիկը, այժմ Ռուսաստանում է: Ալինան աղջկան ուղղարկել է իր եղբոր մոտ, որպեսզի նա բարձրագույն կրթություն ստանա: Տունը, որտեղ ապրում են, գնել են մի ադրբեջանցուց 90-ականների սկզբին:

Շենքը նախկինում որպես պահեստ է ծառայել, ու այդ տարիների խոնավությունը ամբողջովին քայքայել է պատերը: Տանիքը նույնպես վնասված է եւ տեղումների ժամանակ կաթում է:

«Հույսս դրել եմ իմ տղայի վրա: Իրան ասել եմ' տղա ջան, այսքան տարի ես կարողացել եմ ձեզ միայն հացով ապահովել, տուն տեղն էլ թողնում եմ քո վրա, որ մեծանաս դու սարքես»,- ասում է Ալինան:

Քանի որ Ալինան այս տարի չի կարողանում աշխատել, բավարարվում են 20 հազար դրամ նպաստով ու խնամողին կորցնելու համար երեխաներին տրվող 17 հազար դրամ թոշակով:

Նրանք ունեն 1 կով: Ալինան է կովի համար տարիներ շարունակ սարերից գերանդիով խոտ հնձել, բայց այս տարի որոշել է վաճառել նաեւ կովը: Առողջական պատճառներով չի կարող գնալ խոտ հնձելու, իսկ ձմռանը անասուն պահելու համար չի կարող 70 հազար դրամ տնտեսել, որ խոտ գնի:

«Մինչեւ հիմա նույնիսկ գրքի փողն էլ չեմ կարողացել տամ: 5000 դրամը մեծ փող չի, բայց չեմ կարողանում հետ գցեմ, որ գրքի փողը տամ: Գնացի բժշկի, դեղերս 10 հազար դրամից անցան, չառա: Այդքան փող ունենամ մի մեշոկ ալյուր կառնեմ, երեխեքս կուտեն»,- ավելացրեց Ալինան:

Արդեն 3 ամառ է Ալինան աշխատում է նաեւ հարեւան Փյունիկ գյուղի մեծահարուստներից մեկի ամառանոցում:

«Կարեն Բունիաթյանի տանն եմ աշխատում, չեմ հիշում, թե որ նախարարությունում է աշխատում: Ջահել, ակնոցներով լավ տղա է: Արդեն 3 տարի է սեզոնային գործ եմ անում իրենց տանը: Ծառա եմ: Տանը լվացք եմ անում, արդուկ, տներն եմ մաքրում: Ամռանը դաչա են գալիս, ես էլ աշխատում եմ իրանց մոտ»,-պատմում է Ալինան: Նա աշխատել է նաեւ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Կիլիկիա» հանգստյան ճամբարում:

Վերջինս նույնպես զարմացել է, երբ իմացել է, որ ֆիզիկական ծանր աշխատանք կատարողը կին է: Բայց դրանից ոչինչ չի փոխվել:

Նա Ալինային վարձատրել է այնքան, ինչքան մյուս բանվորներին: Ալինան ասում է, որ մի քանի տարի է արդեն իրենք խանութից հագուստ չեն գնել: Հարուստների տանը աշխատելու ժամանակ նրանց հագուստներն է բերել ու երեխաների հետ հագել են:

Այսքանից հետո Ալինան դարձյալ չի դժգոհում կյանքից, իր անհաջողությունների համար որեւէ մեկին չի մեղադրում: Նա գոհունակության խոսքեր ասաց համայնքապետ Ռեմ Հովհաննիսյանի հասցեին, որը շատ է օգնել ընտանիքին:

«Քանի կարողանում եմ, երեխեքիս կնայեմ, հետո իրանք կմեծանան, երեւի իրենք էլ ինձ կնայեն: Այսքան տարիներս երեխեքիս եմ նվիրել, եթե պիտի ուտեն ուրանան, էդ էլ իրենց պրոբլեմն է, Աստված իրենց հետ: Չէ, երեխեքս լավն են, ինձ չեն թողնի: Բայց մեկ էլ տեսար' ամուսնացան ու ինձ մոռացան»,- ավելացրեց Ալինան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter