
Երեւանի «Ալաշկերտն» առաջին անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն
Քիչ առաջ Երեւանի «Ալաշկերտը», 2-0 հաշվով հաղթելով մայրաքաղաքի «Միկային», առաջին անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն: Հայաստանի ֆուտբոլի 24-րդ առաջնության արծաթե մեդալակիր դարձավ Գյումրու «Շիրակը», իսկ բրոնզե մեդալը նվաճեց Երեւանի «Փյունիկը»: Ընդգծենք, որ «Ալաշկերտը» հիմնադրվել է ընդամենը 5 տարի առաջ՝ 2011-ի դեկտեմբերին, եւ բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցում է 2013-14 թթ. մրցաշրջանից, այսինքն՝ թիմը 3-րդ մրցաշրջանում արդեն հասավ լավագույն արդյունքի:
Հիշեցնենք, որ այսօր ավարտված առաջնությանը մասնակցեց 8 թիմ, սակայն Երեւանի «Ուլիսը» ֆինանսական խնդիրների պատճառով դուրս մնաց ընթացքում: «Ուլիս» ֆուտբոլային ակումբի գործունեությունը ներկայում ժամանակավոր դադարեցված է:
«Ալաշկերտն» իբրեւ երկրի չեմպիոն իրավունք կունենա մասնակցել 2016-17 թթ. մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խաղարկությանը, իսկ Եվրոպայի լիգայում կներգրավվեն «Շիրակը», «Փյունիկը», ինչպես նաեւ Հայաստանի գավաթը նվաճած Երեւանի «Բանանցը»:
24-րդ առաջնության լավագույն ռմբարկու դարձան երկրի նորընծա չեմպիոնի երկու հարձակվողները՝ Միհրան Մանասյանը եւ բրազիլացի Հեբեր Արաուժո դոս Սաթոսը, որոնք խփեցին 16-ական գոլ:
Ահա Հայաստանի չեմպիոնները ըստ տարիների.
1992- «Շիրակ», ՀՄԸՄ (երկուսին էլ շնորհվել է չեմպիոնի կոչում),
1993- «Արարատ»,
1994- «Շիրակ»,
1995-96- «Փյունիկ» (նախկին ՀՄԸՄ),
1996-97- «Փյունիկ»,
1997- «Երեւան»,
1998- «Ցեմենտ»,
1999- «Շիրակ»,
2000- «Արաքս» (նախկին «Ցեմենտ»),
2001- «Փյունիկ»,
2002- «Փյունիկ»,
2003- «Փյունիկ»,
2004- «Փյունիկ»,
2005- «Փյունիկ»,
2006- «Փյունիկ»,
2007- «Փյունիկ»,
2008- «Փյունիկ»,
2009- «Փյունիկ»,
2010- «Փյունիկ»,
2011- «Ուլիս»,
2012-13- «Շիրակ»,
2013-14- «Բանանց»,
2014-15- «Փյունիկ»,
2015-16- «Ալաշկերտ»:
Մեկնաբանել