
Մարզպետ-«Ժողովուրդ» հակամարտությունը շարունակվում է
Երեկ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող Արթուր Թամրազյան) սկսվեց Գեղարքունիքի մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանի ներկայացրած հայցի քննությունն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի:
Դատավարության ընթացքում մարզպետ Նվեր Պողոսյանի 3 փաստաբանները մեկուկես ժամ փորձում էին դատարանին ու ներկաներին ապացուցել, որ «Ժողովուրդ» օրաթերթն իրավունք չուներ մարզպետի` կաշառք վերցնելու մասին նյութ հրապարակել, քանի որ նա հանրային անձ է: Ավելին` նրանք դատարանում ասում էին, որ թերթը պարտավոր էր պարզել կաշառքի մասը, նոր տպագրել:
Իսկ «Ժողովուրդի» ներկայացուցիչ Հակոբ Ճարոյանը բացատրեց, որ թերթը պարտավոր չէր քննություն վարել եւ պարզել` որտեղ ինչ հանգամանքներում, ում միջոցով է մարզպետը կաշառք վերցրել: Թերթը հանդես է եկել ամբիոնի դերում, հրապարակել է Թթուջուր գյուղի դպրոցի քննության մասնակից Աննա Թորոսյանի խոսքերը, որն ասել էր, որ մարզպետին իր մրցակցից գումար է տրվել` վարորդի միջոցով: «Ժողովուրդը» զանգահարել էր նաեւ մարզպետին` ճշտելու, թե որքանո՞վ են հավաստի տեղեկությունները:
«Այսպիսով, գտնում եմ, որ հայցը ամբողջովին ենթակա է մերժման»,- հայտարարեց Ճարոյանը: Դատավոր Արթուր Թամրազյանը եւս հայցվորին հարց տվեց. «Չե՞ք կարծում, որ թերթը մեջբերում է կատարել»: «Ոչ» պատասխանեցին մարզպետի փաստաբանները:
Դատավարության ընթացքում մի քանի հետաքրքիր դրվագներ արձանագրվեցին. երբ «Ժողովուրդի» ներկայացուցիչը հետաքրքրվեց` ի վերջո, Նվեր Պողոսյանը կաշառք վերցրե՞լ է, թե՞ ոչ, նրա փաստաբանները պատասխանեցին, որ տեղյակ չեն:
Տարակուսելի պահվածք էր դրսեւորել նաեւ Աննա Թորոսյանը: Նա դատարանում հաստատեց իր ասած բոլոր խոսքերը` գյուղի դպրոցի մրցույթի մասին, իսկ երբ հասավ մարզպետի` վարորդի միջոցով վերցրած 3000 ԱՄՆ դոլար կաշառքի դրվագին, սկսեց չհիշել: Նա վախվորած հայացքով նայում էր այս ու այն կողմ` հայտարարելով, որ մարզպետի կաշառք վերցնելու մասին ինքը ոչինչ չգիտի, ընդամենը լսել է գյուղի «ասեկոսեներից»:
Այդ ժամանակ «Ժողովուրդը» միջնորդեց դատարանին` լսել Աննայի ձայնագրությունը: Դատարանը բավարարեց միջնորդությունը: Հրապարակվեց ձայնագրությունը, որտեղ Աննան ասում է, որ իր ամուսնու հետ գնացել է մարզպետի վարորդի մոտ, որը Վահան գյուղից է, ով ասել է, որ այդ գործն արդեն չի լինի, քանի որ մյուս մասնակցից վերցրել է 3000 ԱՄՆ դոլար ու տվել մարզպետին: «Որ իմանայի դուք էիք, չէի անի այդ գործը»,- ըստ Աննայի՝ ասել է մարզպետի վարորդը:
Այս ամենից հետո դատավոր Արթուր Թամրազյանը հետաձգեց դատական լսումը մինչեւ դեկտեմբերի 5-ը՝ ժամը 15:00-ն: Այդ օրը հայցվող կողմն ու դատարանը հարցեր կտան «Ժողովուրդին»:
«Ժողովուրդ» օրաթերթ
Լուսանկարը՝ դատարանի դահլիճից
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել