
Որքանով է ծանր բեռ չհամարվող պարտքը նպաստել ՀՀ տնտեսական աճին
Օրեր առաջ ՀՀ ազգային ժողովում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ներկայացնելով ԿԲ-ի 2015 թվականի դրամավարկային քաղաքականության հաշվետվությունը, անդրադարձավ երկրի արտաքին պետական պարտքին։ «Այս պահին արտաքին պարտքի ծավալները վտանգավոր չեն և օրենքներով, և միջազգային կառույցների ու փորձագետների գնահատականով: Կարեւորը այդ վարկերի արդյունավետությունն է և հետագայում մեր երկրի հնարավորությունը սպասարկելու դրանք»,- հայտարարեց նա՝ ընդգծելով, որ Հայաստանն այսօր ռիսկային գոտում չէ։
Երկու օր առաջ էլ, կրկին ԱԺ-ում, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ միջազգայնորեն ընդունված ցուցանիշների համաձայն Հայաստանը շարունակում է գնահատվել որպես նվազ պարտքի բեռ ունեցող երկիր։ «Մասնավորապես, պետական պարտքի զուտ ներկա արժեք և ՀՆԱ հարաբերակցությամբ, որպես, նվազ պարտքի բեռ ունեցող երկրներ են համարվում այն երկրները, որոնց մոտ այս ցուցանիշը փոքր է 48%-ից։ ՀՀ-ի դեպքում այս ցուցանիշը 34% է կազմում։
Պետական բյուջեի պակասուրդը 2015թ. կազմել է ՀՆԱ-ի 4,8%-ը' նախորդ տարվա 1,9%-ի համեմատ: Պակասուրդի ֆինանսավորման գերակշիռ մասը կատարվել է արտաքին աղբյուրներից միջոցների ներգրավմամբ»,- նշեց նա՝ հավելելով, որ ֆինանսների նախարարությունը գնահատում է պետական պարտքի ռիսկերը և դրանց հետ կապված զարգացումները:
Չնայած, որ երկրի գլխավոր դրամատան ղեկավարն ու գլխավոր գանձապետը հայտարարում են, թե արտաքին պարտքի բեռով Հայաստանը ռիսկային գոտում չէ և անհանգստանալ պետք չէ, սակայն տարեցտարի ավելացող պարտքը, միևնույն է, մտահոգվելու տեղիք է տալիս թե որոշ պատոնյաների, թե տնտեսագետների և թե պարզապես երկրի տնտեսական վիճակով մտահոգվող քաղաքացիների։
Վերջին 10 տարում Հայաստանի արտաքին պարտքը տարեցտարի աճել է։ Արտաքին պարտքի ներգրավումն ինքին բացասական, վտանգավոր ու ինչպես Ա. Ջավադյանն է մի առիթով ասել, վախեցնող երևույթ չէ, եթե այն արդյունավետ է օգտագործվել և եթե երկրի տնտեսությունն ի զորու է սպասարկել պարտքը։ Ի վերջո, երբեմն մեծ ծավալի պետական պարտք են ունենում նաև զարգացած ու հզոր տնտեսություն ունեցող երկրները։
Արդյունավետ օգտագործելն, ըստ էության, նշանակում է վերցրած այդ պարտքով նպաստել երկրում տնտեսական աճին։ Արտաքին գործոնների ազդեցությունը (տրանսֆերտներ, գունավոր մետաղների համաշխարհային գներ, ներդրումներ և այլն) Հայաստանի տնտեսական աճի վրա մեծ է, ինչը հասկանալի է, քանի որ կախվածությունն այդ գործոններից զգալի է։ Եվ, սովորաբար, երբ այդ և այլ գործոններ բացասական ազդեցություն են թողնում Հայաստանի տնտեսության վրա, Կառավարությունն արտաքին աշխարհից պարտք է վերցնում, ինչպես պատասխանատուներն են նշում, տնտեսությունը պաշտպանելու համար։ Հիմա տեսնենք, թե ինչպես է «պաշտպանվել» տնտեսությունը։
Ստորև գտնվող ինֆոգրաֆիկայում ներկայացրել ենք, թե վերջին 10 տարում ինչ ծավալներով է աճել ՀՀ արտաքին պարտքը և դրան զուգահեռ՝ ինչպես է փոփոխվել ՀՆԱ-ի ծավալն ու ըստ դրա՝ տնտեսական աճի ինչ ցուցանիշներ են գրանցվել։
Ու՞մ է պարտք Հայաստանը
Արդյոք այսքա՞նն է պարտքը
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը բազմիցս տարբեր ամբիոններից հայտարարել է, որ ՀՀ արտաքին պարտքը վաղուց հատել է առավելագույն թույլատրելի շեմը և գտնվում է վտանգավոր գոտում։ Ըստ նրա՝ ոչ պաշտոնական վիճակագրությունը չի փաստում ՀՀ արտաքին պարտքի իրական ցուցանիշները։ Պետք է հաշվի առնել մասնավոր հատվածի ու հատկապես բանկերի պարտքը։ «Եթե որեւէ բանկ սնանկանա, ստիպված ենք լինելու այն փրկել բյուջեի հաշվին։ Պարտքի մեջ պետք է նկատի ունենալ նաեւ տնային տնտեսությունների եւ մասնավոր կազմակերպությունների կրեդիտորական եւ այլ պարտքերը»,- լրագրողների հետ հանդիպումներից մեկում նշել է Հ. Բագրատյանը։ Այսինքն՝ եթե պետական պարտքը հաշվարկվի Հ. Բագրատյանի առաջարկած եղանակով, ապա, ակնհայտ է, որ այն շատ ավելի մեծ կլինի։ Թե որքան՝ չկան կոնկրետ հաշվարկներ։
Սպասարկման խնդիր
ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած «ՀՀ պետական պարտքի 2015թ. տարեկան հաշվետվությունը» զեկույցում կարդում ենք. «2015թ. ՀՀ կառավարությունը ժամանակին եւ ամբողջ ծավալով կատարել է տոկոսավճարների գծով ստանձնած իր պարտավորությունները։ 2015թ. ՀՀ կառավարության պարտքի գծով տոկոսավճարները կազմել են 74,08 միլիարդ դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով 20,2%-ով, որը պայմանավորված է պարտքի ծավալի աճով, կառավարության արտաքին պարտքի գործիքակազմի փոփոխություններով, ինչպես նաեւ ԶՄԸ-ի գործող վարկերի գծով տոկոսադրույքների բարձրացմամբ»: Այսինքն՝ նախարարությունը հայտարարում է, որ սպասարկման մասով ևս ամեն ինչ նորմալ է։ Բայց այստեղ էլ հարցերն ու անհանգստությունները շատ են, քանի որ քիչ չեն դեպքերը, երբ ՀՀ կառավարությունը նոր պարտք է վերցնում նախկին պարտքերը փակելու համար։ Եվ հարց է՝ արդյոք տնտեսության հնարավորությունները ներում և ներելու են պարտքը սահուն սպասարկելու և հետագայում սերունդներին համար ծանր բեռ չթողնելու համար։ Սա արդեն ավելի լայն թեմա է։
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել