
Լոլիկ և վարունգ արտահանողները պատահական մարդիկ չեն
Վերջին տարիներին ավելացել են Հայաստանից լոլիկի ու վարունգի արտահանման ծավալները: Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության օպերատիվ տվյալների համաձայն՝ լոլիկն ու վարունգը արտահանվում են հիմնականում Ռուսաստան, Վրաստան, Բելառուս, Չեխիա:
Անվանումը |
2015 թ. |
2016 թ. (08.04.16թ. դրությամբ) |
||
Քանակը /տոննա/ |
Արտահանվող երկիրը |
Քանակը /տոննա/ |
Արտահանվող երկիրը |
|
Լոլիկ |
1718 |
Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Չեխիայի Հանրապետություն |
14559 |
Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Բելառուսի Հանրապետություն |
Վարունգ |
4029 |
Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան |
678 |
Ռուսաստանի Դաշնություն |
ՀՀ ֆինանսների նախարարության տվյալները փոքր-ինչ տարբերվում են գյուղնախարարության տվյալներից: Մասնավորապես՝ ֆիննախի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ 2015թ. Հայաստանից Վրաստան է արտահանվել 124,6 տոննա լոլիկ և 218,7 տոննա վարունգ: Այս ծավալներն անհամեմատ ավելի քիչ են, քան գյուղատնտեսության նախարարության հրապարակածը:
Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը «Հետքին» տեղեկացրեց, որ ընթացիկ տարում Հայաստանից լոլիկի և վարունգի արտահանման ծավալների աճը պայմանավորված է վերջին տարիներին ջերմոցային տնտեսությունների տարածքների ավելացմամբ:
«Հայաստանի Հանրապետությունում մինչև 2011թ. շահագործվում էր շուրջ 500 հա ջերմատուն, որից նորագույն տեխնոլոգիաներով` ընդամենը 2 հա` ՀՀ Կոտայքի մարզում: 2011թ. մինչ օրս շահագործման է հանձնվել 271,6 հա ջերմատուն, որոնցում հիմնականում մշակվում է լոլիկ։ Հին տեխնոլոգիաներով ջերմատներում 1 քմ-ից ստացվում է 8-10 կգ բերք, իսկ նորագույն տեխնոլոգիաներով հագեցված ջերմատներում բերքի ծավալները տատանվում են 50-80 կգ սահմաններում»,- ասում է նախարարի տեղակալը։
Ռոբերտ Մակարյանի տեղեկացմամբ՝ վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում կառուցվել է ժամանակակից տեխնոլոգիաներով շուրջ 120 հա ջերմատուն: Ընթացիկ տարում ջերմոցային տնտեսությունների տարածքը նախատեսվում է ավելացնել շուրջ 70 հեկտարով:
Ովքե՞ր են արտահանողները
ՀՀ ֆինանսների նախարարության տվյալներով 2015թ. լոլիկ արտահանել են թվով 56 ֆիզիկական անձինք, իսկ վարունգ՝ «Արմյանսկիյ ուրաժայ» ՍՊԸ-ն և 43 ֆիզիկական անձինք: Թե ովքեր են արտահանող ֆիզիկական անձինք, ֆինանսների նախարարությունից այդպես էլ չկարողացանք պարզել: Արդեն երկու ամիս է` այդ հարցմանը չեն պատասխանում. «դեռ զբաղվում են»: Իսկ գյուղնախարարության տվյալներով` 2016թ. լոլիկի և վարունգի արտահանումներ հիմնականում իրականացրել են «Մավաս Գրուպ», «Մակ-Ագրոէքսպորտ», «Սպայկա», «Ֆրեշ Ֆրութ», «Մադար-Մար», «Ալտերնատիվ Էներգիա», «Ֆուդարմ», «Պրոգրես Ագրո», «Թեստիֆուդ», «Ակնաձոր» և «Արսուգրիգ» ՍՊԸ-ները:
«Հետքն» արդեն անդրադարձել է լոլիկ ու վարունգ ներմուծողներին, դրանց ծավալներին: Այդ ցանկում առաջատարներից մեկը ՀՀ նախագահի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին պատկանող «Ակնաձոր» ՍՊԸ-ն էր: Ընկերությունը հիմնադրվել է 2008թ-ին և 2011թ-ից ամբողջությամբ պատկանում է Նարեկ Սարգսյանին: «Ակնաձորը» հարկային մարմնում հաշվառված է որպես մասնագիտացված խանութներում մրգերի և բանջարեղենի մանրածախ առևտրով զբաղվող ընկերություն:
Պարզվում է` Նարեկ Սարգսյանը բացի ներկրելուց նաև լոլիկ ու վարունգ է արտահանում:
Հաջորդ խոշոր արտահանողը ևս պատահական մարդ չէ: «Արմյանսկիյ ուրաժայ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2014 թ-ին՝ եղբայրներ Արամ և Աբել Ղարիբյանների կողմից: Արամ Ղարիբյանը ՀՀ նախագահի գլխավոր խորհրդականն է: Նա 2015թ. հունիսի 11-ին օտարել է իր բաժնեմասը: 13 և 27 տոկոս բաժնեմասով ընկերության սեփականատեր են դարձել նախագահի գլխավոր խորհրդականի հորեղբոր որդիները՝ Մարկոս և Արա Ղարիբյանները: Վերջինս նաև ընկերության տնօրենն է: Իսկ 40 տոկոս բաժնեմասը պատկանում է Արամ Ղարիբյանի մտերիմին՝ երևանաբնակ Արմենակ Սանդոյանին, 20 տոկոս բաժնեմասը տնօրինում է Աբել Ղարիբյանը:
«Արմյանսկիյ ուրաժայ» ՍՊԸ-ն գործունեությունը ծավալում է Կոտայքի մարզի Գողթ գյուղում, որտեղ մի քանի հեկտար ջերմատուն ունի:
Ընկերության հիմնադրման տարուց ի վեր կառավարությունը լավ աչքով է նայում «Արմյանսկիյ ուրաժայ» ՍՊԸ-ին: Մասնավորապես՝ 2014թ. մայիսի 29-ի նիստում կառավարությունը որոշեց ներդրումային ծրագրի շրջանակներում «Արմյանսկիյ ուրաժայ»-ի կողմից 200 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել երեք տարով, ինչը նշանակում է, որ ավելի քան 730 միլիոն դրամի հարկը պետբյուջե է վճարվելու 3 տարի հետո՝ մինչև 2017թ. մայիսի 26-ը:
2015թ. նոյեմբերի 5-ին կառավարությունը ևս մեկ արտոնյալ որոշում կայացրեց «Արմյանսկիյ ուրաժայ» ՍՊԸ-ի համար, որով ընկերության կողմից 2015թ. հոկտեմբերի 15-ից մինչև 2016թ. հունվարի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվել է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված երեք տարի ժամկետով: Այստեղ էլ երեք տարի ուշ պետբյուջե կգնա մոտ 267,5 մլն դրամ:
Եթե 2014թ. հարկային արտոնությունը վերաբերում էր բանջարեղենի արտադրությանը, ապա 2015թ-ին՝ հոլանդական վարդերի աճեցմանը:
Կառավարությունը 2014թ. մայիսի 14-ին որոշում է կայացրել, որով 250 մլն դրամի չափով հարկային արտոնություն է տվել նաև լոլիկ ու վարունգ արտադրող, արտահանող «Մավաս Գրուպ» ՍՊԸ-ին: Ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվել է մինչև 2017թ. մայիսի 27-ը:
Իսկ նմանատիպ հարկային արտոնություն 2014թ. նոյեմբերի 19-ին կառավարությունից ստացել է արտահանող «Պրոգրես Ագրո» ՍՊԸ-ն:
Նշենք, որ եթե չլիներ նախագահի գլխավոր խորհրդականի, այդ ընկերությունների թիկունքում թաքնված պաշտոնյաների գործոնը, կառավարությունը չէր գնա նման «զոհողության»: Օրինակ՝ «Արմյանսկիյ ուրաժայ» ՍՊԸ-ի դեպքում, բացի Աբել Ղարիբյանից, մյուս երեք բաժնետերերը իրենց բաժնեմասը գրավադրել են «Ամերիաբանկում»: Այսինքն՝ ընկերությունն ունի զգալի չափով ֆինանսական պարտավորություններ, ինչը պետության նկատմամբ հարկային պարտավորությունները կատարելու առումով ռիսկայնությունը բարձրացնում է:
Կառավարությունը նման շռայլություն թույլ չի տալիս փոքր ջերմոցատերերի նկատմամբ՝ ստեղծելով անհավասար մրցակցություն: Նույնիսկ ոչ մեծ ծախսերի հարցում չի փորձում օգտակար լինել առանց «տանիք» ջերմոցատերերին, ինչը բերում է նրանց գործունեության դադարեցմանը: Ամենասուր արտահայտված խնդիրը ջեռուցումն է: Ձմռան սեզոնին գազ մատակարարող ընկերությունը պարտքերի պատճառով դադարեցնում է ջերմատների գազամատակարարումը, սածիլները ցրտահարվում են, գյուղացին մնում է վարկերի տակ, սակայն ի պատասխան նրանց դիմում-խնդրանքներին կառավարությունը տալիս է ստանդարտ պատասխան. գազամատակարարը մասնավոր ընկերություն է և կառավարությունը համապատասխան լծակներ չունի:
Դրան էլ գումարած՝ սեզոնին «տանիք» ունեցողները ներկրում են թուրքական էժան լոլիկ ու վարունգ, և փոքր ու միջին ջերմատները դարձյալ կանգնում են կոտրած տաշտակի առջև: Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը գյուղացիների հետ միասին բազմիցս այդ մասին բարձրաձայնել են, բայց ոչ մի պատշաճ արձագանք:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել