HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ապրիլյան պատերազմի կրակից ընտրական շագանակներ հանելու մեխանիկան, կամ՝ անհամարժեքության ցուցահանդես

Ազգային ժողովում Ընտրական նոր օրենսգիրքը (ԸՕ) երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու քվեարկությունից առաջ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, թե եթե օրենսգրիրքը հունիսի 1-ին ուժի մեջ մտնելուց հետո հաջողվի գտնել այն ավելի բարելավող մեխանիզմներ, կստեղծվի դրա շուրջ ավելի լայն քաղաքական կոնսենսուս ձևավորելու հնարավորություն, իշխանությունը պատրաստ է օրենսգրքում փոփոխություններ կատարելու նպատակով ԱԺ արտահերթ նիստ հրավիրել։ Թվում է, թե առաջարկը տրամաբանական է. սահմանադրական ճգնաժամից խուսափելու համար օրենսգիրքը պետք է ընդունվեր մինչև հունիսի 1-ը, որից հետո էլ այն կարելի է վերանայել։ Սակայն, այս բացատրությունը պարզագույն մանիպուլյացիա էր։

Խնդիրն այն է, որ իշխանությունը չունի իրական կոնսեսուսի հասնելու ցանկություն։ Իշխանության պատկերացրած կոնսենսուսը ոչ թե ընդդիմության և հասարակական կազմակերպությունների կողմից համատեղ մշակված պահանջների շուրջ է, այլ բացառապես իր պատկերացումների։ Իսկ այս հարթությունում նա արդեն գնացել է ամենասկզբունքային հարցերում իր համար առավելագույն զիջումների։ Եթե ավելիին գնալու քաղաքական կամք լիներ, ապա իշխանությունը կարող էր այն իրացնել մինչև օրենսգրքի ընդունման վերջնաժամկետի ավարտը։

Ընտրական օրենսգիրքը, ինչպես ցանկացած օրենք, կարելի է փոխել ցանկացած պահի, անգամ 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո, երբ դրա հրատապ անհրաժեշտությունն այլևս չի լինի։ Հարությունյանը չի ասում, որ պատրաստ են օրենսգիրքը վերանայել, երբ հունիսի 1-ից հետո ընդդիմությունը առաջարկություն անի։ Նա ընդամենը ասում է՝ պատրաստ կլինեն օրենսդրական փոփոխության, եթե ընդդիմության ներկայացրած առաջարկներն իրենց բավարարեն, այսինքն՝ տեղավորվեն իշխանական կոնյունկտուրայի նախագծած վերարտադրության ընտրական սխեմաներում։ Սա ոչ թե կոնսենսուս է, այլ լավագույն դեպքում կոսնենսուսի իմիտացիա։

Խորհրդարանական ընտրությունների պաշտոնական մեկնարկից առաջ ընտրական օրենսգրքի վերանայման թեման օրակարգում պահելն ինքնանպատակ չէ։ Այն անհրաժեշտ է միջազգային հանրությանը և հատկապես ԱՄՆ-ին և ԵՄ-ին ցույց տալու համար, որ դեռ կոնսենսուսի հասնելու դռները չեն փակվել։ Այսինքն՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսին կլինի վերջիններիս արձագանքը։ Եթե Վաշինգտոնն ու Բրյուսելը Հայաստանում իրենց ներկայացուցչությունների միջոցով կրկին կդնեն կոնսենսուսի հասնելու հարցը, իշխանությունը կգնա Ընտրական օրենսգքրի նոր կոսմետիկ փոփոխությունների։ Եթե կբավարարվի մինչ այժմ իշխանության՝ երկխոսությանն ուղղված քայլերով, վերջինս խնդիրը կհամարի փակված։ Իսկ դատելով նրանից, որ ԵԽ Վենետիկի հանրաժողովն այդպես էլ չպահանջեց օրենսդրորեն սահմանել ընտրական բարեփոխումների մեխը հանդիսացող ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակի հրապարակման պարտադիր պայմանը, կարելի է ասել, որ Արևմուտքն առանձնապես հակված չէ հայաստանյան իշխանություններից ավելին պահանջել։

Նման իրադրության հիմնական պատճառն այն է, որ իշխանությունն իր լեգիտիմության ապահովումը միշտ փնտրել և գտել է ոչ թե սեփական հասարակության վստահության մեջ, այլ՝ դրսում․ կախված հանգամանքներից՝ երբեմն Արևմուտքում, երբեմն՝ Մոսկվայում։ Այս իմաստով ԸՕ ընդունման ամբողջ ոդիսականն ի հայտ բերեց երեք չափազանց տխուր, եթե չասենք՝ ողբերգական իրողություն։

1. Օրենսգիրքն ընդունվեց փաստացի խորհրդարանական բոլոր ուժերի լուռ համակերպվողականության պայմաններում՝ ապացուցելով, որ բովանդակային առումով խորհրդարանն այսօր գործունակ ընդդիմություն չունի։ Օրենսգրքի ընդունման քվեարկության պատկերը (102 կողմ, 17 դեմ, 3 ձեռնպահ) առարկայորեն ցույց տվեց, թե ինչպես կարելի է քաղաքական դաշտը լղոզելով ու բարոյազրկելով՝  հաղթահարել սահմանադրական օրենքները, տվյալ դեպքում՝ ԸՕ-ն ընդունելու համար անհրաժեշտ ձայների 3/5-րդի ապահովման սահմանադրական պահանջը։ 2017թ․ ընտրություններում այսպիսի որակով խորհրդարան ունենալով՝ իշխանական մեծամասնությունը երբեք որևէ հարցում փոխզիջման գնալու կարիք չի ունենա։ Իսկ Ընտրական այս օրենսգրքի ընդունման նպատակը հենց այդպիսի խորհրդարան ունենալն է։

Ոչ իշխանական հիմնական բոլոր ուժերը, ներգրավված լինելով կոնսենսուսի հասնելու «4+4+4» ձևաչափով քննարկումներում, ըստ էության, անտեսեցին ոչ միայն փոխհամաձայնության հասած չլինելու փաստը, այլ նաև իրողությունը, որ օրենսգրքի ընդունումից հետո, առանց արտաքին ճնշման, իշխանությունն ընդհանրապես սկզբունքային զիջումների գնալու շահագրգռություն չի ունենալու։

2. Բացի իշխանություններից՝ ոչ մեկի ակնկալիքներին չբավարարող ԸՕ-ի՝ առանց ցնցումների ընդունման հարցում, որքան էլ ցինիկ է հնչում, իշխանությունն օգտվեց ապրիլյան պատերազմի «միջանցքից»։ Նախ՝ ամբողջությամբ իր վրա գրավելով հասարակական ուշադրությունը, պատերազմը նպաստեց նրան, որ ընտրական բարեփոխումների համատեքստում թուլացավ իշխանության նկատմամբ հասարակական-քաղաքական ճնշումը։ Վերջինս ստացավ սկզբունքային դիրքերում մնալով հեշտությամբ մանևրելու, կոսմետիկ զիջումների գնալով «գոլորշին բաց թողնելու» լիարժեք հնարավորություն։

 

Երկրորդ՝ քառօրյա պատերազմից հետո սկսված քաղաքական գործընթացի համատեքստում տեղի ուենցավ Սերժ Սարգսյան-Լևոն Տեր-Պետրոսյան գաղափարական մերձեցում։ Դրա հենքի վրա ամենաարմատական դիրքերից հանդես եկող ՀԱԿ-ը, որը նաև «4+4+4»-ի ձևաչափում փորձում էր դառնալ առանցքային դերակատար և ընտրական բարեփոխումները վերածել իշխանափոխության գործընթացի, հանկարծ միանգամից վերածվեց Սերժ Սարգսյանի ոչ ֆորմալ քաղաքական հենարանի։ Հանուն նրա, որ ԼՂ հարցով սկսվող բանակցություններում իշխանությունը կաշկանդված չլինի ներքին խնդիրներով ու լեգիտիմության դեֆիցիտով, և կարողանա ԼՂ բանակցություններում գնալ տերպետրոսյանական պատկերացումներով փոխզիջումային լուծումների, ՀԱԿ-ը թույլ տվեց, որպեսզի Ընտրական օրենսգրքի ընդունման հարցում իշխանությունը որևէ խնդիր չունենա։ Դժվար է ասել՝ ինչպե՞ս այս «ծառայության» համար իշխանությունը կփոխհատուցի ՀԱԿ-ին, բայց փաստ է, որ վերջինիս այս երկակի պահվածքը զավեշտի վերածեց ընդհանրապես օրենսգրքի շուրջ քաղաքական դեբատների ընթացքը։

Նույնիսկ քառօրյա պատերազմից հետո է պաշտոնական Երևանը շարունակում հայտարարել, թե պատրաստ է բանակցությունները շարունակել մադրիդյան սկզբունքների հիման վրա և համաձայն է փուլային եղանակով կարգավորմանը։ Եվ չի բացառվում, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն կվերանայեն Ընտրական օրենսգիրքը կոնսենսուսով ընդունելու իրենց միարժեք պահանջը։ Նրանք գուցե անգամ լեգիտիմացնեն ՀՀԿ-ակենտրոն իշխանության վերարտադրությունը՝ պայմանով, որ վերջինս գնա ԼՂ հարցում խոստացված փուլային լուծմանը։ Նման կեղտոտ «գործարքի» նախադեպ եղել է։ 2012 և 2013թթ. խորհրդարանական և նախագահական ընտրությունների ժամանակ Եվրոպայից նույնիսկ հայաստանյան հանրությանը հորդորում էին ընտրել գործող իշխանությանը՝ միայն այն պատճառով, որ վերջինս խոստացել էր ստորագրել ԵՄ ասոցացման պայմանագիրը։ Այնպես որ, իշխանության արտաքին լեգիտիմացման նոր «թատրոնը», արդեն ԼՂ կարգավորման համատեքստում, այնքան էլ աբսուրդային չի թվում։ Ահա այսպես ապրիլյան պատերազմը դառնում է իշխանության վերարտադրության գործիքներից մեկը:

3. Առանց իրական կոնսենսուսի, առանց ընտրական համակարգի հանդեպ հանրային իրական վստահության բարձրացման երաշխիքների՝ օրենսգրքի ընդունումը ուղղակի դարձավ ապրիլյան պատերազմի բացահայտած ահռելի մարտահրավերներին քաղաքական համակարգի համընդհանուր անհամապատասխանության հայելային արտացոլանքը։ Ընտրական նոր օրենսգիրքը պետք է ընդունվեր նոր որակի իշխանություն և կառավարման համակարգ ձևավորելու, մրցունակ, ուժեղ իմունիտետով օժտված պետություն ստեղծելու, «ավգյան ախոռները» վերջապես մաքրելու, տեսակային, կերպարային աղբը աղբանոց նետելու, ամեն ինչ նոր էջից սկսելու հիմնանպատակով։ Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսը պետք է մարմնավորեր այդ առաջնահերթությունների շուրջ իշխանության, քաղաքական համակարգի և հասարակության փոխըմբռնման ձեռքբերումը։ Դա պետք է լիներ ավելին, քան զուտ ապագա ընտրությունների խաղի կանոնների շուրջ փոխհամաձայնությունը։

Մինչդեռ ընդամենը ամրագրվեց քաղաքական համակարգի բովանդակային փլուզումը, ներքին քաղաքական հակակշիռների վերջին նշույլների կործանումը, քաղաքականությունից քաղաքական ուժերի և հասարակության մարգինալացումը։ Այն ցույց տվեց, որ իրականում անգամ պատերազմը զգալուց ու շոշափելուց հետո չենք հասկանում՝ ինչ է կատարվում մեր շուրջը և որքան ենք մոտեցել անդունդի եզրին։

Մեկնաբանություններ (1)

Dora
Այո

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter