Վերջին զանգը Ալավերդու թիվ 5 ավագ դպրոցում
Թիվ 5 ավագ դպրոցի 42 շրջանավարտներից 41-ն այսօր հրաժեշտ տվեց դպրոցին: Նրանցից 20-ը սովորել է դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքում, 21 աշակերտ ավարտում է հումանիտար հոսքը: Ավագ դպրոցի բնագիտական հոսքի դասղեկ Օֆելյա Ղումաշյանի ասելով՝ դպրոցում առաջին հերթին փորձել են դաստիարակել հանրապետության արժանի քաղաքացիներ:
«Հետքին» իրենց դպրոցական անմոռաց հիշողությունների մասին պատմեցին շրջանավարտները. «Նախ՝ դպրոցում ունեցել եմ շատ խելացի ուսուցիչներ: Իմ ամենալավ հիշողությունները կապված են նրանց հետ: Այստեղ ինձ սովորեցրել են, որ ամենամեծ արժեքը մարդն է: Սովորել եմ նաև՝ ինչպես պետք է սիրել հայրենիքը»,- ասաց շրջանավարտ Տարոն Աբրահամյանը:
Արթուր Մաթևոսյանի ամենագեղեցիկ հիշողությունները կապված են դպրոցի դիմակահանդեսների հետ. «Ինձ հետ դպրոցից մեծ զգացումքներ եմ տանում: Ես 12 տարի դպրոց եմ եկել, բայց միայն այս վերջին օրերին հասկացա դպրոցի կարևորությունն իմ կյանքում»,- ասաց Արթուրը: Շրջանավարտ Թագուհի Փարեմուզյանի համար դպրոցից ամենալավ հիշողությունը լինելու է իր և դասընկերների ընկերասիրությունը: «Մենք դասարանով մի ընտանիք էինք դարձել: Այդ հուշերն եմ տանելու ինձ հետ: Ինձ համար մեր դպրոցը իմ գիտելիքների դարբնոցն է մնալու»,-ասաց Թագուհին:
Մեկնաբանել