HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Նախ՝ ռեկտորը, ապա դեկանը՝ ընդդեմ լրագրողի եւ լրատվամիջոցի

Երեկ «Հետքը» հերթական դատական ծանուցումն է ստացել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Այս անգամ «Հետքի» լրագրող Ադրինե Թորոսյանին դատի է տվել Վանաձոր Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ամբիոնի դեկան Թերեզա Շահվերդյանը՝ որպես երրորդ անձ ներգրավելով «Հետք» շաբաթաթերթին՝ պատվին, արժանապատվության և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջով:

Իր հայցադիմումի մեջ հայցվորը նշում է, որ 2011թ. մայիսի 13-ին «Հետք» թերթում տպագրված «Հիվանդագին կրքեր Վանաձորի մանկավարժական ինստիտուտում» հոդվածի մեջ իր հասցեին արվել է հետևյալ զրպարտությունը. «Դեպքերի հետագա զարգացմամբ՝ 2011 թ. ապրիլի 1-ին հայոց լեզվի ամբիոնի դասախոս Լուսինե Սարգսյանի մայրը՝ մանկավարժության ամբիոնի դասախոս Լիզա Սարգսյանը, մանկավարժության ամբիոնի դեկան Թերեզա Շահվերդյանի հետ ներկայացել է ոստիկանության Վանաձորի բաժին եւ հայտարարություն տվել, որ հայոց լեզվի ամբիոնի դասախոս Լուսինե Աշուղյանը շուրջ 2 տարի սպանության սպառնալիքներ է տալիս Լուսինե Սարգսյանի հասցեին»:

Այնուհետև հայցվորը շարունակում է՝ ասելով, որ նույն հոդվածի շարունակության մեջ պարզվում է, որ դա դիտավորությամբ սուտ մատնություն է, որին իբր մասնակից է եղել նաև ինքը, այն էլ՝ ռեկտորի դրդմամբ: Ըստ հայցվորի՝ ստացվում է, որ իրեն ռեկտորը հանձնարարել է, որ սուտ մատնություն անի, որով իբր նա ևս ցանկացել է քրեական գործ հարուցել տալ Լուսինե Աշուղյանի նկատմամբ, որն անամոթ սուտ է՝ ուղղված իր անձին, որով պատասխանողը վնաս է հասցրել իր պատվին, արժանապատվությանը և բարի համբավին: Այս մասին հայցվորն իմացել է օգոստոսի վերջերին ինստիտուտում, երբ վերադարձել է արձակուրդից:

Հայցվորը խնդրում է դատարանին զրպարտության համար պարտավորեցնել պատասխանողին նույն լրատվամիջոցով՝ «Հետք» թերթով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել 2 միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68 հոդվածով նախատեսված դատական ծախսերը:

Հիշեցնենք՝ «Հետքի» նույն հոդվածում տեղ գտած որոշ արտահայտությունների համար Վանաձորի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջով հայց է ներկայացրել այդ արտահայտությունների հեղինակ, դասախոս Լուսինե Աշուղյանի դեմ՝ պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող անձ ներգրավելով «Հետք» շաբաթաթերթին և «ATV» հեռուստաընկերությանը: Դատական գործը քննվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter