Ադրբեջանի Քերքենջից՝ Հայաստանի Ղզլ Շաֆագ. «Կարոտը ցեցի պես մի բան ա»
Գայանե Սարգսյան
1980-ականների վերջին, երբ հայ-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունը հասել էր գագաթնակետին, Հայաստանում բնակվող ադրբեջանցիներն ու ադրբեջանաբնակ հայերը սկսեցին հեռանալ իրենց բնակատեղերից: Այդ ժամանակ էր, որ Ադրբեջանի Շամախու շրջանի Քերքենջ հայաբնակ գյուղի տղամարդիկ որոշեցին ոչ թե առանձին ընտանիքներով տարհանվել, այլ ողջ գյուղով:
«Մենք եկանք Հայաստան, որպեսզի տեղ գտնենք, գյուղ գտնենք, որ գյուղը գյուղի հետ փոխենք, որ շատ կորուստներ չունենանք, համ էլ մեկս մեկիս գիտենք, միասին ապրենք:Եղանք Սևանում, էնտեղ դուր չեկավ, Արարատյան դաշտավայրում փնտրեցինք, տեղ չգտանք, եկանք Կալինինո, էստեղ գտանք Ղզլ Շաֆագը, հիմիկվա Ձյունաշողը»,- պատմում է ծնունդով քերքենջցի Իշխան Ծատուրյանը, ում ընտանիքը 1989 թ-ի ամռանը մյուս համագյուղացիների հետ տեղափոխվել է Հայաստան:
Վերջինս հպարտությամբ է նշում, որ այն տարիներին առաջինն իրենց գյուղն է հանդես եկել նման նախաձեռնությամբ, ինչի շնորհիվ կարողացել են խուսափել ողջ Հայաստանով ցրվելուց:
«Էն ժամանալ Ադրբեջանի մաշտաբով մենակ մեր գյուղն ա գյուղը գյուղի հետ փոխել, ժողովրդի ուզելով, միասին դուրս ենք եկել»:
Թեև տարհանման գործընթացը քերքենջցիները միասին են իրականացրել, սակայն այդ որոշմանը գնացել են ստիպված:
«Մեզ որ չպարտադրեին, հո չէի՞նք թողնի, գա: Դժվար է կտրվել քո հողից, քո ջրից, քո տնից, բայց ի՞նչ անեինք: Պապենական տուն էր մերը:Ամենադժվարը մեծերի համար էր: Երեխեքին ի՞նչ, երեխեքն ուրախացել էին, որ տեղ են գնում: Հատկապես փոքրերը:Բայց մեծերը… Իմ սկեսուրը գալուց տան պատերը լիզում էր, մինչև հասել ենք էստեղ, մի բերան ջուր էլ չի խմել»,- հիշում է Իշխան Ծատուրյանի կինը՝ Ծաղիկը:
4 անչափահաս երեխաների ու սկեսրոջ հետ Ձյունաշող տեղափոխված ընտանիքը փորձել է աստիճանաբար հարմարվել տեղի կյանքին: Գյուղը, սակայն, տեղափոխումից 26 տարի անց էլ քերքրենջցիների սրտով չէ:Իշխանի մայրը չհարմարվելով, տեղափոխումից կարճ ժամանակ անց մահացել է: Ծաղիկն ու Իշխանն էլ թեև մինչ այժմ շարունակում են ապրել Ձյունաշողում, բայց չեն դադարում հիշել ու կարոտել իրենց ծննդավայրը՝ Քերքենջը:
«Ճիշտ ա, Քերքենջն էլ ա գյուղ, բայց գյուղից գյուղ էլ տարբերություն շատ կա: Հիմի էստեղ ոչ մի բան չի աճում, մենակ խնձոր: Էնտեղ ամեն մրգի ծառ կար, ամեն ինչ աճում էր: Էնտեղ շատ տաք էր, էստեղ ցուրտ ա, չես հասկանում երբ ա գալիս գարունը, երբ ա ամառ…»,- ասում է Ծաղիկը
Քերքենջում խաղողագործությամբ զբաղված Իշխանի միակ զբաղմունքը Ձյունաշողում անասնապահությունն է: «Բնությունը չի համապատասխանում, դա առաջինը, իսկ երկրորդն էլ, մենք կտրված ենք Հայաստանից: Սովետի ժամանակ էլ Հայաստանում չեն իմացել Կալինինոն որտեղ ա, Ղզլ Շաֆագը որտեղ ա»,- կնոջ խոսքը է շարունակում նա:
Վերջինս վստահ է՝ Շամախին հայի հող է: «4 դար ապրել ենք էնտեղ, հիմք ենք դրել, տուն ենք սարքել: Մեր հողերը բոլորը մնաց թուրքերին: Դա թուրքի հող չէր, է, բայց դե ի՞նչ անենք, կես արին, ասին մերն ա հողը: Բայց Շամախին հայի հող ա եղել»:
Իր հողի կարոտով ապրող մոր խոսքերը մինչ օրս Իշխանի ականջներում են: Վստահ է, մայրը հենց իր տան կարոտից է շուտ մահացել:
«Կարոտը ցեցի պես մի բան ա, որ մարդու մեջ ա ընկնում, ավելի շուտ ա փչացնում»,- ասում է նա:
Տարհանումից մի քանի տարի անց Ծատուրյաններին հյուրընկալվել է թուրք տանտերը, ով իր Ղզլ Շաֆագի տունը փոխանակել էր նրանց Քերքենջում գտնվող տան հետ: Դա երկու տանտերերի միակ հանդիպումն էր տարհանումից հետո: Հաջորդող տարիներին Ծատուրյաններն ու մյուս քերքենջցիներն իրենց գյուղը տեսնելու հնարավորություն են ունեցել միայն լրագրողական հազվադեպ այցերի արդյունքում ստեղված տեսաֆիլմերի միջոցով: Դրանցից վերջինը Ծատուրյաններին հասել է մի քանի տարի առաջ:
«Էնտեղ մենք գերեզմանոց ունեինք, մեծ պամյատնիկ ա եղել գերեզմանոցի մոտ դրած: Հայաստանից եկան, չերտյոժը դրին, սարքեցին: Քերքենջը շատ մեծ գյուղ չէր, մի 250 տուն էր, բայց հայրենականին 110-120 մարդ զոհվել ա, պամյատնիկը վերջերս էին դրել՝ 70-ականներին»,- հիշում է Իշխանը, հավելելով, որ մի քանի տարի առաջ նկարահանված տեսանյութում իրենք նկատել են՝ հուշարձանի մարմարե սալիկները հանված են, չկան:
Քերքենջցիները մտավախություն ունեն նաև հայկական գերզմանոցի հետ կապված:
«Մի քանի տարի առաջ վիդիոն բերեցին, ցույց տվեցին, նորմալ էր, բայց հետո էլի բերել էին, նորմալ չի, ինչը որ մեզ պետք ա, ցույց չեն տալիս: Շատ հին ժամանակվա գերեզմաններն են ցույց տալիս, նորերը ցույց չեն տալիս… Թե հիմա քարերը հանել են, ինչ են արել, չեմ իմանում, չեմ կարա ասեմ: Քանդված գերեզման ցույց չեն տվել, բայց մենք արդեն կասկածում ենք, որ ուրեմն չկան, քանդված են էդ գերեզմանները, որ ցույց չեն տալիս»,- ասում է Ծաղիկը:
Ձյունաշողում գտնվող ադրբեջանական գերեզմանոցը գյուղացիները լավ են պահպանում: ժամանակիի ընթացքում քամուց ընկնող քարերը նրանք նույնիսկ վերանորոգում են ու կրկին տեղադրում: Ասում են՝ մահացածներն ի՞նչ մեղք ունեն:
Տուն ու տեղը հարազատ Քերքենջում թողած հայերը չեն մեղադրում նաև Ադրբեջանի ժողովրդին: Այստեղ հստակ տարանջատել են թշնամուն ոչ թշնամուց:
«Ադրբեջանցին մեր թշնամին չի: Մեր թշնամին գիտե՞ս ով ա: Էն որ վերևում նստած ա, մեծ գործի տեր ա, պառլամենտում նստած ա, նրանք են մեր թշնամին,- ասում է Իշխանն ու բացատրում,- Ղարաբաղի զինվորն ի՞նչ մեղք ունի, կամ ադրբեջանցի զինվորն ի՞նչ մեղք ուն, որ ամեն օր մահանում են: Դա հարկավոր չի մեզ: Ոչ հայերին ա հարկավոր, ոչ ադրբեջանցուն: Ոչ մեկին հարկավոր չի, որ երեխան ղրկեն էնտեղ, սպանեն, բերեն գցեն տուն…»:
Ծննդավայրի կարոտով ապրող Իշխանի վերջին 26 տարիների միակ երազանքը խաղաղությունն է:
Երազում եմ խաղաղություն լինի, պայմանագիր կնքեն, որպեսզի ես հնարավորություն ունենամ մինչև մեռնելս խատյաբի գնամ իմ տունը, իմ հողը տեսնեմ: Հիմի էդ տունը մնում ա, էս տան տեր թուրքն ա էնտեղ նստած,- ասում է նա, լռում, ընկնում մտքերի գիրկն ու հանկարծ վրա բերում,-կարող ա լինի, է: Եթե մենք էլ չտեսնենք, կարող ա մեր թոռները տեսնեն: Բայց ես տեսնեի, իմ համար ավելի լավ կլիներ: Կարող ա մի երկու տարի էվել ապրեի, է… Կգնայի, մեր ջուրը, մեր հողը կտեսնեի, մեր ջրից մի քիչ կխմեի…Էնտեղ ուրիշ էր, է…»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել