HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Թեքահարթակներ Երեւանի փողոցներում

«Ես դժվար եմ անցնում փողոցի բարձր բորդյուրների վրայով: Ամեն անգամ մենակ քայլելիս փորձում եմ գտնել հարմար տեղ, որպեսզի հաղթահարեմ դժվարությունը: Հատկապես նեղվում եմ աստիճաններից, որոնց կողքին չկան թեքահարթակներ»,- ասում է «Փյունիկ» հաշմանդամների միության անդամ Արուսյակը:

«Լինսի» շինարարություն իրականացնող գործակալության տվյալների համաձայն` Երեւանի կենտրոնական` Աբովյան, Մաշտոցի, Բաղրամյան, Վ. Սարգսյան, Նալբանդյան, Խանջյան եւ Կորյունի փողոցներում հաշմանդամների սայլակների համար կառուցվել է 237 թեքահարթակ: Սակայն դրանք, ինչպես նշում են հաշմանդամները, անհարմար են, քանի որ անմիջապես չեն միանում գետնին. գետնի եւ թեքհարթակի միջեւ մնում է մոտ 5սմ բարձրություն: «Սայլակով տեղաշարժվողը մոտենալով մայթին, չպետք է սպասի մինչեւ որեւէ մեկը օգնի նրան բարձրացնել սայլակ»,- ասում է Սոցիալական ապահովության նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետ æեմմա Բաղդասարյանը:

«Իհարկե, այս փոփոխությունները միանգամից դժվար է իրականացնել, որովհետեւ դրանք ենթադրում են մեծ ծախսեր: Պետք է հատուկ մոտեցում ցուցաբերվի նաեւ հասարակական օբյեկտներին, բնակելի շենքերին` մարդիկ փողոց հասնելուց առաջ, պետք է կարողանան նախ իջնել իրենց բնակարաններից»,- ասում է «Աստղիկ» հասարակական կազմակերպության նախագահ Լեւոն Ներսիսյանը:

Երեւանի երկրորդական փողոցներում թեքահարթակներ չեն նախատեսված: Սայլակով տեղաշարժվող մարդը չի կարող մտնել խանութ կամ գնալ թատրոն: Ըստ էության չկա օրենք, որը պարտավորեցնի խանութների սեփականատերերին մուտքի մոտ` աստիճանների կողքին, կառուցել նաեւ թեք հարթություն: Նախատեսվում է փոփոխություններ մտցնել Քաղաքաշինության մասին օրենքում` հաշմանդամների տեղաշարժման խնդիրը կարգավորելու համար: Օրենքի նախագծով նոր կառուցվող շենքերում եւ այլ կառույցներում մուտքերի մոտ նախատեսվում է կառուցել թեքահարթակներ:

«Առաջին հերթին հասարակությունը պետք է ըմբռնի խնդրի կարեւորությունը: Վերջիվերջո այստեղ շոշափվում են մարդու իրավունքները: Եթե ասում ենք հաշմանդամները ունեն նույն իրավունքները, ուրեմն պետք է օգտվեն բոլոր հնարավորություններից»,- ասում է Լեւոն Ներսիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter