HY RU EN

Գրիշա Բալասանյան

Կառավարությունն առաջարկում է ֆիզիկական անձանց չզրկել միակ բնակարանից և դարձնել անօթևան

ՀՀ կառավարությունն այսօր «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով, որով պարտապան ֆիզիկական անձանց վերջին կացարան ունենալու հնարավորությունից չզրկելու համար երաշխիքներ են ստեղծվում:

Գործող կարգավորման պայմաններում պարտապանի, որոշակի արժեքի սահմաններում, միակ բնակարանը չի ներառվում բռնագանձման ոչ ենթակա գույքի կազմում, ինչի արդյունքում պարտապան ֆիզիկական անձը իր ողջ գույքի վրա բռնագանձում տարածվելու դեպքում կարող է մնալ անօթևան:

Նախագծով առաջարկվում է լրացնել այն դրույթը, որ բռնագանձում չի կարող տարածվել քաղաքացի-պարտապանին պատկանող միակ այն բնակարանի (այդ թվում՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի և այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի վրա, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, և որի գնահատված արժեքի 75 տոկոսը հավասար կամ ցածր է ՀՀ կառավարության կողմից սահմանված միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից:

Եթե միակ բնակարանն իրացվի կառավարության որոշմամբ սահմանված գումարը գերազանցող գնով, ապա միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարը վերադարձվում է պարտապանին: Նախագիծն ընդունվելու դեպքում այս դրույթները չեն տարածվի այն դեպքերի վրա, երբ գույքը գրավադրված է պահանջատիրոջ պահանջի ապահովման համար, ինչպես նաև, երբ բավարարվում են ալիմենտային, կյանքին կամ առողջությանը կամ հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման պահանջները:

Կառավարությունն այս նախագծով ակնկալում է բացառել այն դեպքերը, երբ պարտապան ֆիզիկական անձն իր ողջ գույքի վրա բռնագանձում տարածվելու դեպքում զրկվում է նվազագույն պայմաններին համապատասխանող բնակարան ունենալու հնարավորությունից:

Իսկ «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ կբացառվեն այն դեպքերը, երբ անձի միակ բնակարանի հարկադիր աճուրդի (այդ թվում՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդի) արդյունքում  նրան հնարավոր չլինի տրամադրել ՀՀ կառավարության կողմից սահմանված բնակապահովման նվազագույն շեմի չափով գումարը:

Նշված երկու նախագծերի ընդունումից հետո կառավարություն կներկայացվի օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին վարչապետի որոշման նախագիծը, որով կնախատեսվի «Միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումար հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման ժամկետը: