Րաֆֆի Հովհաննիսյանը երեք պահանջ է ներկայացրել
Հնարավոր չէ ստրկացնել այն ազգին, որը բաղկացած է Աստծո կողմից տրված իրավունքների ճանաչումն ու գնահատումը սերտած քաջատեղյակ մարդկանցից: Բռնակալության սկիզբը տգիտության գոտում է:
Բենջամին Ֆրանկլին
Մեր ազգային-քաղաքական խավի գերակշիռ մեծամասնության լիակատար անպատասխանատվությունը ստիպեց ինձ գնալ քաղաքական բողոքի ծայրահեղ միջոցի' հացադուլի:
Հարկ չկա որեւէ մեկին բացատրել մեր ազգի այսօրվա վիճակի ամբողջ ողբերգությունը: Դա հիմնավորապես հայտնի է եւ բուն քաղաքական դասակարգին, եւ համայն ազգին: Ես' որպես քաղաքացի եւ հրապարակային գործիչ, այլեւս չեմ կարող ու չեմ հաշտվելու այսպիսի վիճակի հետ: Քաղաքական իմ գործընկերների հանդեպ հարգանքի կանխավարկածից ելնելով, ես իմ բողոքը սկսեցի միայն ու միայն ժողովրդի' արդեն հանրահայտ Պահանջի առաջադրմամբ' խնայելու համար նրանց ինքնասիրությունը եւ հույս տածելով, որ խիղճ կոչվածն անդառնալիորեն չի լքել այդ մարդկանց:
«Ազատության ծոմի» ողջ ժամանակաընթացքում ես, ի վերջո, համոզվեցի, որ մեր «ընտրանու» մի պատկառելի հատված ոչ խիղճ ունի, ոչ առողջ դատողություն: Այդ մարդիկ հանգիստ անցնում են կողքով եւ անտարբեր նայում բոլոր այն դժվարություններին, որոնցում ապրում է մեր ժողովուրդը: Նրանք անկեղծորեն համարում են, որ կարելի է տարիներով չարաշահել ժողովրդի վստահությունը, փորձարկել նրա համբերությունը, քամահրել իրավունքներն ու մարդկային արժանապատվությունը: Մի խոսքով' մշտապես պղտորել սեփական բարեկեցության ակունքը:
Իմ ահազանգը հնչեցնելու պահից ի վեր տասնյակ հազարավոր մարդիկ իրենց զորակցությունը հայտնեցին ինձ: Այսօր ես իրավունք ունեմ խոսելու նաեւ նրանցից շատերի անունից: Քաղաքական անդաստանի իմ հարգարժան գործընկերներ' կառավարող կոալիցիա, ՀՀ գործող նախագահ, իշխող եւ ընդդիմացող դասակարգեր, դուք ցանկանում էիք իմանալ իմ քաղաքական առաջնահերթ պահանջները' ահա դրանք.
Առաջին' ես պահանջում եմ գումարել Սահմանադիր ժողով' Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության հեղինակման եւ ընդունման համար: Երկրի Մայր օրենքը պետք է մշակվի եւ հաստատվի ժողովրդի կողմից, այլ ոչ թե իր որակներով հայտնի Ազգային ժողովում, ինչպես կարծում է հավերժ թագավորել պատրաստվող կուսակցապետական վերնախավը: Ժողովրդի այս պահանջի մերժումը նշանակում է անձնական իշխանությունը վեր դասել ազգային շահերից:
Երկրորդ' ես պահանջում եմ, որ Հայաստանը ճանաչի միջազգային քրեական դատարանի իրավասությունը: Ի՞նչը կարող է ձեզ եւ մեզ սթափեցնել, ո~վ հայ քաղաքական գործիչներ: Մի՞թե լոկ անձնական քրեական պատասխանատվությունը: Եթե մեր ազգային արդարադատությունն անզոր է երկրում ապահովել օրենքների պահպանումն ու մարդու իրավունքների հարգումը, ուրեմն Հայաստանի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա դիմելու միջազգային արդարադատությանը: Սույն առաջարկը մերժելու դեպքում ժողովրդի ճակատագրի համար պատասխանատվություն կրելու հավաստիացումներն ուղղակի դատարկ խոսքեր են:
Երրորդ' ես պահանջում եմ, որ Հայաստանի նախագահը ստորագրության հետկանչով չեղյալ հայտարարի հայ-թուրքական արձանագրությունները եւ պաշտոնապես ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը' սահմանադրորեն ամրակայված նրա սահմաններով: Կարիք չկա ինչ-որ մեկին ապացուցել, որ Հայաստանի կողմից Արցախի միջանկյալ կարգավիճակի «մադրիդյան» ճանաչումն Ադրբեջանի կազմում' մինչեւ նոր հանրաքվեի անցկացումը, հակասում է ԼՂՀ սահմանադրության տառին ու ոգուն: Ժողովրդի այս պահանջի մերժումը համազոր է արցախցիների կամքի անտեսման:
Իշխանությունը ժողովրդին վերադարձնելու ճանապարհին' ահա սրանք են քաղաքական իմ պահանջները: Ես կոչ եմ անում իմ համաքաղաքացիներին, քաղաքական բոլոր գործընկերներին' անվերապահորեն պաշտպանել դրանք:
Ես կոչ եմ անում նաեւ բոլոր նրանց, ովքեր ցայսօր իրենց զորակցությունն են հայտնել Հայաստանում օտար տերություններից կախյալ ավտորիտար, պլուտոկրատիկ եւ կոռուպցիոն իշխանակարգի դեմ իմ բողոքին' սատար կանգնել պարզ ու շիտակ այս պահանջներին:
Թանկագին հայրենակիցներ, մեր պետության ճակատագիրը կախված է յուրաքանչյուրիցս: Եկել է ժամը, երբ ազգը պետք է իր համար կարեւոր ընտրություն կատարի. ապրել առաջվա պես կամ վերափոխել իրեն վիճակված այսօրը:
Արդարությունը մեր զենքն է, հայաստանակենտրոն փոփոխությունների կամքը' հաջողության գրավականը:
Իսկ մնացյալի մասին' արդեն միասին եւ հավասարը հավասարի սկզբունքով, կխոսենք մեր հրավիրելիք բաց ժողովի ընթացքում, որը կկայանա ՀՀ կառավարության նիստերի դահլիճում, առաջիկա մայիսի 21-ի ուղիղ կեսօրին: Կհանդիպենք:
25 ապրիլի 2011թ.
Երեւան
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել