
«Այս վիճակից դուրս գալու միակ ձևն Արցախի սուբյեկտայնության բարձրացումն է»
Հարցազրույց ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հետ
-Սամվել Բաբայանի վերջին հարցազրույցներն ինչպիսի՞ արձագանք են գտել Արցախում:
-Արձագանքներին կարելի է հետևել հիմնականում սոցիալական ցանցերի գրառումներից: Հստակ է մի բան` Սամվել Բաբայանը պահանջված գործիչ է արցախյան հասարակության համար և ամենաշատ լսվող անունն էր ապրիլյան օրերին: Ընդհանուր անկարգապահության, որոշ համակարգերի կազմալուծման ֆոնին Ս. Բաբայանի մասին հիշողությունները նման վիճակի դեմն առնելու լուծում էին համարվում: Ս. Բաբայանի վերադարձի պահանջով իմ կողմից նախաձեռած ստորագրահավաքի ընթացքը նույնպես դրա մասին էր խոսում:
Բնականաբար, կան նաև դեմ կարծիքներ: Նրանց մի մասը ժամանակին Բաբայանին հակադրված ուժերի ներկայացուցիչների կարծիքներն են, ինչը տրամաբանական է և հասկանալի: Դեմ արտահայտվողների մի մասն էլ մտավախություն ունի, որ Ս. Բաբայանը կներքաշվի հայաստանյան քաղաքական գործընթացների մեջ` պաշտպանելով կոնկրետ քաղաքական ուժի` չնայած ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարը հստակ արտահայտվել է որևէ կուսակցության մաս չկազմելու և կուսակցական նպատակների բացակայության մասին:
Ես կարծում եմ, որ առաջիկայում արցախյան հասարակությունը դեռ կվերլուծի հատկապես Ս. Բաբայանի տեսահարցազրույցում արտահայտած գաղափարները, տեսակետները, առաջարկած լուծումները և կփորձի գործնականորեն արձագանքել դրանց:
-Արդյո՞ք Արցախում գիտակցում են այն մարտահրավերները, որոնց մասին խոսեց Ս. Բաբայանը:
-Ես ավելի քան մեկուկես տարի ինտենսիվ կապի մեջ եմ Բաբայանի հետ և իր նկատառումների, բանակում բարեփոխումների, սպառազինության մասին իր դիտարկումներին ծանոթ եմ: Ավելին, մենք փորձում էինք 2015 թ. ԱԺ ընտրությունների ժամանակ խոսել դրանց մասին, սակայն մեծ ուշադրության չարժանացանք: Կարծես տարիներ շարունակ ընթացել էր հասարակության զգոնությունը բթացնող քաղաքականություն, երբ մենք հարկ եղած ձևով չէինք արձագանքում սպառազինության ադրբեջանական գնումներին, Բաքվի կողմից ռազմական արդյունաբերության ստեղծմանը և տեխնոլոգիական զարգացմանը:
Ավելին` անվտանգության պատասխանատուները, ստեղծելով տարատեսակ ինստիտուտներ, կազմակերպություններ, խմբեր` հիմնականում զբաղված էին քվազի-ռազմահայրենասիրական քարոզչությամբ` ստեղծելով անվտանգության/պաշտպանված լինելու մթնոլորտ: Ավելին, տնտեսական վատ վիճակը նրանք հաճախ արդարացնում էին պաշտպանության համար կատարվող ծախսերով:
Ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ մեր պաշտպանությունը խոցելի է, որ շատ համակարգեր կազմալուծված են, բանակում ունենք խնդիրներ կարգապահության և կոռուպցիայի հետ կապված, չենք զբաղվել արդիականացման հարցերով: Սա իսկական ֆրուստրացիա առաջացրեց հասարակության մեջ, ինչը կարող է բերել կամ արտագաղթի կամ իրավիճակը կտրականապես փոխելու ցանկությունների:
-Իսկ ինչպե՞ս կարելի է փոխել իրավիճակը:
-Իրավիճակը կարելի է փոխել միայն Արցախի սուբյեկտայնության բարձրացմամբ: Ապրիլյան օրերին զգալի փոփոխություններ եղան նաև քաղաքական էլիտայի, որոշում ընդունողների պատկերացումներով: Նախ՝ ավելի հստակ երևաց, որ որոշումներ ընդունվում են Արցախից դուրս` Երևանում, ինչն էլ այդ օրերին զգալի խնդիրներ առաջացրեց: Միևնույն ժամանակ Սերժ Սարգսյանի այցն Արցախ ցույց տվեց, որ շատ սահուն կերպով անհաջողությունները կարող են վերագրվել Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարությանը` առանց պատասխանատվության մասնիկ ստանձնելու: Այդ այցը նաև ցույց տվեց, որ պաշտոնական Երևանը ոչինչ չի ուզում փոխել իր վարքականոնում, ապրելու են այնպես, ինչպես ապրիլի 1-ից առաջ:
Սա ամենավտանգավոր ուղերձն էր, որ այս օրերին ստացել է քաղաքական էլիտան: Այս վիճակից դուրս գալու միակ ձևը ես տեսնում եմ Արցախի սուբեյկտայնության բարձրացման մեջ: Այս պարագայում Սամվել Բաբայանին ես ու մեր կողմնակիցները դիտարկում ենք ոչ թե որպես միայն պատերազմի ժամանակ հաղթած բանակի հրամանատարի, այլ Արցախի սուբեյկտայնությունը բարձրացնելու ունակ գործչի: Վստահ եմ, որ նրա ներկայությունն Արցախում մեծապես կօգնի քաղաքական էլիտային այս հարցի լուծման գործում:
Հարցազրույցը՝ Լ. Հակոբյանի
Մեկնաբանել